Կենտրոնական բանկի ներկայացուցիչները մասնակցել են միջազգային ՊԼԱՍ-Ֆորումին
Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը և խորհրդի անդամ Դավիթ Նահապետյանը մայիսի 28-29-ը մասնակցել են Տաշքենդում անցկացվող միջազգային ՊԼԱՍ-Ֆորումին:
Ֆորումը միավորել է աշխարհի տարբեր երկրներից ֆինանսական համակարգի բազմաթիվ ոլորտների ներկայացուցիչների՝ քննարկելու ֆինանսաբանկային համակարգի և տեղեկատվական տեխնոլոգիաների արդի խնդիրները:
Հովհաննես Խաչատրյանը, հանդես գալով կրիպտոինդուստրիային նվիրված քննարկմանը, խոսել է աշխարհում կրիպտոակտիկվների տեսակների, դրանց կարգավորման, ինչպես նաև ապակենտրոնացված հարթակների կարգավորման մասին։ ԿԲ նախագահի տեղակալն անդրադարձել է նաև ՀՀ-ում կրիպտոակտիվներով մատուցվող ծառայությունների տեսակներին և փողերի լվացման / ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերի զսպմանը, ինչպես նաև ոլորտի պրուդենցիալ կարգավորմանը։
Դավիթ Նահապետյանը թվայնացմանը նվիրված քննարկման ընթացքում անդրադարձել է Հայաստանի և, մասնավորապես, ֆինանսական համակարգի թվային վերափոխման ընթացիկ իրավիճակին՝ ներկայացնելով ՀՀ փորձը և ապագայի ծրագրերը: