Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ` 8 տոկոս
Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ` 8 տոկոս
2012 թ. փետրվարի 7-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8%:
2012 թ. հունվարին արձանագրվել է 3.6% գնաճ: Արդյունքում 12-ամսյա գնաճը, նախորդ ամսվա ցուցանիշի նկատմամբ ավելացել է 0.1 տոկոսային կետով և կազմել 4.8%՝ պահպանվելով 4% նպատակային թիրախի ±1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքում:
Խորհուրդն արձանագրեց Դրամավարկային քաղաքականության նոր՝ 2012 թ. առաջին եռամսյակի ծրագրում ներկայացված բազային սցենարի ներքո համաշխարհային տնտեսությունից ՀՀ տնտեսություն ներթափանցող գնաճային ճնշումներ առաջիկա ժամանակահատվածում չեն ակնկալվում: Չնայած համաշխարհային տնտեսության զարգացման առկա անորոշությունների պահպանմանը՝ առաջատար մի քանի երկրներում արձանագրվել են տնտեսական ակտիվության դրական միտումներ և հիմնական հումքային և պարենային ապրանքների միջազգային գների թույլ աճ:
ՀՀ տնտեսության բազային սցենարով զարգացումները պահպանում են գնաճային միջավայրի վրա չեզոք ազդեցությունը՝ ինչպես հարկաբյուջետային քաղաքականության և մասնավոր ծախսումների, այնպես էլ աշխատանքի շուկայի կողմից:
Խորհուրդն ամփոփեց, որ ՀՀ տնտեսությունը զարգանում է Դրամավարկային քաղաքականության ծրագրերում ներկայացված բազային սցենարին համապատասխան: Զարգացման այս հեռանկարում սպասվում է, որ 12-ամսյա գնաճը կանխատեսվող ողջ հորիզոնի ընթացքում կգտնվի 4% նպատակային թիրախի ±1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքում:
Տնտեսության զարգացման ներկա միտումների պայմաններում ԿԲ-ն կշարունակի պահպանել քաղաքականության տոկոսադրույքի 8% մակարդակը, որը գնաճային միջավայրի վրա կթողնի չեզոք ազդեցություն:
Տոկոսադրույքի մակարդակի որոշման հիմքում ընկած մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ փետրվարի 17-ին հրապարակվելիք Մամլո հաղորդագրությունում (Տոկոսադրույքի արձանագրություն):
Դրամավարկային քաղաքականության նոր՝ 2012 թ. 1-ին եռամսյակի ծրագիրը ԿԲ կայքում կտեղադրվի փետրվարի 10-ին: