Թողարկվել է նոր հուշադրամ

Թողարկվել է նոր հուշադրամ

ՀՀ կենտրոնական բանկը թողարկել է «Եվրասիական տնտեսական միության ստեղծման 5 տարին» արծաթե հուշադրամը:

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մասին պայմանագիրը ուժի մեջ է մտել 2015 թ. հունվարի 1-ին: ԵԱՏՄ անդամ պետություններն են՝ Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղզստանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը:

Հոբելյանական 2019 թվականը նշանավորվում է ԵԱՏՄ մասին պայմանագրի ստորագրման 5-ամյա և եվրասիական ինտեգրման գաղափարի սկզբնավորման 25-ամյա տարեդարձերով:

Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի 2019 թ. հերթական նիստը հյուրընկալող երկիրը Հայաստանի Հանրապետությունն է:

Դիմերես` ՀՀ զինանշանը և ԵԱՏՄ անդամ պետությունների քանակին համապատասխանող առագաստների ու աստղերի պատկերներ:
Դարձերես` ԵԱՏՄ պատկերանիշը և ԵԱՏՄ անդամ պետությունների դրոշների ոճավորված պատկերները:

Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:
Հատվել է Նիդեռլանդների արքայական դրամահատարանում:

Տեխնիկական չափանիշներ

Անվանական արժեքը
(դրամ)
1000
Մետաղը,
հարգը
արծաթ, 925
Քաշը
(գ)
33.60
Տրամագիծը
(մմ)
38.61
Թողարկման քանակը
(հատ)
500
Դրամաշուրթը ատամնավոր
Որակը պրուֆ

Ծանուցում

Հուշադրամները թանկարժեք մետաղներից պատրաստված դրամներ են, որոնք թողարկվում են երկրի ազգային, միջազգային, պատմամշակութային, հոգևոր և այլ արժեքները հասարակությանը ներկայացնելու, դրանք մետաղի տեսքով հավերժացնելու, ինչպես նաև դրամագիտական շուկայի պահանջարկը բավարարելու նպատակով:

Ինչպես ցանկացած դրամ, հուշադրամներն ունեն անվանական արժեք, որով և ներկայանում են որպես վճարամիջոց: Սակայն հուշադրամների անվանական արժեքը շատ ավելի ցածր է ինքնարժեքից, որը բաղկացած է հուշադրամի պատրաստման համար օգտագործված թանկարժեք մետաղի արժեքից, արտադրության և այլ ծախսերից: Ցածր անվանական արժեքն ու բարձր ինքնարժեքը հնարավորություն են տալիս այս տեսակի դրամը դիտարկելու ոչ թե որպես դրամաշրջանառության մեջ օգտագործվող վճարամիջոց, այլ որպես հավաքորդական առարկա: Հուշադրամներն ունեն նաև ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված վաճառքի գին:

Հուշադրամները՝ հանդիսանալով հավաքորդական առարկա, թողարկվում են խիստ սահմանափակ քանակով և չեն վերաթողարկվում:

Դրամագետները, հավաքորդներն ու պարզապես ցանկացողները կարող են գնել ՀՀ հուշադրամները ՀՀ կենտրոնական բանկի «Դրամագետ» վաճառասրահից, որը գործում է բանկի ներսում և բաց է բոլորի համար:

ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական տեղեկատվությունը հուշադրամների շրջանառության մեջ դնելու օրվա մասին չի ենթադրում, որ հուշադրամների վաճառքը կազմակերպվում է տվյալ օրվանից: Վաճառվող հուշադրամների և դրանց վաճառքի գնի մասին տեղեկատվությունը տեղադրվում է ՀՀ կենտրոնական բանկի «Թղթադրամներ և մետաղադրամներ» - «Դրամագետ» վաճառասրահ տիրույթում, «Դրամագետ» վաճառասրահում վաճառվող դրամագիտական արժեքներ բաժնում:

Ձեռքբերված հուշադրամները և այլ դրամագիտական արժեքները ենթակա չեն վերադարձման և փոխանակման: