ՀՀ ԿԲ տարեկան հաշվետվություն (2016 թվական)

Ուղերձ

Հարգելի՛ ընթերցող

Ձեզ ենք ներկայացնում Կենտրոնական բանկի 2016 թ. տարեկան հաշվետվությունը, որտեղ համառոտ ամփոփված են ԿԲ խնդիրների ուղղությամբ կատարված աշխատանքները և արդյունքները: Հաշվետու տարում Հայաստանում ապահովվել է գների և ֆինանսական կայունությունը: Կենտրոնական բանկի հանդեպ վստահության շնորհիվ հասարակության գնաճային սպասումներն էապես նվազել են: Վերջինս արտահայտվել է ֆինանսական շուկայում երկարաժամկետ տոկոսադրույքների նվազմամբ՝ հիմքեր ստեղծելով ներքին պահանջարկի վերականգնման և ապագա տնտեսական աճի համար:

Ցածր գնաճային միջավայրում Կենտրոնական բանկը տարվա ընթացքում աստիճանական նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը ընդհանուր առմամբ 2.5 տոկոսային կետով, որն իր համապատասխան ազդեցությունն է փոխանցել թե՛ պետական պարտատոմսերի շուկա՝ դրանց եկամտաբերության նվազման և թե՛ ֆինանսական համակարգի կողմից տնտեսության ֆինանսավորման ոլորտ՝ վարկերի տոկոսադրույքների նվազման ուղղությամբ:

Գների կայունությունը նպաստել է մեր հասարակության և բիզնեսի շատ կարևոր առաջնահերթ մի քանի խնդիրների լուծմանը, ինչպիսիք են աշխատավարձերի և այլ եկամուտների գնողունակության պահպանման միջոցով սպառողների կենսամակարդակի պահպանումը, ձեռնարկությունների մրցունակության վերականգնումը և արտահանելի հատվածի դրական զարգացումների ապահովումը:

Հաշվետու տարին նշանակալի էր նաև Կենտրոնական բանկի մյուս կարևոր խնդրի` ֆինանսական կայունության ամրապնդման տեսանկյունից: Բանկերը կարողացան սահուն կերպով բավարարել կապիտալի նոր սահմանաչափի պահանջը, ինչը նպատակաուղղված է երկարաժամկետ հատվածում բանկային համակարգի ֆինանսական կայունության ամրապնդմանը, բանկերի մրցունակության և տնտեսությունում բանկային ոլորտի դերի բարձրացմանը:

Բանկային համակարգում համախմբման գործընթացներով պայմանավորված՝ տեղի ունեցավ բանկերի միավորման 4 գործարք, որի արդյունքում ընդլայնվել են բանկերի կողմից մեծածավալ բիզնես նախագծերի ֆինանսավորման հնարավորությունները, ստեղծվել են ֆինանսական ծառայությունների հասանելիության և մատչելիության բարելավման նոր հիմքեր, ավելացել սեփական միջոցների հաշվին ֆինանսական ռիսկերը կլանելու բանկերի ունակությունը:

Ֆինանսական համակարգն ունի ավելի քան բավարար իրացվելի միջոցներ և անհրաժեշտ կապիտալ, որպեսզի ֆինանսավորի տնտեսության ամենատարբեր հեռանկարային նախագծեր՝ միաժամանակ չվտանգելով ֆինանսական կայունությունը: Կենտրոնական բանկն իր քաղաքականությամբ նպաստում է երկարաժամկետ դրամային ռեսուրսների ձևավորմանը: Հիփոթեքային, վերականգնվող էներգիայի և տնտեսության կարևոր ճյուղերի փոքր և միջին ձեռնարկություններին նպատակաուղղված մատչելի վարկավորման ծրագրերի հաջող ընթացքը հիմքեր ստեղծեց դրանց շարունակականության և նոր ծրագրեր սկսելու համար: 2016 թվականին Կենտրոնական բանկը կնքեց երեք նոր պայմանագիր Եվրոպական ներդրումային բանկի և KfW բանկի հետ, որոնցից երկուսը՝ փոքր և միջին ձեռնարկությունների, իսկ մեկը` բնակարանային ֆինանսավորման զարգացման նպատակով:

2016 թվականին շարունակվել են գյուղացիական տնտեսություններին սուբսիդավորվող վարկային ծրագրերը: Ակտիվորեն իրականացվել են նաև սոցիալական տարբեր խմբերին պետական սուբսիդավորմամբ վարկերի տրամադրման ծրագրերը. մասնավորապես՝ «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» , «Ուսանողներին տրամադրվող ուսումնական վարկեր» , «Զինվորական և ոստիկանության ծառայողներին կենցաղային տեխնիկա ձեռք բերելու համար տրամադրվող սպառողական վարկեր» : 

Ֆինանսական համակարգի բոլոր մասնակիցներն ապահովել են հիմնական ֆինանսական ցուցանիշների աճ:

Ապահովագրական ընկերությունները ցուցաբերել են բավարար ակտիվություն և ապահովել են ակտիվների 13.5% աճ: 2016 թվականին ԱՊՊԱ ոլորտում կատարվել են մի շարք փոփոխություններ, որոնցից հատկանշական են պատահարների ինքնուրույն կարգավորման համակարգի ներդրումը և ԱՊՊԱ «Բոնուս-մալուս» համակարգում փոփոխությունները: Կենսաթոշակային ֆոնդերը տարվա ընթացքում կրկնապատկվել են, ինչն արդեն իսկ կայացած համակարգի նկատմամբ վստահության աճի և միջոցների արդյունավետ կառավարման արդյունք է: Հաշվետու տարում իրականացված օրենսդրական փոփոխությունները նաև հաջորդ տարիներին կնպաստեն կապիտալի շուկայում միջազգային համագործակցության ընդլայնմանը և ածանցյալ ֆինանսական գործիքների զարգացմանն ու խթանմանը:

2016 թվականին Կենտրոնական բանկը շարունակել է ֆինանսական համակարգում սպառողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության, ինչպես նաև իր մեկ այլ առաջնահերթության՝ ֆինանսական կրթման ազգային ռազմավարության շրջանակում կատարվող աշխատանքները: Առանձնակի կցանկանայի նշել, որ ձեռք բերված արդյունքներն արձանագրվել են նաև Կենտրոնական բանկի անձնակազմի՝ կորպորատիվ կառավարման և մասնագիտական բարձր չափանիշներին համապատասխանող միասնական ու արդյունավետ աշխատանքի շնորհիվ:

Կենտրոնական բանկի նախագահ    Արթուր Ջավադյան