Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվեց 1.0 տոկոսային կետով և սահմանվեց 7.75 տոկոս

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվեց 1.0 տոկոսային կետով և սահմանվեց 7.75 տոկոս

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը` քննարկելով համաշխարհային ֆինանսական և տնտեսական ճգնաժամի պայմաններում ստեղծված իրավիճակը, արձանագրեց, որ Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգը կայուն է, բավարար կապիտալիզացված, գերիրացվելի և պատրաստ` դիմակայելու ճգնաժամի հետագա մարտահրավերներին: Խորհուրդը գտնում է, որ վերջին ամիսներին  հիմնականում ֆինանսական կայունության խնդիրներին միտված դրամավարկային քաղաքականության իրականացումը էական արդյունքներ է տվել և դրամավարկային քաղաքականության հետագա  շեշտադրումները առավելապես տեղափոխվում են գների կայունության ապահովման  ուղղությամբ, իսկ  արտարժութային շուկայում կենտրոնական բանկի միջամտությունները ուղղված են լինելու  փոխարժեքի կտրուկ տատանումները հարթելուն:

Նկատի ունենալով համաշխարհային ֆինանսական և տնտեսական ճգնաժամի ներկա փուլում առևտրի պայմանների շարունակական վատթարացումը և կապիտալ ներհոսքի աճի տեմպերի դանդաղումը, ԿԲ-ի խորհուրդը 2009 թվականի մարտի 3-ի նիստում որոշեց սահմանափակել արտարժութային շուկայում կենտրոնական բանկի միջամտությունները, վերադառնալով լողացող փոխարժեքի քաղաքականությանը: Վերջինս  թույլ կտա որպեսզի  փոխարժեքը ձևավորվի ներկա մակրոտնտեսական հիմնարարներին համապատասխան, ինչն էապես կբարելավի երկրի արտաքին մրցունակությունը և կխթանի նոր աշխատատեղերի ստեղծման գործընթացը:

Համաձայն ԿԲ-ի գնահատականների, որոնք հիմնված են ՀՀ համար տեղայնացված ակադեմիական շրջանակներում հայտնի և այլ երկրների կենտրոնական բանկերի կողմից օգտագործվող մի քանի մոդելների և մեթոդների վրա, 2009 թ. միջին փոխարժեքի հավասարակշիռ մակարդակն ակնկալվում է 360-380 դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջակայքում:

ԿԲ խորհուրդը արձանագրեց, որ չնայած համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում միջազգային շուկաներում պահպանվող գնանկումային միջավայրը  և ներքին պահանջարկի աճի տեմպերի դանդաղումը նպաստում են ցածր գնաճի ձևավորմանը, այնուամենայնիվ արժեզրկվող արժույթի պայմաններում իրատեսական են դառնում գնաճի նպատակային թիրախի գերազանցման ռիսկերը:

Հաշվի առնելով վերոհիշյալը ԿԲ-ի խորհուրդը բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը 1.0 տոկոսային կետով՝ սահմանելով այն 7.75%: