Աննա Հակոբյան
Ներքին աուդիտ
Աննա Հակոբյանը 2026 թ․ հոկտեմբերի 8-ից զբաղեցնում է ՀՀ կենտրոնական բանկի գլխավոր աուդիտորի պաշտոնը։
Կենտրոնական բանկում ավելի քան 16 տարվա աշխատանքային գործունեության ընթացքում զբաղեցրել է մի շարք պատասխանատու պաշտոններ: Իր մասնագիտական ուղին Կենտրոնական բանկում սկսել է 2010 թ․՝ որպես գնումների մասնագետ՝ ներգրավվելով բանկում գնումների գործընթացի բարեփոխումներն իրականացնող աշխատանքային խմբի գործունեության մեջ։ 2013–2021 թթ․ աշխատել է ռազմավարական պլանավորման և վերլուծության բաժնում՝ որպես ռազմավարության փորձագետ։ 2021 թ․ միացել է ներքին աուդիտի վարչությանը՝ որպես ներքին աուդիտոր, այնուհետև զբաղեցրել է գործառնական աուդիտի բաժնի ղեկավարի (2022–2024) և գլխավոր աուդիտորի տեղակալի (2024–2026) պաշտոնները։
Որպես ՀՀ ԿԲ գլխավոր աուդիտոր՝ տիկին Հակոբյանը պատասխանատու է բանկի կառավարման, ռիսկերի կառավարման և ներքին հսկողության համակարգերի անկախ և օբյեկտիվ գնահատման համար՝ ներքին աուդիտի միջազգային ստանդարտներին համապատասխան։ Նրա գործունեությունն ուղղված է Կենտրոնական բանկում հաշվետվողականության, թափանցիկության և արդյունավետության ամրապնդմանը։
Տիկին Հակոբյանը ունի նաև այլ կենտրոնական բանկի ներքին աուդիտի ծառայության արտաքին որակի գնահատման փորձ՝ ներքին աուդիտի միջազգային ստանդարտներին համապատասխան։
Աննա Հակոբյանը ՀՀ ԿԲ երկու հրապարակված հոդվածի համահեղինակ է՝ «Աուդիտի կոմիտեների համար արդյունավետ ներածական ծրագրի մշակում. ՀՀ կենտրոնական բանկի փորձը» («Designing an Effective Onboarding Program for Audit Committees: The Central Bank of Armenia’s Experience», DP-2025-01) և «Կառավարման աուդիտը կենտրոնական բանկերում. ՀՀ ԿԲ փորձը» («Governance Audits in Central Banks: The CBA Experience», DP-2025-02)։ Հոդվածներում ներկայացված են կենտրոնական բանկերում աուդիտի կոմիտեների արդյունավետության բարձրացման և կառավարման աուդիտի իրականացման մոտեցումներն ու գործիքակազմը։
Նա ունի տնտեսագիտության մագիստրոսի աստիճան՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից, ինչպես նաև Ներքին աուդիտորների ինստիտուտի կողմից շնորհված որակավորված ներքին աուդիտորի (Certified Internal Auditor, CIA) և Նախագծերի կառավարման ինստիտուտի կողմից շնորհված նախագծերի կառավարման մասնագետի (Project Management Professional, PMP) միջազգային որակավորումներ: Որպես Տավիթյան կրթաթոշակային ծրագրի մասնակից՝ տիկին Հակոբյանն ավարտել է նաև Թաֆթս համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի հանրային քաղաքականության և կառավարման (public policy and administration) ղեկավարների կրթական ծրագիրը: