Շրջանառության մեջ է դրվել «Դավիթ Բեկ» հուշադրամը

Շրջանառության մեջ է դրվել «Դավիթ Բեկ» հուշադրամը

ՀՀ կենտրոնական բանկը 2022 թվականի մայիսի 23-ից շրջանառության մեջ է դրել «Դավիթ Բեկ» արծաթե հուշադրամը:

Դավիթ Բեկին նվիրված հուշադրամ

Դավիթ Բեկը (ծննդյան թիվն անհայտ է, մահացել է 1728 թ. վերջին) հայ ազգայինազատագրական շարժման առաջնորդ է, զորավար:

Ծառայել է Վրաց թագավոր Վախթանգ VI-ի բանակում: Սյունիքի հայերի խնդրանքով իր զորախմբով 1722 թ. սեպտեմբերին մտել է Սիսիան և Կապան ու ղեկավարել օտար զավթիչների դեմ բռնկված ժողովրդական շարժումը:

1722-1725 թթ. ազատագրել է ամբողջ Սյունիքը իրանական զորախմբերից ու մահմեդական զավթիչներից: Կարճ ժամանակահատվածում կազմակերպել է հայկական կանոնավոր զորագնդեր ու կարգավարժ բանակ, վերականգնել հին բերդերն ու ամրությունները, ստեղծել ռազմական հենակետեր՝ հիմնելով հայկական անկախ իշխանապետություն՝ Հալիձոր կենտրոնով:

1725-1727 թթ. օսմանյան բանակը փորձել է գրավել Սյունիքը: 1727 թ. փետրվարի 26- ին Դավիթ Բեկն իր զորքով ամրացել է Հալիձորի բերդում, հերոսաբար կռվել այն պաշարած թուրքական գերակշիռ զորքերի դեմ, մարտի 4-ին անսպասելի հակագրոհով ջախջախել և փախուստի մատնել նրանց Սյունիքի սահմաններից դուրս: Հալիձորի ճակատամարտում ոչնչացվել է 13000 թուրք ասկյար, թշնամուց առգրավվել է 148 մարտական դրոշ։ Ձեռք բերված հաղթանակը մեծապես նպաստել է Սյունիքի և Արցախի հայ ազատագրական շարժման համախմբմանն ու հայկական զորքերի հետագա հաջողություններին:

Դավիթ Բեկը հայրենասիրության խորհրդանիշ է, հայ ժողովրդի ազատագրական պայքարի ռահվիրա:

Դավիթ Բեկին են նվիրված Րաֆֆու «Դավիթ Բեկ» պատմավեպը, Արմեն Տիգրանյանի համանուն օպերան և Համո Բեկնազարյանի գեղարվեստական կինոնկարը։ Դավիթ Բեկի հուշարձանը կանգնեցվել է Սյունիքի մարզի Կապան քաղաքում, նրա անունով կոչվել են փողոցներ Երևանում և Հայաստանի Հանրապետության այլ բնակավայրերում:

Դիմերես՝ Հալիձորի բերդապարիսպը Խուստուփ լեռան ֆոնին, ջահի և թրի պատկերներ:
Դարձերես՝ դրվագ Դավիթ Բեկի հուշարձանից՝ Կապանում (քանդակագործներ՝ Ս. Բաղդասարյան, Մ. Նուրիջանյան, 1978 թ.), ձիու ոտքերի տակ թափված զենքի պատկերներ:

Էսքիզների հեղինակ՝ Վարդան Վարդանյան:
Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:

Տեխնիկական չափանիշներ

Անվանական արժեքը
(դրամ)
1000
Մետաղը,
հարգը
արծաթ, 925
Քաշը
(գ)
33.60
Տրամագիծը
(մմ)
40.00
Թողարկման քանակը
(հատ)
250
Դրամաշուրթը ատամնավոր
Որակը պրուֆ

Ծանուցում

Հուշադրամները թանկարժեք մետաղներից պատրաստված դրամներ են, որոնք թողարկվում են երկրի ազգային, միջազգային, պատմամշակութային, հոգևոր և այլ արժեքները հասարակությանը ներկայացնելու, դրանք մետաղի տեսքով հավերժացնելու, ինչպես նաև դրամագիտական շուկայի պահանջարկը բավարարելու նպատակով:

Ինչպես ցանկացած դրամ, հուշադրամներն ունեն անվանական արժեք, որով և ներկայանում են որպես վճարամիջոց: Սակայն հուշադրամների անվանական արժեքը շատ ավելի ցածր է ինքնարժեքից, որը բաղկացած է հուշադրամի պատրաստման համար օգտագործված թանկարժեք մետաղի արժեքից, արտադրության և այլ ծախսերից: Ցածր անվանական արժեքն ու բարձր ինքնարժեքը հնարավորություն են տալիս այս տեսակի դրամը դիտարկելու ոչ թե որպես դրամաշրջանառության մեջ օգտագործվող վճարամիջոց, այլ որպես հավաքորդական առարկա: Հուշադրամներն ունեն նաև ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված վաճառքի գին:

Հուշադրամները՝ հանդիսանալով հավաքորդական առարկա, թողարկվում են խիստ սահմանափակ քանակով և չեն վերաթողարկվում:

Դրամագետները, հավաքորդներն ու պարզապես ցանկացողները կարող են գնել ՀՀ հուշադրամները ՀՀ կենտրոնական բանկի «Դրամագետ» վաճառասրահից, որը գործում է բանկի ներսում և բաց է բոլորի համար: