Վերաֆինանսավորման տոկոսադրույքը անփոփոխ՝ 5.00 տոկոս

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը անփոփոխ՝ 5.00 տոկոս

2009 թ. նոյեմբերի 10-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով այն 5.00%:

2009 թ. հոկտեմբերին սեպտեմբերի նկատմամբ արձանագրվել է 0.5% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճի ցուցանիշը կազմել է 3.5%:

ԿԲ խորհուրդը փաստեց, որ ընթացիկ ժամանակահատվածում գնաճի վարքագիծը և մակրոտնտեսական միջավայրի զարգացումները համահունչ են եղել ԿԲ-ի կանխատեսումներին: Արտաքին միջավայրից շարունակել են փոխանցվել չափավոր գնաճային ճնշումներ` պայմանավորվելով հանքահումքային և որոշ պարենային ապրանքների միջազգային գների աճի միտումներով: Այս զարգացումները, զուգորդվելով իրական ՀՆԱ մակարդակի կայունացմամբ, պահպանել են ներքին գնաճային միջավայրի ակտիվությունը:

Խորհուրդը գտնում է, որ վերոնշյալ զարգացումների շարունակման հեռանկարի պայմաններում տոկոսադրույքի  գործող մակարդակը առավելագույնս նպաստում է տնտեսության արագ վերականգնմանը` չվտանգելով գների կայունությունը: