Բանկերի կապիտալի հակացիկլիկ շեմի չափը հաստատելու մասին (2022 թվականի չորրորդ եռամսյակ)
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 6-Ն
24.01.2023
Բանկերի կապիտալի հակացիկլիկ շեմի չափը հաստատելու մասին
(2022 թվականի չորրորդ եռամսյակ)
Հրապարակման ամսաթիվ՝ 31.01.2023
Նպատակ ունենալով ապահովել ֆինանսական համակարգի կայունությունը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով և 20-րդ հոդվածի «ե» կետով, «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի 54.1-րդ հոդվածի 1-ին մասով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2019 թվականի փետրվարի 4-ի թիվ 16-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի կապիտալի համարժեքության նորմատիվի սահմանաչափից բարձր շեմերի սահմանման և հաշվարկման կարգով»` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
- Բանկերի կապիտալի հակացիկլիկ շեմը սահմանել ռիսկով կշռված ակտիվների 1.5%-ի չափով: Սահմանված դրույքաչափը ուժի մեջ է (պարտադիր է կատարման) 2023 թվականի օգոստոսի 1-ից։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը։
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
Կապիտալի հակացիկլիկ շեմի (2022թ. չորրորդ եռամսյակ)
2023 թվականի հունվարի 24-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց կապիտալի հակացիկլիկ շեմը սահմանել ռիսկով կշռված ակտիվների 1.5%-ի չափով[1]։
Հակացիկլիկ շեմի սահմանված դրույքաչափը ուժի մեջ է 2023 թվականի օգոստոսի 1-ից։
Կապիտալի հակացիկլիկ շեմի (այսուհետ նաև կապիտալի հակացիկլիկ բուֆեր (ԿՀԲ)) վերաբերյալ որոշումը կայացնելիս Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն առաջնորդվել է մակրո-ֆինանսական և վարկավորման շուկայի զարգացումների համապարփակ վերլուծությամբ: Մասնավորապես՝
- Ֆինանսական ցիկլի ինդեքսը նախորդ եռամսյակի համեմատ շարունակել է աճել։ 2022թ․ 4-րդ եռամսյակում նախորդ եռամսյակի համեմատ վարկային շուկայում արձանագրվել է ակտիվության աճ, որը նկատելի է եղել վարկավորման բոլոր ուղղություններով։ Բացառությամբ հիպոտեկային վարկավորման (որտեղ առկա են գերտաքացման ռիսկեր), վարկավորման մյուս ոլորտներում ընթացիկ զարգացումները և ֆինանսական ցիկլի դիրքը վկայում են, որ ֆինանսական համակարգում ցիկլային համակարգային ռիսկերը ընդհանուր առմամբ հավասարակշռված են (ո՛չ թերագնահատված են, և ո՛չ էլ գերագնահատված)։
2022թ. չորրորդ եռամսյակի համար գնահատված վարկեր/ՀՆԱ ցուցանիշը[2] նվազել և կազմել է շուրջ 64%, և վերջինս շարունակում է պահպանվել իր երկարաժամկետ տրենդից (վարկեր/ՀՆԱ ճեղքվածք) ցածր մակարդակում (-9 տոկոսային կետ)։ Նշված զարգացումները հիմնականում պայմանավորված են վարկերի աճի համեմատ ՀՆԱ առաջանցիկ աճով։
- Հիպոտեկային վարկավորման ոլորտում պահպանվել է աճի բարձր տեմպը, որը միաժամանակ ուղեկցվել է նաև անշարժ գույքի գների աճով։ Հաշվի առնելով, որ անշարժ գույքի ձեռքբերման նպատակով պարտքային ֆինանսավորման ծավալների և անշարժ գույքի գների աճերը համարվում են բնույթով միմյանց փոխսնուցող՝ ԿԲ-ը գնահատում է, որ անշարժ գույքի շուկայում պահպանվում են գերտաքացման ռիսկեր։
- Համաձայն իրականացված մակրո սթրես թեստավորման գնահատականների, ֆինանսական ցիկլի ընթացիկ փուլում ենթադրյալ շոկի արդյունքում առաջացող անսպասելի կորուստների կլանման համար անհրաժեշտ հավելյալ կապիտալի մեծությունը գնահատվում է շուրջ 84 մլրդ․ ՀՀ դրամ կամ ռիսկով կշռված ակտիվների 1.43%-ը։
- Ներկայումս բանկային համակարգը բնութագրվում է շահութաբերության և կապիտալի համարժեքության բարձր մակարդակով։ Այս պարագայում ԿՀԲ կուտակման ծախքերը ցածր են, և բանկերի կապիտալիզացիայի ներկա մակարդակը բավարար է տնտեսության վարկավորման բնականոն տեմպերի պահպանման համար։
- Աշխարհաքաղաքական պահպանվող անորոշությունների պայմաններում համակարգային (ցիկլային) ռիսկերի նյութականացման հավանականությունը շարունակում է մնալ բարձր՝ ինչպես ազդեցության չափի, այնպես էլ արագության առումով։ Ընթացիկ պայմաններում ՀՀ կենտրոնական բանկը կարևորում է կապիտալի բուֆերների կուտակման միջոցով ՀՀ բանկային համակարգի կողմից ապագա հնարավոր շոկերին դիմակայելու (resilience), ինչպես նաև շոկային իրավիճակներում տնտեսության անխափան վարկավորման ունակության բարձրացումը։
Վերը նկարագրված փաստերի համապարփակ վերլուծության արդյունքում Կենտրոնական բանկը նպատակահարմար է գտնում բարձրացնել ԿՀԲ դրույքաչափը՝ սահմանելով այն 1.5% մակարդակում[3]: ԿՀԲ դրույքաչափի ապագա փոփոխությունները (ինչպես բարձրացման, այնպես էլ իջեցման ուղղությամբ) կածանցվեն մակրոֆինանսական պայմանների, անորոշությունների և համակարգային ռիսկերի զարգացման հետագա ընթացքից։
[1] Համաձայն «Բանկերի կապիտալի համարժեքության նորմատիվի սահմանաչափից բարձր շեմերի սահմանման և հաշվարկման» կարգի 12-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը յուրաքանչյուր եռամսյակ սահմանում է կապիտալի հակացիկլիկ շեմը (այսուհետ նաև կապիտալի հակացիկլիկ բուֆեր (ԿՀԲ)): Կենտրոնական բանկը ԿՀԲ-ն սահմանելիս առաջնորդվում է «Կապիտալի հակացիկլիկ շեմի սահմանման հիմքում ընկած ընդհանուր մեթոդաբանությունը» փաստաթղթի դրույթներով
[2] Ֆինանսական հատվածի կողմից տնտեսությանը տրամադրված վարկային պորտֆելի (ներառյալ լիզինգը և ֆակտորինգը) կշիռն է ՀՆԱ-ում (%-ով)։ 2022թ․ չորրորդ եռամսյակի գնահատականը նախնական է և կարող է հետագայում փոփոխվել՝ կախված ՀՆԱ փաստացի տվյալների հիման վրա վերահաշվարկի արդյունքներից
[3] Տվյալ դրույքաչափը ուժի մեջ է 2023թ․ օգոստոսի 1-ից։ 2023թ․ մայիսի 1-ի դրությամբ բանկերը պետք է բավարարեն ԿՀԲ 1% դրույքաչափի պահանջը՝ համաձայն ՀՀ ԿԲ խորհրդի 050.0179 Ն որոշման