ՀՀ Կենտրոնական բանկի Ֆինանսական դիտարկումների կենտրոնի հրավերով երկօրյա այցով ՀՀ են այցելել Եվրոպայի խորհրդի ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի քարտուղարը և քարտուղարության ՓԼ/ԱՖ դեմ պայքարի մոնիտորինգի և վերապատրաստման բաժնի պետը
ՀՀ Կենտրոնական բանկի Ֆինանսական դիտարկումների կենտրոնի (այսուհետ՝ ՖԴԿ) հրավերով մայիսի 16-ին և 17-ին ՀՀ-ում են գտնվել Եվրոպայի խորհրդի ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի քարտուղար Մատիաս Կլոտը և ՓԼ/ԱՖ դեմ պայքարի մոնիտորինգի և վերապատրաստման բաժնի պետ Մայքլ Ստելինին: Երկօրյա այցի ընթացքում անց են կացվել հանդիպում-քննարկումներ՝ որոնց նպատակն էր նպաստել ՀՀ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համակարգի 5-րդ փուլի գնահատման հաշվետվությամբ (Հաշվետվություն) վեր հանված խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների արդյունավետ իրականացմանը:
Մայիսի 16-ին ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի ներկայացուցիչները Կենտրոնական բանկում հանդիպում-քննարկում են ունեցել՝ «ՀՀ դրամանենգության, պլաստիկ քարտերի և այլ վճարային գործիքների բնագավառում զեղծարարության, փողերի լվացման, ինչպես նաև ահաբեկչության ֆինանսավորման դեմ տարվող պայքարի հարցերով» Միջգերատեսչական հանձնաժողովին (Միջգերատեսչական հանձնաժողով) կից աշխատանքային խմբի անդամների և ներգրավված գերատեսչությունների այլ ներկայացուցիչների հետ: Ներկայացվել են ՓԼ ռիսկերի ազգային գնահատման, ՓԼ/ԱՖ և նախորդող հանցագործությունների քննության ընթացքում նախաձեռնողական զուգահեռ ֆինանսական քննության, հանցավոր եկամուտների, հանցագործության գործիքների և համարժեք գույքի բռնագանձման և նախնական միջոցների, սառեցված և արգելադրված գույքի կառավարման, առանց մեղադրական դատավճռի առկայության գույքի բռնագանձման, ՓԼ/ԱՖ դեմ պայքարի ոլորտում ֆինանսական հաստատությունների և ՆՈՖԳՏՄ-ների ռիսկահենք վերահսկողության, ՆՈՖԳՏՄ ոլորտում առկա ռիսկերի և անշարժ գույքի հետ կապված գործարքներով կանխիկի օգտագործման վերին շեմի ներդրման հետ կապված հարցեր:
Մայիսի 17-ին տեղի է ունեցել հանդիպում ՀՀ գլխավոր դատախազությունում՝ որին ներկա են եղել իրավապահ ոլորտը ներկայացնող Միջգերատեսչական հանձնաժողովի անդամ գերատեսչությունների ներկայացուցիչները (ՀՀ գլխավոր դատախազություն, ՀՀ քննչական կոմիտե, ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայություն, ՀՀ ոստիկանություն, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարություն, ՀՀ վճռաբեկ դատարան և ՖԴԿ): Հանդիմանը ամփոփվել են նախորդ օրվա ընթացքում կայացած քննարկումների արդյունքները, ինչպես նաև ներկայացվել են Հաշվետվությամբ վեր հանված խնդիրների առնչությամբ իրականացվելիք աշխատանքները: ՖԴԿ ղեկավարության, ինչպես նաև ՀՀ Գլխավոր դատախազության և ՀՀ Արդարադատության նախարարության ներկայացուցիչների կողմից ներկայացվել են ՓԼ/ԱՖ դեմ պայքարի ոլորտում մշակված միջոցառումները և ձեռնարկվող աշխատանքները: ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի քարտուղարության ներկայացուցիչները բարձր են գնահատել կատարված աշխատանքների ընթացքը, և պատրաստակամություն են հայտնել օժանդակել ՓԼ քննության ընթացքում նախաձեռնողական զուգահեռ ֆինանսական քննության, առանց մեղադրական դատավճռի առկայության գույքի բռնագանձման, ինչպես նաև փողերի լվացմանը նախորդող հանցագործության համար առանց դատավճռի փողերի լվացման գործերի քննության հարցերով ՀՀ իրավապահ համակարգում միջազգային լավագույն փորձի ներդրման աշխատանքներին: