ՀՀ ԿԲ տարեկան հաշվետվություն (2011 թվական)

Ուղերձ

Հարգելի՛ ընթերցող

Ձեզ ենք ներկայացնում 2011 թվականի տարեկան հաշվետվությունը, որտեղ ամփոփված են տարվա ընթացքում իրականացված բարեփոխումներն ու ձեռքբերումները, ինչպես նաև 2012 թվականի համար նախանշված հիմնական անելիքները:

2011 թվական մուտք գործեցինք բարձր գնաճային միջավայրի պայմաններում, ինչը մի կողմից պայմանավորված էր 2010 թվականի հումքային և պարենային ապրանքների միջազգային գների կտրուկ աճով, իսկ մյուս կողմից՝ Հայաստանում գյուղատնտեսության ճյուղի անկմամբ, սակայն, ընդհանուր առմամբ տարին հաջող էր ինչպես գների կայունության, այնպես էլ ֆինանսական համակարգի կայունության և զարգացման տեսանկյունից:

Տարվա սկզբից Կենտրոնական բանկի կողմից դրամավարկային պայմանների խստացումը և Կառավարության կողմից բյուջեի պակասուրդի հետևողական կրճատումը, ինչպես նաև գյուղատնտեսության ճյուղի առաջարկի ավելացումը և մրցակցային միջավայրի բարելավմանն ուղղված քաղաքականությունը բարենպաստ պայմաններ ստեղծեցին գնաճային միջավայրի մեղմման համար: Արդյունքում, ինչպես և ակնկալվում էր, 12-ամսյա գնաճը հաջողվեց նվազեցնել երկրորդ կիսամյակից: Ավելին, երրորդ եռամսյակում մեր կանխատեսումները բավականին լավատեսական էին, ինչը հնարավորություն տվեց նույնիսկ փոքր-ինչ թուլացնելու դրամավարկային պայմանները: Գնաճը վերադարձավ տատանումների թույլատրելի միջակայք` տարեվերջին կազմելով 4.7%:

Տարին Հայաստանի ֆինանսական համակարգի մասնակիցները ամփոփեցին դրական ֆինանսական արդյունքներով: Մասնավորապես, ֆինանսական համակարգի խոշորագույն մասնակից բանկային համակարգը աշխատեց շահույթով (շահութաբերությունն ըստ կապիտալի կազմեց 9.8%, իսկ ըստ ակտիվների՝ 1.8%), ապահովեց ակտիվների 32% և վարկային ներդրումների 36% աճ: Կարևորագույն ձեռքբերումներից է տնտեսությունում ֆինանսական միջնորդության մակարդակի ընդլայնման շարունակականության պահպանումը: Բանկային համակարգի ակտիվների ծավալն արդեն իսկ հատել է 2 տրլն դրամի սահմանագիծը, որը կազմում է տարվա համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) մոտ 54%-ը: Նախորդ տարի այս ցուցանիշը կազմում էր 45%, իսկ 2008թ՝. 28%: Սա փաստում է տնտեսության իրական և ֆինանսական հատվածների ինտեգրման ընդլայնման մասին:

2011 թ. ներդրվեց Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության (ԱՊՊԱ) համակարգը: Այս գործընթացը մեծ պատասխանատվություն և ռիսկեր պարունակող գործընթաց էր, ինչն, այնուամենայնիվ, իրականացվել է սահուն և լուծում է իր առաքելությամբ ստանձնած սոցիալական խնդիրները: Տարվա ընթացքում իրականացվել են ԱՊՊԱ համակարգի գործունեությանն անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծման և կատարելագործման աշխատանքներ:

Հիփոթեքային շուկայի խթանմանն ուղղված շարունակական աշխատանքների շրջանակներում 2011 թվականին առաջին անգամ Հայաստանում տեղի ունեցավ հիփոթեքային կորպորատիվ պարտատոմսերի թողարկում «Ազգային հիփոթեքային ընկերության» կողմից Նասդաք-Օ-Էմ-Էքս բորսայի առաջնային տեղաբաշխման հարթակի միջոցով: Կարևորագույն սոցիալական նշանակություն ունեցող կենսաթոշակային բարեփոխումների շրջանակներում Հայաստանում 2011 թվականից ներդրվեց կամավոր, իսկ 2014 թվականից կներդրվի պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչը: Սոցիալական նշանակության ծրագրերի շրջանակներում իրականացվեց նաև գյուղատնտեսության ոլորտի վարկավորման ծրագիրը:

2011 թվականին իր գործունեությունը սկսեց «Համահայկական բանկը», որը կխթանի Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող գերակա ոլորտներում ֆինանսական ներդրումները: Թվարկված փորձություններն ու ձեռքբերումները միայն մեծացնում են մեր պատասխանատվությունը, քանի որ և՛ գլոբալ, և՛ ներքին տնտեսության առաջիկա զարգացումները հղի են ինչպես մարտահրավերներով, այնպես և լայն հնարավորություններով: Իր առջև դրված խնդիրների լուծման ու բարեփոխումների իրականացման ճանապարհին Կենտրոնական բանկի թիմը միշտ համախմբված է և վճռական:

Կենտրոնական բանկի նախագահ    Արթուր Ջավադյան