Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ` 8.5 տոկոս
Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ` 8.5 տոկոս
2011 թ. օգոստոսի 9-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8.5%:
2011 թ. հուլիսին արձանագրվել է 3% գնանկում, որի արդյունքում 12-ամսյա գնաճը նախորդ ամսվա ցուցանիշի նկատմամբ նվազել է 2.2 տոկոսային կետով և կազմել 6.3%:
Խորհուրդն արձանագրեց, որ ընդհանուր գնաճային միջավայրը մեղմվում է` պայմանավորվելով ինչպես ներքին, այնպես էլ արտաքին մակրոտնտեսական զարգացումներով: Սպասվում է, որ համաշխարհային ապրանքային ու հումքային շուկաներից փոխանցվող գնաճային ճնշումները շարունակելու են նվազել: Այդուհանդերձ, համաշխարհային տնտեսությունում վերջերս ձևավորված պարտքային հիմնախնդիրները և միջազգային ֆոնդային շուկաների անկայունությունը էապես մեծացնում են զարգացած երկրների մակրոտնտեսական քաղաքականությունների կանխատեսման անորոշությունները:
Խորհուրդը համակարծիք է, որ ներքին պահանջարկի դեռևս դանդաղ տեմպերով վերականգնումը, հարկաբյուջետային զսպող քաղաքականությունը և տարեսկզբին իրականացված դրամավարկային պայմանների խստացման քաղաքականությունը ևս նպաստելու են կանխատեսվող հորիզոնում գնաճի տեմպերի շարունակական նվազմանը:
Խորհուրդն ամփոփեց, որ համաշխարհային ապրանքային ու հումքային շուկաներում և ներքին տնտեսությունում գնաճային միջավայրի թուլացման, ինչպես նաև նախորդ տարվա համեմատությամբ գյուղատնտեսության ճյուղում ավելի բարենպաստ պայմանների պահպանման արդյունքում ակնկալվում է, որ 12-ամսյա գնաճի նվազման տեմպերը կարագանան և արդեն իսկ տարեվերջին վերջինս կձևավորվի 4%±1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքում` կանխատեսվող հորիզոնում կայունանալով միջակայքի ստորին հատվածում:
Չնայած վերոնշյալ ոչ գնաճային միտումներին, հաշվի առնելով համաշխարհային տնտեսությունում այսօր առկա հիմնախնդիրները` ԿԲ խորհուրդը դեռևս ձեռնպահ է մնում դրամավարկային պայմանների թուլացումից: