Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ` 7.25 տոկոս
Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ` 7.25 տոկոս
2010 թ. օգոստոսի 10-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 7.25%:
2010 թ. հուլիսին նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է 0.8% գնանկում, որի պարագայում 12-ամսյա գնաճի ցուցանիշը նախորդ ամսվա նույն ցուցանիշի նկատմամբ աճել է 2.0 տոկոսային կետով` կազմելով 7.8%:
Խորհուրդը փաստեց, որ արտաքին և ներքին մակրոտնտեսական միջավայրի զարգացումները համահունչ են երրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրով նախանշված ուղղություններին: Միջազգային ֆինանսական շուկաներում եվրոյի փոխարժեքի արժևորման և առանձին ապրանքային շուկաներին` մասնավորապես ցորենի, ներհատուկ խնդիրների սրման պայմաններում արտաքին գնաճային ճնշումները որոշակիորեն աճում են: Միաժամանակ, ներքին պահանջարկով պայմանավորված գնաճային ճնշումների բացակայության և տարեսկզբին դրամավարկային պայմանների խստացման արդյունքում ներքին գնաճային միջավայրը շարունակում է մեղմվել: Այս պայմաններում սպասվում է որ, դրամավարկային ծրագրին համահունչ, երրորդ եռամսյակում գյուղատնտեսական ապրանքների գների վարքագծով պայմանավորված 12-ամսյա գնաճի արագացումից հետո, այն աստիճանաբար կնվազի` կանխատեսվող 1 տարվա հորիզոնի վերջում ձևավորվելով նպատակային միջակայքի վերին սահմանին մոտ:
Նկարագրված տնտեսական զարգացումների պայմաններում, հաշվի առնելով դեռևս պահպանվող անորոշությունները` կապված վերոնշյալ արտաքին գործոններին ներքին գների արձագանքման, ինչպես նաև գյուղատնտեսական ապրանքների գների փոփոխման հետագա ընթացքի հետ` Խորհուրդն առավել նպատակահարմար է գտնում դեռևս ձեռնպահ մնալ դրամավարկային պայմանների խստացումից: Միաժամանակ, նախանշված ռիսկերի դրսևորումից կախված, Խորհուրդը չի բացառում հետագայում տոկոսադրույքների ճշգրտումը: