Շրջանառության մեջ է դրվել «Օհան Դուրյան-100» հուշադրամը
Շրջանառության մեջ է դրվել «Օհան Դուրյան-100» հուշադրամը
ՀՀ կենտրոնական բանկը 2022 թվականի սեպտեմբերի 13-ից շրջանառության մեջ է դրել «Օհան Դուրյան-100» արծաթե հուշադրամը:
Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամ
ՕՀԱՆ ԴՈՒՐՅԱՆԸ (Օհանես Խաչատուրյան, 1922-2011 թթ.) հայ մեծանուն դիրիժոր է, կոմպոզիտոր, Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1967 թ.):
Ծնվել է Երուսաղեմում, երաժշտական մկրտությունը ստացել է Երուսաղեմի կոնսերվատորիայում, դիրիժորական վարպետությունը կատարելագործել Փարիզում, Վիեննայում:
1957-1974 թթ., ինչպես նաև 1991-1994 թթ. եղել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորը, հեռուստատեսության և ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարը, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժորը:
Ստեղծագործական գործունեությունը ծավալվել է նաև Հայաստանի սահմաններից դուրս: 1962-1969 թթ. ղեկավարել է Լայպցիգի «Գևանդհաուզ» նվագախումբը և օպերայի նվագախումբը, 1987-1990 թթ. եղել է Ավինյոնի օպերային թատրոնի երաժշտական ղեկավարը: Հանդես է եկել աշխարհի ավելի քան 110, այդ թվում՝ Վիեննայի օպերայի, Բեռլինի ֆիլհարմոնիայի, Մոսկվայի սիմֆոնիկ նվագախմբերի հետ:
Մաեստրո Դուրյանը գերել ու հմայել է հանդիսատեսին իր «խոսող» ձեռքերի շնորհիվ՝ չգործածելով պարտիտուր ու դիրիժորական փայտիկ: Գրել է «Ձոն Հայրենիքիս» երկը (խոսք՝ Ավ. Իսահակյանի, 1945 թ.), 4 պաստորալ կամերային նվագախմբի համար (1952-1953 թթ.), օրատորիա Կոմիտասի երկերի թեմաներով (1955 թ.), «Կոմիտասական» 2 սյուիտ սիմֆոնիկ նվագախմբի համար (1962 թ., 1971 թ.), ստեղծել է «Ունիվերսալիզմ» երաժշտական համակարգը (1975 թ.):
Պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով (1996 թ.), «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով (1997 թ.), արժանացել է Ֆրանսիայի արվեստների և գրականության շքանշանի ասպետի կոչմանը (1998 թ.):
Դիմերես՝ Օհան Դուրյանի հեղինակած «Ունիվերսալիզմ» ստեղծագործությունից հատված և նրա ստորագրությունը:
Դարձերես՝ Օհան Դուրյանի դիմանկարը և նրա «խոսող» ձեռքերը:
Էսքիզների հեղինակ՝ Վարդան Վարդանյան:
Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:
Տեխնիկական չափանիշներ
| Անվանական արժեքը (դրամ) | 1000 |
| Մետաղը, հարգը | արծաթ, 925 |
| Քաշը (գ) | 33.60 |
| Տրամագիծը (մմ) | 40.00 |
| Թողարկման քանակը (հատ) | 200 |
| Դրամաշուրթը | ատամնավոր |
| Որակը | պրուֆ |
Ծանուցում
Հուշադրամները թանկարժեք մետաղներից պատրաստված դրամներ են, որոնք թողարկվում են երկրի ազգային, միջազգային, պատմամշակութային, հոգևոր և այլ արժեքները հասարակությանը ներկայացնելու, դրանք մետաղի տեսքով հավերժացնելու, ինչպես նաև դրամագիտական շուկայի պահանջարկը բավարարելու նպատակով:
Ինչպես ցանկացած դրամ, հուշադրամներն ունեն անվանական արժեք, որով և ներկայանում են որպես վճարամիջոց: Սակայն հուշադրամների անվանական արժեքը շատ ավելի ցածր է ինքնարժեքից, որը բաղկացած է հուշադրամի պատրաստման համար օգտագործված թանկարժեք մետաղի արժեքից, արտադրության և այլ ծախսերից: Ցածր անվանական արժեքն ու բարձր ինքնարժեքը հնարավորություն են տալիս այս տեսակի դրամը դիտարկելու ոչ թե որպես դրամաշրջանառության մեջ օգտագործվող վճարամիջոց, այլ որպես հավաքորդական առարկա: Հուշադրամներն ունեն նաև ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված վաճառքի գին:
Հուշադրամները՝ հանդիսանալով հավաքորդական առարկա, թողարկվում են խիստ սահմանափակ քանակով և չեն վերաթողարկվում:
մանափակ քանակով և չեն վերաթողարկվում: Դրամագետները, հավաքորդներն ու պարզապես ցանկացողները կարող են գնել ՀՀ հուշադրամները ՀՀ կենտրոնական բանկի «Դրամագետ» վաճառասրահից, որը գործում է բանկի ներսում և բաց է բոլորի համար: