ՀՀ Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում կազմակերպվել է դասընթաց, որին մասնակցել են Էգմոնտ խմբի ֆինանսական հետախուզության մարմինների շուրջ 20 ներկայացուցիչ
ՀՀ կենտրոնական բանկի հրավերով ս.թ. հունիսի 13-ից 17-ը Էգմոնտ խմբի անդամ ֆինանսական հետախուզության մարմինների շուրջ 20 ներկայացուցիչ մասնակցեց ՀՀ ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում կազմակերպված «Կորպորատիվ գործիքներ և ֆինանսական ծառայություններ, ինչպես նաև դասավանդողների նախապատրաստում» թեմայով դասընթացին:
Դասընթացը կազմակերպվել էր Էգմոնտ խմբի Տեխնիկական աջակցության և վերապատրաստման աշխատանքային խմբի կողմից:
Դասընթացի նպատակն էր զարգացնել կորպորատիվ գործիքների և ֆինանսական ծառայությունների վերաբերյալ վերլուծություններ կատարելու ՖՀՄ-ների կարողությունները և նախապատրաստել ապագա դասավանդողներ:
Դասընթացի շրջանակներում քննարկվել են իրավաբանական անձանց և կազմավորումների հասկացությունը, ստեղծման և գրանցման կարգը, դրանց՝ օրինական կամ ապօրինի նպատակներով օգտագործման եղանակները, ինչպես նաև նախատեսված ոչ ֆինանսական գործունեության տեսակների և մասնագիտությունների իրավական կարգավորումը, փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման մեջ վերջինների ներգրավվածության ռիսկերը, ֆինանսական ծառայությունների որոշակի տեսակների ՓԼ/ԱՖ նպատակով օգտագործման ռիսկերը և այլ հարցեր:
Դասընթացը բարձր գնահատանքի արժանացավ մասնակիցների կողմից: Վերջինները նշեցին մատուցված տեղեկատվության արդիականությունը և գործնական օգտավետությունը: Դասընթացի ավարտին մասնակիցներին շնորհվեցին վկայագրեր: