ՖԴԿ մասին
Ֆինանսական դիտարկումների կենտրոնը (ՖԴԿ) ստեղծվել է 2005 թվականին` որպես Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի առանձնացված ստորաբաժանում: Այն վարչական տիպի ֆինանսական հետախուզության ազգային մարմին է, որը հանդես է գալիս որպես միջնորդ հաշվետու անձանց և իրավապահ մարմինների միջև: ՖԴԿ-ի առաքելությունը փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման (ՓԼ/ԱՖ) դեմ պայքարն է:
ՖԴԿ-ի հիմնական գործառույթը ՓԼ/ԱՖ դեմ պայքարի նպատակով տեղեկությունների հավաքագրումը, վերլուծությունը և փոխանակումն է: Հարկ է նշել, որ ՖԴԿ-ն նաև ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը մի շարք միջազգային կազմակերպություններում և կառույցներում` ակտիվորեն մասնակցելով ՓԼ/ԱՖ դեմ պայքարի միջազգային նախաձեռնություններին:
ՓԼ/ԱՖ դեմ պայքարի գործունեության ուղղություններն ու նպատակները սահմանված են «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ազգային ռազմավարությամբ»:
ՖԴԿ-ի լիազորությունները սահմանված են «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով, իսկ կազմակերպական կառուցվածքն ու գործառույթները սահմանված են ՖԴԿ-ի կանոնադրությամբ:
Կանոնադրություն
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2018 թվականի հուլիսի 20-ի թիվ 115-Ա որոշմամբ հաստատված ՖԴԿ-ի կանոնադրությունը սահմանում է կենտրոնի գործունեության նպատակը, խնդիրները, լիազորությունները, գործառույթները, ինչպես նաև ՖԴԿ-ի կառուցվածքը և գործունեության սկզբունքները:
Կազմակերպական կառուցվածք
ՖԴԿ-ն Հայաստանի Հանրապետությունում ֆինանսական հետախուզության ազգային մարմինն է, որի նպատակը ՓԼ/ԱՖ դեմ պայքարի արդյունավետ մեխանիզմների ներդնումն ու կիրարկումն է: Կենտրոնն իր կառուցվածքում ունի 5 բաժին` Իրավական ապահովման, Վերլուծությունների, Տեղեկատվական համակարգերի մշակման ու զարգացման, Միջազգային հարաբերությունների և Ռազմավարական վերլուծության և վերահսկողության բաժինները:
Իրավական ապահովման բաժինն իրականացնում է ՓԼ/ԱՖ դեմ պայքարի օրենսդրության մշակումն ու բարելավումը` ոլորտում առկա միջազգային ստանդարտների և լավագույն փորձի հիման վրա, կարգավորում է ներպետական երկկողմ և բազմակողմ համագործակցությունը, ապահովում է կասկածելի գործարքների վերլուծության արդյունքների իրավական պատշաճ ձևակերպումը:
Վերլուծությունների բաժինը վերլուծում է ՓԼ/ԱՖ հետ կապված տեղեկատվությունը, այդ թվում՝ կասկածելի գործարքների վերաբերյալ հաշվետու անձանցից ստացված հաշվետվությունները,անհրաժեշտության դեպքում համապատասխան տվյալներ է տրամադրում իրավասու մարմիններին, ցուցաբերում է փորձագիտական օժանդակություն, սահմանում է հսկողություն հաշվետու անձանց նկատմամբ, ինչպես նաև ապահովում է ոլորտում օրենսդրության պահանջների պատշաճ կատարումը:
Տեղեկատվական համակարգերի մշակման ու զարգացման բաժինը ՓԼ/ԱՖ դեմ պայքարի ոլորտում համակարգում է հաշվետվություն տրամադրող անձանցից հաշվետվությունների ստացումը, մշակումը և մուտքագրումը տվյալների կենտրոնացված համակարգ: Բաժինն ապահովում է համապատասխան տեղեկատվական բազաների ձևավորումն ու զարգացումը, սահմանափակ և համընդհանուր հասանելիությամբ տվյալների տարբեր շտեմարանների հասանելիությունը: Բաժնի գործառույթների թվում է նաև համադրման ալգորիթմների մշակումն ու ներդրումը՝ վերլուծությունների իրականացման նպատակով:
Միջազգային հարաբերությունների բաժինն ապահովում է ՓԼ/ԱՖ դեմ պայքարի ոլորտում միջազգային չափանիշների ներդնումը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում: Բաժինը համակարգում է միջազգային կառույցների և օտարերկրյա ֆինանսական հետախուզության մարմինների հետ ՖԴԿ-ի համագործակցությունը, ինչպես նաև ապահովում է միջազգային կառույցների կողմից ընդունվող բանաձևերի և հրապարակվող հայտարարությունների կատարումը:
Ռազմավարական վերլուծության և վերահսկողության բաժինն իրականացնում է ՓԼ/ԱՖ մեթոդների և միտումների բացահայտման, ռիսկերի ազգային գնահատման ուղղված ռազմավարական վերլուծություններ, ՓԼ/ԱՖ դեմ պայքարի ոլորտում վերահսկող մարմին չունեցող հաշվետվություն տրամադրող անձանց նկատմամբ իրականացնում է ՓԼ/ԱՖ ռիսկահենք վերահսկողություն:
