Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվեց 0.25 տոկոսային կետով և սահմանվեց 7.50 տոկոս

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվեց 0.25 տոկոսային կետով և սահմանվեց 7.50 տոկոս

2009 թ. ապրիլի 7-ի նիստում ԿԲ խորհուրդը իջեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 7.50%:

2009 թ. մարտին փետրվարի նկատմամբ արձանագրվել է 1.4% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճը նախորդ ամսվա նկատմամբ չի փոփոխվել` կազմելով 1.0%:

ԿԲ խորհուրդը փաստեց, որ չնայած մարտ ամսվա ընթացքում արձանագրված դրամի արժեզրկմանը` համաշխարհային պահանջարկի կրճատման հետևանքով ձևավորված արտաքին գնանկումային միջավայրի պահպանման և ներքին պահանջարկի շարունակվող նվազման պայմաններում գնաճը ձևավորվել է կանխատեսվածից ավելի ցածր մակարդակում: Միաժամանակ, արտա­քին պահանջարկի նշանակալի կրճատման, ֆինանսական ներհոսքի թուլացման շարունակվող միտումները և պահպանվող անբարենպաստ առևտրի պայման­ներն անդրադարձել են տնտեսական անկման տեմպերի արագացման վրա:

Խորհուրդը միակարծիք է, որ ձևավորված ու կանխատեսվող մակրոտնտեսական զարգացումների պայմաններում, գնաճի նպատակի իրագործման և տնտեսական ակտիվությանն աջակցելու խնդիրների խելամիտ համադրումը ենթադրում է ընդլայնողական  դրամավարկային քաղաքականության իրականացում: Այս առումով առավել արդյունավետ է տոկոսադրույքների նվազեցման և ծավալային ընդլայնման համակցումը: