Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ` 8 տոկոս

Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ` 8 տոկոս

2012 թ. մարտի 6-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8%: 

2012 թ. փետրվարին արձանագրվել  է 0.9% գնանկում: Արդյունքում 12-ամսյա գնաճը, նախորդ ամսվա ցուցանիշի նկատմամբ նվազել է 1.8 տոկոսային կետով և կազմել 3.0%՝ պահպանվելով 4% նպատակային թիրախի ±1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքում:

Խորհուրդն արձանագրեց, որ աշխարհի առաջատար մի շարք երկրներում տնտեսական ակտիվության դրական միտումների և համաշխարհային տնտեսական աճի հեռանկարների վերաբերյալ լավատեսական սպասումների ներքո հիմնական հումքային և պարենային ապրանքների միջազգային գները ձևավորել են թույլ գնաճային միջավայր: Բացի այդ, Մերձավոր Արևելքում աշխարհաքաղաքական խնդիրների պահպանման պարագայում գրանցվել է նավթամթերքի գնի աճ, որը որպես ռիսկ նախանշվել էր 2012 թ. առաջին եռամսյակի Դրամավարկային քաղաքականության ծրագրում:  Խորհուրդն այս զարգացումները դեռևս մտահոգիչ չի համարում՝ առաջիկա ամիսներին Հայաստանում գնաճային միջավայրի վրա ազդեցության առումով: 

Խորհուրդը արձանագրեց նաև, որ ՀՀ տնտեսության զարգացումների ազդեցությունը գնաճային միջավայրի վրա շարունակում է մնալ չեզոք՝ ինչպես հարկաբյուջետային քաղաքականության և մասնավոր ծախսումների, այնպես էլ աշխատանքի շուկայի կողմից:

Խորհուրդն ամփոփեց, որ զարգացումները ՀՀ տնտեսությունում ընթանում են Դրամավարկային քաղաքականության ծրագրերում ներկայացված բազային սցենարին համահունչ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին զարգացումների համատեքստում, թերևս վերջինին վերաբերող որոշ ռիսկերի դրսևորմամբ:

Խորհուրդը գնահատում է, որ այս իրավիճակում մեծ հավանականությամբ 12-ամսյա գնաճը կանխատեսվող ողջ հորի­զոնի ընթացքում կգտնվի 4% նպատակային թիրախի ±1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքում: Տնտեսության զարգացման ներկա միտումների պայմաններում ԿԲ-ն կշարունակի պահպանել քաղաքականության տոկոսադրույքի 8% մակարդակը, որը գնաճային միջավայրի վրա կթողնի չեզոք ազդեցություն:

Տոկոսադրույքի մակարդակի որոշման հիմքում ընկած մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ մարտի 16-ին հրապարակվելիք Մամլո հաղորդագրությունում (Տոկոսադրույքի արձանագրություն):