Բանկերի կապիտալի հակացիկլիկ շեմի չափը հաստատելու մասին (2023 թվականի առաջին եռամսյակ)

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 49-Ն
 18.04.2023

Բանկերի կապիտալի հակացիկլիկ շեմի չափը հաստատելու մասին (2023 թվականի առաջին եռամսյակ)

 

Հրապարակման ամսաթիվ՝ 09.06.2023

 

Նպատակ ունենալով ապահովել ֆինանսական համակարգի կայունությունը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով և 20-րդ հոդվածի «ե» կետով, «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի 54.1-րդ հոդվածի 1-ին մասով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2019 թվականի փետրվարի 4-ի թիվ 16-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի կապիտալի համարժեքության նորմատիվի սահմանաչափից բարձր շեմերի սահմանման և հաշվարկման կարգով»` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Որոշում է.

1. Բանկերի կապիտալի հակացիկլիկ շեմը թողնել անփոփոխ՝ սահմանելով ռիսկով կշռված ակտիվների 1% չափով` 2023 թվականի մայիսի 1-ից և 1.5%-ի չափով` 2023 թվականի օգոստոսի 1-ից:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը։

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                                                Մ. Գալստյան
Երևան

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Կապիտալի հակացիկլիկ շեմի (2023թ. առաջին եռամսյակ)

 2023 թվականի ապրիլի 18-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց կապիտալի հակացիկլիկ շեմը թողնել անփոփոխ՝ 1.5% մակարդակում[1]։

Հակացիկլիկ շեմի սահմանված դրույքաչափը ուժի մեջ է 2023 թվականի օգոստոսի 1-ից[2]։

Կապիտալի հակացիկլիկ շեմի (այսուհետ նաև կապիտալի հակացիկլիկ բուֆեր (ԿՀԲ)) վերաբերյալ որոշումը կայացնելիս Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն առաջնորդվել է մակրո-ֆինանսական և վարկավորման շուկայի զարգացումների համապարփակ վերլուծությամբ: Մասնավորապես՝

  1. Ֆինանսական ցիկլի ինդեքսը նախորդ եռամսյակի համեմատ գրեթե չի փոփոխվել։ Ֆինանսական ցիկլի վերջին տարիների աճերը հիմնականում պայմանավորվել են հիպոտեկային և անշարժ գույքի շուկայի զարգացումներով։ 2023թ․ 1-ին եռամսյակում նախորդ եռամսյակի համեմատ վարկավորման բոլոր ուղղություններով արձանագրվել է չափավոր ակտիվություն։ Բացառություն է հանդիսանում հիպոտեկային վարկերի ոլորտը, որտեղ պահպանվել են աճի բարձր տեմպերը և ռիսկերի կուտակման միտումները։ Ոլորտային վարկավորման մյուս ուղղություններով ֆինանսական համակարգում ցիկլային համակարգային ռիսկերը ընդհանուր առմամբ շարունակում են գտնվել հավասարակշռված մակարդակում (ո՛չ թերագնահատված են, և ո՛չ էլ գերագնահատված)։ 2023թ. առաջին եռամսյակի համար գնահատված վարկեր/ՀՆԱ ցուցանիշը[3] ևս զգալի փոփոխություններ չի կրել և կազմել է շուրջ 64%։ Վերջինս շարունակում է պահպանվել իր երկարաժամկետ տրենդից (վարկեր/ՀՆԱ ճեղքվածք) ցածր մակարդակում (մոտ -9 տոկոսային կետ)։ Նշված զարգացումները հիմնականում պայմանավորված են վարկերի աճի համեմատ ՀՆԱ առաջանցիկ աճով։
  2. Հիպոտեկային վարկավորման պաշարային ցուցանիշի աճը պահպանվել է բարձր մակարդակում, ինչը ուղեկցվել է անշարժ գույքի շուկայում գների բարձր աճով։ Համաձայն ՀՀ ԿԲ հաշվարկների՝ անշարժ գույքի գների շեղումը հիմնարարներով պայմանավորված գնից նախորդ եռամսյակի համեմատ միջինում աճել է 5 տոկոսային կետով և անշարժ գույքի գների գերարժևորման չափը գնահատվում է շուրջ 25%: Հաշվի առնելով, որ անշարժ գույքի ձեռքբերման նպատակով պարտքային ֆինանսավորման ծավալների և անշարժ գույքի գների աճերը համարվում են բնույթով միմյանց փոխսնուցող՝ ԿԲ-ը գնահատում է, որ անշարժ գույքի շուկայում պահպանվում են գերտաքացման ռիսկեր։  
  3. Աշխարհաքաղաքական միջավայրի անորոշությունները և դրանցից ածանցվող ցիկլային համակարգային ռիսկի նյութականացման հավանականությունը շարունակում է պահպանվել բարձր մակարդակում։ Համաձայն ՀՀ ԿԲ գնահատականների, ցիկլային ռիսկերի նյութականացման արդյունքում առաջացող հավելյալ անսպասելի կորուստների մեծության գնահատականը նախորդ եռամսյակի համեմատությամբ զգալի փոփոխություններ չի կրել։

 Վերը նկարագրված փաստերի համապարփակ վերլուծության արդյունքում, Կենտրոնական բանկը նպատակահարմար է գտնում անփոփոխ թողնել ԿՀԲ դրույքաչափը՝ պահպանելով այն 1.5% մակարդակում: ԿՀԲ դրույքաչափի ապագա փոփոխությունները (ինչպես բարձրացման, այնպես էլ իջեցման ուղղությամբ) կածանցվեն մակրոֆինանսական պայմանների, անորոշությունների և համակարգային ռիսկերի զարգացման հետագա ընթացքից։

[1] Համաձայն «Բանկերի կապիտալի համարժեքության նորմատիվի սահմանաչափից բարձր շեմերի սահմանման և հաշվարկման» կարգի 12-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը յուրաքանչյուր եռամսյակ սահմանում է կապիտալի հակացիկլիկ շեմը (այսուհետ նաև կապիտալի հակացիկլիկ բուֆեր (ԿՀԲ)): Կենտրոնական բանկը ԿՀԲ-ն սահմանելիս առաջնորդվում է «Կապիտալի հակացիկլիկ շեմի սահմանման հիմքում ընկած ընդհանուր մեթոդաբանությունը» փաստաթղթի դրույթներով

[2]  2023թ․ մայիսի 1-ից մինչև 2023թ․ հուլիսի 31-ը բանկերը պետք է բավարարեն ԿՀԲ 1% դրույքաչափի պահանջը՝ համաձայն ՀՀ ԿԲ խորհրդի 179 Ն որոշման։ 2023թ․ օգոստոսի 1-ի դրությամբ բանկերը պետք է բավարարեն ԿՀԲ 1.5% դրույքաչափի պահանջը՝ համաձայն ՀՀ ԿԲ խորհրդի 6 Ն որոշման:

[3] Ֆինանսական հատվածի կողմից տնտեսությանը տրամադրված վարկային պորտֆելի (ներառյալ լիզինգը և ֆակտորինգը) կշիռն է ՀՆԱ-ում (%-ով)։ 2023թ․ առաջին եռամսյակի գնահատականը նախնական է և կարող է հետագայում փոփոխվել՝ կախված ՀՆԱ փաստացի տվյալների հիման վրա վերահաշվարկի արդյունքներից։