Վահան Ավետիսյան
Ֆինանսական վերահսկողություն և լիցենզավորում
Վահան Ավետիսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի Ֆինանսական վերահսկողության և լիցենզավորման դեպարտամենտի տնօրենի պաշտոնում 2022 թվականի մարտ ամսին։
Վահան Ավետիսյանը Կենտրոնական բանկին է միացել 2020 թվականին և մինչև 2022 թվականի մարտ ամիսը զբաղեցրել է Ֆինանսական վերահսկողության վարչության պետի պաշտոնը։
Ներկայում ղեկավարում է Ֆինանսական վերահսկողության և լիցենզավորման դեպարտամենտի գործունեությունը, ադ թվում՝ ռազմավարական ուղղությունների առաջնորդումը։ Դեպարտամենտի գործառույթները ներառում են ֆինանսական շուկա մուտքի ապահովումը՝ լիցենզավորման միջոցով, ընթացիկ պրուդենցիալ վերահսկողությունը, վերահսկվող ֆինանսական կազմակերպությունների կարգավորված և սահուն ելքի ապահովումը՝ լուծարման կամ վերակառուցման միջոցով։ Բացի այդ՝ դեպարտամենտը պատասխանատու է շուկայի և գործարար վարվելակերպի վերահսկողության, ինչպես նաև ֆինանսական ոլորտում արդար մրցակցության ապահովման համար։
Մինչև Կենտրոնական բանկում աշխատելը Վահան Ավետիսյանը զբաղեցրել է մի շարք բարձր պաշտոններ, այդ թվում՝ Հայաստանի ապահովագրողների բյուրոյի գլխավոր գործադիր տնօրեն, «Արդշինբանկ» ՓԲԸ վարչության նախագահի տեղակալ - գործառնական տնօրեն, ինչպես նաև «Ռասկո» ապահովագրական ՍՊԸ-ի գործադիր տնօրեն և «Պետապ-Հայաստան» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն։
Բացի մասնագիտական գործունեությունից, Վահան Ավետիսյանը ակտիվ ներգրավվածություն է ունեցել ակադեմիական ոլորտում։ Նա դասավանդել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում և հանդես է եկել որպես գիտաշխատող ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում։ Նրա ակադեմիական գործունեությունը համալրում է ֆինանսական ոլորտում ունեցած մեծ փորձը՝ հնարավորություն տալով ուսանողներին փոխանցել կիրառական գիտելիքներ և գործնական հմտություններ։ Ներկայում նա Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դոցենտ է։
Մասնագիտական գործունեությունից զատ՝ Վահան Ավետիսյանն ակտիվորեն մասնակցում է միջազգային ֆինանսական համայնքի կյանքին՝ մասնակցելով բազմաթիվ սեմինարների և համաժողովների։
Վահան Ավետիսյանը ծնվել է Սյունիքի մարզի Կապան քաղաքում։
1999 թվականին ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը՝ «Ընդհանուր տնտեսագիտություն» մասնագիտացմամբ։ 2002 թվականին ավարտել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ասպիրանտուրան և ստացել տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան։
Գիտական և հետազոտական գործունեության շրջանակում հանդես է եկել մի շարք ակադեմիական հրապարակումներով։