Թողարկվել են 2 հուշադրամներ

Թողարկվել են 2 հուշադրամներ

Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակ

Առնո Բաբաջանյանը (1921-1983 թթ.) հայտնի հայ կոմպոզիտոր է, դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1970 թ․):

Ավարտել է Երևանի և Մոսկվայի կոնսերվատորիաները: 1950-1956 թթ. դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում: Որպես բարձրարվեստ դաշնակահար աչքի է ընկել իր ստեղծագործությունների կատարմամբ։ Ստեղծագործական ոճը ձևավորվել է Ա. Խաչատրյանի և Ս. Ռախմանինովի ազդեցությամբ և առավելապես արտահայտվել վաղ շրջանի ստեղծագործություններում՝ դաշնամուրի (1944 թ.) և ջութակի (1949 թ.) համար կոնցերտներում։ «Վաղարշապատի պար», «Պրելյուդ» և «Էքսպրոմտ» գործերը 1947 թ. Պրահայում կայացած Երիտասարդության և ուսանողների համաշխարհային 1-ին փառատոնում արժանացել են առաջին մրցանակի: Կոմպոզիտորի ստեղծագործական անհատականությունը դրսևորվել է դաշնամուրի և նվագախմբի համար 1950 թ. գրված «Հերոսական բալլադում» (ԽՍՀՄ պետական մրցանակ, 1951 թ․), ապա դաշնամուրային տրիոյում (1952 թ․):

Բաբաջանյանը ստեղծագործել է տարբեր՝ դասական, պոպ, ջազ ոճերով։ Նա սովետական երգի ականավոր վարպետներից է: Գրել է բազմաթիվ քնարական երգեր, երաժշտություն դրամատիկական ներկայացումների (Վ. Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է») և կինոնկարների («Առաջին սիրո երգը», համահեղինակ՝ Ղ. Սարյան, «Ամպրոպի արահետով», «Երջանկության մեխանիկան») համար:

Բաբաջանյանը սովետական ժողովրդի կողմից սիրված կոմպոզիտորներից է, ով բացառիկ բնատուր տաղանդի, խոր զգացմունքայնության ու երաժշտական արտահայտչականության շնորհիվ իր ուրույն տեղն է զբաղեցնում հայկական և սովետական երաժշտության պատմության մեջ:

Դիմերես՝ հարսանեկան զույգի, սոլի բանալու, ոճավորված վարդի և ձայնասկավառակի պատկերներ:
Դարձերես՝ Առնո Բաբաջանյանի դիմապատկերը, ձայնասկավառակի, դաշնամուրի ստեղների, նոտաների և գրչի ոճավորված պատկերներ:

Էսքիզների հեղինակ՝ Վարդան Վարդանյան:
Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում:

Տեխնիկական չափանիշներ

Անվանական արժեքը
(դրամ)
1000
Մետաղը,
հարգը
արծաթ, 925
Քաշը
(գ)
33.60
Տրամագիծը
(մմ)
40.00
Թողարկման քանակը
(հատ)
500
Դրամաշուրթը ատամնավոր
Որակը պրուֆ

Գրիգոր Տաթևացու ծննդյան 675-ամյակ

Գրիգոր Տաթևացին (1346-1409 թթ.) Հայոց Եկեղեցու Եռամեծ վարդապետ է, փիլիսոփա, աստվածաբան, բանասեր, մանկավարժ, մանրանկարիչ, երաժիշտ: Սովորել է Տաթևի վանքի վարդապետարանում, աշակերտել է մեծ աստվածաբան և իմաստասեր Հովհան վարդապետ Որոտնեցուն, որի մահից հետո գլխավորել է Տաթևի և Ապրակունիսի հոգևոր բարձրագույն դպրոցները, վարել աստվածաբանության, փիլիսոփայության, քերականության, երաժշտության տեսության և այլ դասընթացներ:

Դասավանդել է նաև Մեծոփավանքի և Սաղմոսավանքի հոգևոր դպրոցներում: Միաժամանակ զբաղվել է ազգային-եկեղեցական հարցերով, պայքարել կաթոլիկ քարոզիչների՝ ունիթորների դեմ՝ պաշտպանելով Հայ Եկեղեցու ուղղափառ դավանությունն ու ինքնուրույնությունը:

1390 թ. նա հաստատվել է Տաթևում, իր շուրջը համախմբել Սյունիքից ու Հայաստանի տարբեր վայրերից ուսանելու եկած աշակերտների։ Իր մանկավարժական հայացքները ներկայացրել է «Սահմանադրություն դաստիարակության» աշխատությունում, որը բացառիկ երևույթ էր միջնադարի հայ մանկավարժական գրականության մեջ:

Տաթևացու օրոք Տաթևի վանքի վարդապետարանը վերածվել է համալսարանի՝ հասնելով իր ծաղկման գագաթնակետին և դառնալով գիտության, մշակույթի, արվեստի, հոգևոր կյանքի կենտրոն:

Տաթևացին գրել է աստվածաբանական, դավանաբանական, մեկնողական, իմաստասիրական մեծարժեք աշխատություններ: Նշանավոր գործերից են «Գիրք հարցմանց» և «Ոսկեփորիկ» հանրագիտական երկերը, որտեղ ի մի են բերված հայ աստվածաբանական մտքի դարավոր ձեռքբերումները, ինչպես նաև «Ձմեռան» ու «Ամառան» քարոզգրքերը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Մաշտոցյան Մատենադարանում պահվում են նրա ընդօրինակած և ծաղկած Ավետարանները:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Գրիգոր Տաթևացուն դասել է սրբերի կարգը, հիշատակը տոնում է Մեծ Պահքի 4-րդ կիրակիի նախընթաց շաբաթ օրը:

Դիմերես՝ Տաթևի վանքը:
Դարձերես՝ Գրիգոր Տաթևացու խորաքանդակը՝ Մոսկվայում Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպության հայկական եկեղեցու (ճարտարապետ` Արտակ Ղուլյան) պատին: 

Էսքիզների հեղինակներ` Կարապետ Աբրահամյան (դիմերես) և Լուսինե Լալայան (դարձերես):
Հուշադրամնը հատվել է Լիտվայի դրամահատարանում:

Տեխնիկական չափանիշներ

Անվանական արժեքը
(դրամ)
1000
Մետաղը,
հարգը
արծաթ, 925
Քաշը
(գ)
33.60
Տրամագիծը
(մմ)
40.00
Թողարկման քանակը
(հատ)
500
Դրամաշուրթը ատամնավոր
Որակը պրուֆ

Ծանուցում

Հուշադրամները թանկարժեք մետաղներից պատրաստված դրամներ են, որոնք թողարկվում են երկրի ազգային, միջազգային, պատմամշակութային, հոգևոր և այլ արժեքները հասարակությանը ներկայացնելու, դրանք մետաղի տեսքով հավերժացնելու, ինչպես նաև դրամագիտական շուկայի պահանջարկը բավարարելու նպատակով:

Ինչպես ցանկացած դրամ, հուշադրամներն ունեն անվանական արժեք, որով և ներկայանում են որպես վճարամիջոց: Սակայն հուշադրամների անվանական արժեքը շատ ավելի ցածր է ինքնարժեքից, որը բաղկացած է հուշադրամի պատրաստման համար օգտագործված թանկարժեք մետաղի արժեքից, արտադրության և այլ ծախսերից: Ցածր անվանական արժեքն ու բարձր ինքնարժեքը հնարավորություն են տալիս այս տեսակի դրամը դիտարկելու ոչ թե որպես դրամաշրջանառության մեջ օգտագործվող վճարամիջոց, այլ որպես հավաքորդական առարկա: Հուշադրամներն ունեն նաև ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված վաճառքի գին:

Հուշադրամները՝ հանդիսանալով հավաքորդական առարկա, թողարկվում են խիստ սահմանափակ քանակով և չեն վերաթողարկվում:

Դրամագետները, հավաքորդներն ու պարզապես ցանկացողները կարող են գնել ՀՀ հուշադրամները ՀՀ կենտրոնական բանկի «Դրամագետ» վաճառասրահից, որը գործում է բանկի ներսում և բաց է բոլորի համար:

ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական տեղեկատվությունը հուշադրամների շրջանառության մեջ դնելու օրվա մասին չի ենթադրում, որ հուշադրամների վաճառքը կազմակերպվում է տվյալ օրվանից: Վաճառվող հուշադրամների և դրանց վաճառքի գնի մասին տեղեկատվությունը տեղադրվում է ՀՀ կենտրոնական բանկի «Թղթադրամներ և մետաղադրամներ» - «Դրամագետ» վաճառասրահ տիրույթում, «Դրամագետ» վաճառասրահում վաճառվող դրամագիտական արժեքներ բաժնում:

Ձեռքբերված հուշադրամները և այլ դրամագիտական արժեքները ենթակա չեն վերադարձման և փոխանակման: