ՀՀ ԿԲ տարեկան հաշվետվություն (2015 թվական)

Ուղերձ

Հարգելի՛ ընթերցող

2015 թվականին Կենտրոնական բանկը իր առջև դրված խնդիրներն իրականացրել է համաշխարհային տնտեսությունից եկող բազմաբնույթ մարտահրավերների պայմաններում: Կենտրոնական բանկին հաջողվել է նվազեցնել գնաճային սպասումները, ինչին նպաստել են նաև արտաքին աշխարհից գնաճային ճնշումների բացակայությունը և բարենպաստ բնակլիմայական պայմաններում գյուղատնտեսական ապրանքների գների անկումը: 12-ամսյա գնաճը ցուցաբերել է սպասվածից ավելի նվազողական վարքագիծ, ինչի հետևանքով տարին ավարտվել է 0.1% գնանկման ցուցանիշով:

Տարվա ընթացքում 1.75 տոկոսային կետով նվազեցվել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, և տարեվերջին 1 տոկոսով դրամավարկային պայմանների թուլացմամբ վերադարձ է կատարվել 2014 թվականի մինչև նոյեմբերի դրությամբ առկա բնականոն վիճակին: 

2015 թվականի արտաքին ցնցումները մարտահրավեր էին նաև ֆինանսական համակարգի համար: Տարվա ընթացքում թեև արձանագրվել է վարկային պորտֆելի որոշակի վատացում, այդուհանդերձ ֆինանսական կայունությունը վտանգող զարգացումներ չեն դիտվել: Միևնույն ժամանակ, արձանագրվել է ֆինանսական կայունությունը բնութագրող ցուցանիշների, մասնավորապես՝ բանկերի կապիտալի համարժեքության և իրացվելիության աճ: 2015 թվականին Հայաստանում առաջին անգամ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության՝ կապիտալի զարգացման ծրագրի շրջանակներում իրականացվել է ակտիվներով ապահովված պարտատոմսերի թողարկում: 

Տարվա ընթացքում Կենտրոնական բանկը շարունակել է գործընկեր ֆինանսական կառույցների հետ բազմակողմանի համագործակցության խորացումը: Տնտեսության մի շարք թիրախային ոլորտների վարկավորման ծրագրերի շրջանակներում շարունակվել է ակտիվ համագործակցությունը Համաշխարհային բանկի, գերմանական KfW բանկի, Եվրոպական ներդրումային բանկի, Ասիական զարգացման բանկի և այլ միջազգային կառույցների հետ: 2015 թվականին մեկնարկել է Եվրոպական ներդրումային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող գյուղատնտեսության, գյուղատնտեսության վերամշակման և զբոսաշրջության ոլորտներում ՓՄՁ վարկավորման ծրագիրը: Կարևոր է նաև Կենտրոնական բանկի և Չինաստանի ժողովրդական բանկի միջև «Հայկական դրամ/չինական յուան երկկողմանի սվոփ կարգավորումների մասին» համաձայնագրի ստորագրումը:

2015 թվականին Կենտրոնական բանկը, ներգրավված լինելով հանրության ֆինանսական կրթման մակարդակի բարձրացման ծրագրերում, ակտիվորեն շարունակել է իրականացնել ֆինանսական հանրային իրազեկմանն ուղղված միջոցառումներ՝ ուշադրության կենտրոնում պահելով մարզային բնակչությանը:

Հաշվետու տարում Կենտրոնական բանկն իր գործունեությունն իրականացրել է որդեգրած արժեքներին ու ռազմավարությանը համապատասխան, և բոլոր ձեռքբերումները Կենտրոնական բանկի անձնակազմի միասնական՝ թիմային աշխատանքի արդյունք են: Կենտրոնական բանկի 2015 թվականի գործունեության ամբողջական պատկերն ամփոփված է տարեկան հաշվետվությունում, որն էլ ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը:

Կենտրոնական բանկի նախագահ    Արթուր Ջավադյան