Բանկերի կապիտալի հակացիկլիկ շեմի չափը հաստատելու մասին (2022 թվականի երրորդ եռամսյակ)
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 179-Ն
24.10.2022
Բանկերի կապիտալի հակացիկլիկ շեմի չափը հաստատելու մասին (2022 թվականի երրորդ եռամսյակ)
Հրապարակման ամսաթիվ՝ 25.10.2022
Նպատակ ունենալով ապահովել ֆինանսական համակարգի կայունությունը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով և 20-րդ հոդվածի «ե» կետով, «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի 54.1-րդ հոդվածի 1-ին մասով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2019 թվականի փետրվարի 4-ի թիվ 16-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի կապիտալի համարժեքության նորմատիվի սահմանաչափից բարձր շեմերի սահմանման և հաշվարկման կարգով»` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
- Բանկերի կապիտալի հակացիկլիկ շեմը սահմանել ռիսկով կշռված ակտիվների 1%-ի չափով: Սահմանված դրույքաչափը ուժի մեջ է (պարտադիր է կատարման) 2023 թվականի մայիսի 1-ից։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը։
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան
2022թ. հոկտեմբերի 24 Երևան
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
Կապիտալի հակացիկլիկ շեմի (2022թ. երրորդ եռամսյակ)
2022 թվականի հոկտեմբերի 24-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց կապիտալի հակացիկլիկ շեմը սահմանել ռիսկով կշռված ակտիվների 1%-ի չափով1։
Հակացիկլիկ շեմի սահմանված դրույքաչափը ուժի մեջ է 2023 թվականի մայիսի 1-ից։
Կապիտալի հակացիկլիկ շեմի (այսուհետ նաև կապիտալի հակացիկլիկ բուֆեր (ԿՀԲ)) վերաբերյալ որոշումը կայացնելիս Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն առաջնորդվել է մակրո-ֆինանսական և վարկավորման շուկայի զարգացումների համապարփակ վերլուծությամբ: Մասնավորապես՝
- Վարկավորման շուկայում շարունակվել են 2022թ․ տարեսկզբից առկա աճի միտումները2։ Թե՛ ֆիզիկական, և թե՛ իրավաբանական անձանց վարկերը աճել են նաև նախորդ եռամսյակի համեմատությամբ։ Այնուամենայնիվ, 2022թ. երրորդ եռամսյակի համար գնահատված վարկեր/ՀՆԱ ցուցանիշը նախորդ եռամսյակի համեմատ նվազել է և կազմել շուրջ 67%3: Այս ցուցանիշի նվազումը հիմնականում պայմանավորված է վարկերի համեմատ ՀՆԱ առաջանցիկ աճով։ Բազելյան կոմիտեի մեթոդաբանությամբ տվյալ ցուցանիշի համար հաշվարկված երկարաժամկետ տրենդից շեղումը (վարկեր/ՀՆԱ ճեղքվածք) ևս նվազել է և կազմել -6.7 տոկոսային կետ:
Ինչպես բազմիցս նշվել է նախորդ հիմնավորումներում, ԿՀԲ սահմանաչափի վերաբերյալ վերջնական որոշում կայացնելիս Կենտրոնական բանկը կարևորում է համակարգային ռիսկերի զարգացումների համընդհանուր վերլուծության արդյունքները և չի առաջնորդվում բացառապես Բազելյան կոմիտեի մեթոդաբանությամբ հաշվարկված վարկեր/ՀՆԱ ճեղքվածքի մեծությամբ:
- Ֆինանսական ցիկլի ինդեքսը շարունակել է աճել ինչպես տարեկան կտրվածքով, այնպես էլ նախորդ եռամսյակի համեմատությամբ։ Ֆինանսական ցիկլի աճին առավելապես նպաստել է հիպոտեկային վարկավորման բարձր աճի տեմպը, որը միաժամանակ ուղեկցվել է նաև անշարժ գույքի գների արագ աճով։ Հաշվի առնելով, որ անշարժ գույքի ձեռքբերման նպատակով պարտքային ֆինանսավորման ծավալների և անշարժ գույքի գների աճերը համարվում են բնույթով միմյանց փոխլրացնող և փոխսնուցող՝ ԿԲ-ը գնահատում է, որ անշարժ գույքի շուկայում պահպանվում են գերտաքացման ռիսկեր։
- Ներկայում բանկային համակարգը բնութագրվում է շահութաբերության և կապիտալի համարժեքության բարձր մակարդակով։ Արդյունքում, բանկային համակարգի կողմից ԿՀԲ դրույքաչափի առաջարկվող բարձրացման պահանջներին համապատասխանության ծախքերը նվազագույն են, և բանկերի կապիտալիզացիայի ներկա բարձր մակարդակը ավելի քան բավարար է տնտեսության վարկավորման բնականոն տեմպերի պահպանման համար։
- Ռուս-ուկրաինական շարունակվող հակամարտության և աճող աշխարհաքաղաքական անորոշությունների պայմաններում համակարգային (ցիկլային) ռիսկերի նյութականացման հավանականությունը շարունակում է մնալ բարձր՝ ինչպես ազդեցության չափի, այնպես էլ արագության առումով։ Ընթացիկ պայմաններում ՀՀ կենտրոնական բանկը կարևորում է կապիտալի բուֆերների կուտակման միջոցով ՀՀ բանկային համակարգի կողմից ապագա հնարավոր շոկերին դիմակայելու ունակության բարձրացումը (resilience)։ Ամրապնդելով կորուստների կլանման ունակությունը՝ կապիտալի բուֆերները ընդլայնում են նաև ցիկլային ռիսկերի նյութականացման պարագայում բանկային համակարգի կողմից տնտեսության անխափան վարկավորման հնարավորությունները։
Վերը նկարագրված փաստերի համապարփակ վերլուծության արդյունքում Կենտրոնական բանկը նպատակահարմար է գտնում բարձրացնել ԿՀԲ դրույքաչափը՝ սահմանելով այն 1%: ԿՀԲ դրույքաչափի ապագա փոփոխությունները (ինչպես բարձացման, այնպես էլ իջեցման ուղղությամբ) կածանցվեն մակրոֆինանսական պայմանների, անորոշությունների և համակարգային ռիսկերի զարգացման հետագա ընթացքից։
1 Համաձայն «Բանկերի կապիտալի համարժեքության նորմատիվի սահմանաչափից բարձր շեմերի սահմանման և հաշվարկման» կարգի 12-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը յուրաքանչյուր եռամսյակ սահմանում է կապիտալի հակացիկլիկ շեմը (այսուհետ նաև կապիտալի հակացիկլիկ բուֆեր (ԿՀԲ)): Կենտրոնական բանկը ԿՀԲ-ն սահմանելիս առաջնորդվում է «Կապիտալի հակացիկլիկ շեմի սահմանման հիմքում ընկած ընդհանուր մեթոդաբանությունը» փաստաթղթի դրույթներով
2 Հաստատուն փոխարժեքով հաշվարկված իրավաբանական անձանց վարկերի աճը տարեսկզբից կազմել է մոտ 6.3%
3 Ֆինանսական հատվածի կողմից տնտեսությանը տրամադրված վարկային պորտֆելի (ներառյալ լիզինգը և ֆակտորինգը) կշիռն է ՀՆԱ-ում (%-ով)։ 2022թ․ երրորդ եռամսյակի գնահատականը նախնական է և կարող է հետագայում փոփոխվել՝ կախված ՀՆԱ փաստացի տվյալների հիման վրա վերահաշվարկի արդյունքներից