Թողարկվել են 3 հուշադրամներ

Թողարկվել են 3 հուշադրամներ

Խրիմյան Հայրիկ-200 (արծաթ)

Մկրտիչ Ա Վանեցի Խրիմյան (Խրիմյան Հայրիկ, 1820-1907 թթ.) հասարակականքաղաքական, մշակութային գործիչ է, Ամենայն հայոց կաթողիկոս 1893 թ-ից:

Սովորել է Արևմտյան Հայաստանի Վասպուրական նահանգի Լիմ և Կտուց անապատների դպրոցներում: Հիմնադրել է «Արծվի Վասպուրական» (1855 թ.) և «Արծվիկ Տարոնո» (1863 թ.) հայկական պարբերականները, Վարագավանքին և Մշո Սբ Կարապետ վանքին կից ժառանգավորաց վարժարանները: 1854 թ. ձեռնադրվել է վարդապետ, իսկ 1868 թ.` օծվել եպիսկոպոս: Հայկական հարցը դիվանագիտական ճանապարհով լուծելու նպատակով դիմել է եվրոպական մի շարք երկրների իշխանությունների: 1878 թ. գլխավորել է հայկական պատվիրակությունը Բեռլինի վեհաժողովում: Աջակցել է Վանի «Սև խաչ» և Կարինի «Պաշտպան հայրենյաց» ազգային-ազատագրական գաղտնի կազմակերպությունների ստեղծմանն ու գործունեությանը, որի համար աքսորվել է Երուսաղեմ: Ամենայն հայոց կաթողիկոս օծվելուց հետո շարունակել է ազգայինազատագրական գործունեությունը:

Հեղինակ է կրոնափիլիսոփայական, բարոյախոսական, չափածո ու այլ գրքերի, որոնցում արտահայտել է ժողովրդի հույզերն ու տառապանքը:

Դիմերես` Խրիմյան թանգարան-պատկերասրահի շենքը, զարդանախշ` վարդյակ, «Երկաթե շերեփ» հուշաղբյուրից հատված (գործ` Արեգ Իսրայելյանի), Խրիմյան Հայրիկի պատգամը և ստորագրությունը:
Դարձերես` Խրիմյան Հայրիկի դիմապատկերը:

Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:
Հատվել է Լիտվայի դրամահատարանում:

Տեխնիկական չափանիշներ

Անվանական արժեքը
(դրամ)
1000
Մետաղը,
հարգը
արծաթ, 925
Քաշը
(գ)
33.60
Տրամագիծը
(մմ)
40.00
Թողարկման քանակը
(հատ)
500
Դրամաշուրթը ատամնավոր
Որակը պրուֆ

Ժանսեմ-100 (արծաթ)

Ժանսեմը (Հովհաննես Սեմերջյան, 1920-2013 թթ․) ֆրանսահայ նկարիչ է, ՀՀ ԳԱԱ արտասահմանցի անդամ:

1922 թ. Թուրքիայից ընտանիքով գաղթել է Սալոնիկ, այնուհետև` Փարիզ: Սովորել է Մոնպառնասի ազատ ակադեմիայում, 1939 թ. ավարտել Փարիզի դեկորատիվ արվեստի բարձրագույն դպրոցը:

Հեղինակ է ազգային թեմաներ շոշափող բազում կտավների, նկարաշարերի և դիմանկարների: Ժանսեմի ինքնատիպ արվեստը իրապաշտական է` տոգորված խոր մարդասիրությամբ: Լուսային հնչեղ երանգներն ու արտահայտիչ գծանկարը ներազդու են դարձնում մարդկանց դեմքերն ու շարժումները, պատկերի ողջ մթնոլորտը:

Ժանսեմն արժանացել է մի շարք միջազգային և պետական մրցանակների, այդ թվում` ՀՀ Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանի (2002 թ․), Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանի (2003 թ․), ՀՀ Պատվո շքանշանի (2010 թ․):

Ժանսեմի աշխատանքները ցուցադրվում են աշխարհի շատ երկրներում: Բազմաթիվ նկարներ պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, իսկ Հայաստանի Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ցուցադրվում է «Ցեղասպանություն» (1998- 2001 թթ.) նկարաշարը:

Դիմերես` հատված նկարչի «Կակաչներ» (1982 թ.) կտավից:
Դարձերես` Ժանսեմի դիմանկարը և հատված նկարչի «Դեղին հագուստով կինը» (1968 թ.) կտավից:

Էսքիզների հեղինակ` Լուսինե Լալայան:
Հատվել է Լիտվայի դրամահատարանում:

Տեխնիկական չափանիշներ

Անվանական արժեքը
(դրամ)
100
Մետաղը,
հարգը
արծաթ, 925
Քաշը
(գ)
28.28
Տրամագիծը
(մմ)
28,0 x 40,0
Թողարկման քանակը
(հատ)
500
Դրամաշուրթը հարթ
Որակը լավացված

Ժանսեմ-100 (ոսկի)

Դիմերես` դրվագ նկարչի «Դիմակներով կինը» (1978 թ.) կտավից:
Դարձերես` Ժանսեմի դիմապատկերը:

Էսքիզների հեղինակ` Էդուարդ Կուրղինյան:
Հատվել է Լիտվայի դրամահատարանում:

Տեխնիկական չափանիշներ

Անվանական արժեքը
(դրամ)
10.000
Մետաղը,
հարգը
ոսկի, 900
Քաշը
(գ)
8.6
Տրամագիծը
(մմ)
22.00
Թողարկման քանակը
(հատ)
300
Դրամաշուրթը ատամնավոր
Որակը պրուֆ

Ծանուցում

Հուշադրամները թանկարժեք մետաղներից պատրաստված դրամներ են, որոնք թողարկվում են երկրի ազգային, միջազգային, պատմամշակութային, հոգևոր և այլ արժեքները հասարակությանը ներկայացնելու, դրանք մետաղի տեսքով հավերժացնելու, ինչպես նաև դրամագիտական շուկայի պահանջարկը բավարարելու նպատակով:

Ինչպես ցանկացած դրամ, հուշադրամներն ունեն անվանական արժեք, որով և ներկայանում են որպես վճարամիջոց: Սակայն հուշադրամների անվանական արժեքը շատ ավելի ցածր է ինքնարժեքից, որը բաղկացած է հուշադրամի պատրաստման համար օգտագործված թանկարժեք մետաղի արժեքից, արտադրության և այլ ծախսերից: Ցածր անվանական արժեքն ու բարձր ինքնարժեքը հնարավորություն են տալիս այս տեսակի դրամը դիտարկելու ոչ թե որպես դրամաշրջանառության մեջ օգտագործվող վճարամիջոց, այլ որպես հավաքորդական առարկա: Հուշադրամներն ունեն նաև ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված վաճառքի գին:

Հուշադրամները՝ հանդիսանալով հավաքորդական առարկա, թողարկվում են խիստ սահմանափակ քանակով և չեն վերաթողարկվում:

Դրամագետները, հավաքորդներն ու պարզապես ցանկացողները կարող են գնել ՀՀ հուշադրամները ՀՀ կենտրոնական բանկի «Դրամագետ» վաճառասրահից, որը գործում է բանկի ներսում և բաց է բոլորի համար:

ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական տեղեկատվությունը հուշադրամների շրջանառության մեջ դնելու օրվա մասին չի ենթադրում, որ հուշադրամների վաճառքը կազմակերպվում է տվյալ օրվանից: Վաճառվող հուշադրամների և դրանց վաճառքի գնի մասին տեղեկատվությունը տեղադրվում է ՀՀ կենտրոնական բանկի «Թղթադրամներ և մետաղադրամներ» - «Դրամագետ» վաճառասրահ տիրույթում, «Դրամագետ» վաճառասրահում վաճառվող դրամագիտական արժեքներ բաժնում:

Ձեռքբերված հուշադրամները և այլ դրամագիտական արժեքները ենթակա չեն վերադարձման և փոխանակման: