ՀՀ ԿԲ տարեկան հաշվետվություն (2006 թվական)
Ներածություն
2006 թվականի հունվարին ՀՀ կենտրոնական բանկը հանդես եկավ հայտարարությամբ, ըստ որի՝ գործելով «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի սահմաններում, 2006 թվականի հունվարի 1-ից ՀՀ կենտրոնական բանկը ընդունել է գնաճի կառավարման նոր մոտեցում՝ անցում կատարելով գնաճի նպատակադրման ռազմավարությանը: Մինչ այդ կիրառվող փողի ագրեգատների նպատակադրման ռազմավարությունը ՀՀ ԿԲ-ն ընդունել էր 1994 թվականին, երբ, 1993 թվականի վերջին ազգային արժույթը ներդնելուց հետո, սկսել էր իրականացնել ինքնուրույն դրամավարկային քաղաքականություն: Սա ենթադրում էր վերջնական նպատակի սահմանում, այնուհետև, վերջնական նպատակին հասնելու համար, միջանկյալ նպատակի կամ որ նույնն՝ անվանական խարսխի սահմանում: Վերջնական նպատակը գնաճն էր, միջանկյալը՝ տնտեսությունում փողի առաջարկը կամ զանգվածը, որը ԿԲ-ն կառավարել է գործառնական նպատակի՝ փողի բազայի միջոցով: Այսինքն՝ գործել է փողի բազա - փողի զանգված - գնաճ շղթան: Չնայած ԿԲ-ն վերջին տարիներին հասել է գնաճի նպատակային ցուցանիշին, փողի ագրեգատների նպատակադրման ռազմավարություն իրականացնելիս առկա են եղել հիմնախնդիրներ: Մասնավորապես, վերջին տարիներին անկայուն էր դարձել փողի զանգված - գնաճ կապը` պայմանավորված տնտեսությունում փողի պահանջարկի տատանողական վարքագծով, բարձր դոլարայնացման պայմաններում փողի զանգվածում կառուցվածքային փոփոխություններով, ինչպես նաև գնաճի վրա ոչ մոնետար գործոնների զգալի ազդեցությամբ (արտաքին ցնցումներ և այլն):
Եվ քանի որ ԿԲ գլխավոր նպատակը գների կայունության ապահովումն է, որն օրենսդիրը «ՀՀ պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով ամրագրում է որպես գնաճի որոշակի մակարդակ, ապա վերոնշյալ կապի թուլացման պայմաններում ԿԲ-ն, նախապատվությունը տալով գնաճի նպատակային ցուցանիշին, դրամավարկային քաղաքականության իրականացման ժամանակ պարբերաբար վերանայել է փողի զանգվածի իր ծրագրած ցուցանիշը: Փաստորեն, փողի ագրեգատների անվանական խարիսխն արդյունավետ չէր ծառայում իր նպատակին, քանի որ սահմանափակված լինելով օրենսդրի՝ գնաճի որոշակի մակարդակի ապահովման պահանջով, ԿԲ-ն բազմիցս հարկադրված էր դիմելու հայեցողականության: 2006 թվականից անցնելով գնաճի նպատակադրման ռազմավարության, որի վերջնական նպատակը գնաճի նպատակային մակարդակն է, իսկ որպես անվանական խարիսխ է սահմանվում գնաճի կանխատեսված մակարդակը, ԿԲ-ն այլևս չի ուղղորդվում փողի ագրեգատների ցուցանիշով: Որպես գործառնական նպատակ՝ ընդունվում է կարճաժամկետ տոկոսադրույքը, սակայն, ֆինանսական կայունության ապահովման նկատառումներից ելնելով, ԿԲ-ն կիրառելու է նաև ծավալային կարգավորման մոտեցումներ:
Գնաճի մոդելի միջոցով կանխատեսելով ապագա ժամանակահատվածի գնաճը, ԿԲ-ն գնահատում է նպատակային ցուցանիշից դրա շեղումը և քաղաքականությունը ուղղորդում նպատակային և կանխատեսված ցուցանիշների միջև շեղման վերացմանը: Գործում է տոկոսադրույք - գնաճի կանխատեսված մակարդակ - գնաճ շղթան: Նախկին ռազմավարության նկատմամբ գնաճի ուղղակի նպատակադրման հիմնական առավելությունն այն է, որ եթե առաջինի պարագայում գնաճը պայմանավորող գործոն էր համարվում միայն փողի զանգվածը, ապա երկրորդի դեպքում դիտարկվում է հավանական տարբեր ազդեցություններ ունեցող գործոնների լայն դաշտ՝ ներառյալ հասարակության սպասումները ապագայի վերաբերյալ:
Գնաճի նպատակադրման ռազմավարություն իրականացնելիս առավել կարևորվում է ԿԲ գործունեության հաշվետվելիությունն ու թափանցիկությունը: Այդ նպատակով ԿԲ-ն պարբերաբար կհրապարակի գնաճի կանխատեսված ցուցանիշը՝ Գնաճի հաշվետվությունների միջոցով, որոնք 2006 թվականից թողարկվում են եռամսյակային պարբերականությամբ («ՀՀ կենտրոնական բանկի բանբեր»)՝ ներկայացնելով քաղաքականության իրականացման ընթացքը: Այդպիսով, հասարակությունը կարող է հետևել ԿԲ գործունեությանը, իրականացված քաղաքականության և հատկապես արձանագրված շեղումների վերաբերյալ ստանալ բացատրություններ: Այս գործընթացը նպատակաուղղված է Կենտրոնական բանկի, ազգային դրամի նկատմամբ հասարակության վստահության և դրամային խնայողությունների աճին, դրամավարկային քաղաքականության արդյունավետության բարձրացմանը:
Գնաճի կառավարման նոր ռազմավարության պայմաններում իրականացված դրամավարկային քաղաքականության արդյունքում 2006 թվականին տարեկան գնաճը կազմել է 5.2%: Գնաճը հիմնականում ձևավորվել է պարենային ապրանքների գների 6.6% և ծառայությունների սակագների 5.3% աճի հետևանքով, որոնք գնաճին համապատասխանաբար նպաստել են 3.6 և 1.6 տոկոսային կետով: Պարենային ապրանքների գների աճը հիմնականում պայմանավորվել է «Բանջարեղեն», «Միրգ» և «Շաքարավազ» ապրանքախմբերի փոփոխություններով (նպաստումը համապատասխանաբար՝ 3.3, 1.4 և 0.5 տոկոսային կետ), իսկ ծառայությունների սակագների աճը՝ «Բուժսպասարկման ծառայությունների» և «Բնակկոմունալ ծառայությունների» ցուցանիշների աճով (նպաստումը համապատասխանաբար՝ 0.9 և 0.3 տոկոսային կետ): Ինչպես նախորդ տարիներին, 2006 թվականին ևս արձանագրվել է տնտեսական բարձր աճ. տարվա արդյունքում՝ 13.4%: Դա այս տարի ևս ապահովվել է հիմնականում շինարարության և ծառայությունների ավելացված արժեքների իրական աճի բարձր մակարդակների հաշվին: Այդ ոլորտների տարեկան աճը համապատասխանաբար կազմել է 37.2% և 14%: Նշված զարգացումները, մասնավորապես զբոսաշրջության աճի տեմպի արագացումը, տնտեսությունում արտարժույթի ներհոսքի խթանման հետ մեկտեղ, նպաստել են նաև բնակչության եկամուտների աճին, որը մասնավոր սպառման աճի միջոցով որոշակի գնաճային ճնշումներ է ձևավորել սպառողական շուկայում: