Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվեց 0.25 տոկոսային կետով և սահմանվեց 7.00 տոկոս
Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվեց 0.25 տոկոսային կետով և սահմանվեց 7.00 տոկոս
2009 թ. հունվարի 13-ի նիստում ԿԲ խորհուրդը իջեցրեց վերաֆինան-սավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 7.00%:
2008 թ. դեկտեմբերին նոյեմբերի նկատմամբ արձանագրվել է ընդամենը 0.1% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճը նվազելով շուրջ 1.4 տոկոսային կետով կազմել է 5.2%՝ ապահովելով գնաճի նպատակային թիրախը:
ԿԲ խորհուրդը արձանագրեց, որ դեկտեմբեր ամսվա ընթացքում արտաքին գնաճային ճնշումները շարունակել են թուլանալ՝ պայմանավորված համաշխարհային տնտեսական աճի տեմպերի կրճատման պահպանվող միտումներով: Այս զարգացումները շարունակել են արտահայտվել պարենային և ոչ պարենային ապրանքների ներքին շուկաներում՝ հանգեցնելով ընդհանուր գնաճի տեմպերի էական նվազման:
Խորհուրդը միակարծիք է, որ չնայած արտաքին և ներքին հետագա զարգացումներում առկա անորոշություններին, համաշխարհային պահանջարկի կրճատման հետևանքով ձևավորված արտաքին գնանկումային միջավայրը և վերջինիս ազդեցությունը ներքին գների վրա պահպանվելու է նաև կանխատեսվող ժամանակահատվածի ընթացքում, որի պարագայում գնաճի տեմպերի նվազումը կրելու է շարունակական բնույթ: Այս պարագայում ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում շարունակել դրամավարկային պայմանների թուլացման քաղաքականությունը՝ նպաստելով նաև երկարաժամկետ հատվածում տնտեսական աճի տեմպերի պահպանմանը: