Կազմակերպվել է «Փողերի լվացման գործերի քննությունը» թեմայով կոնֆերանս ՀՀ իրավապահ և դատական համակարգերի, ՀՀ արդարադատության ակադեմիայի, ինչպես նաև ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի ներկայացուցիչների մասնակցությամբ
2016 թվականի նոյեմբերի 12-ին ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի և ՀՀ արդարադատության ակադեմիայի նախաձեռնությամբ ՀՀ կենտրոնական բանկի Ծաղկաձորի ՈՒԿ-ում տեղի է ունեցել «Փողերի լվացման գործերի քննությունը» թեմայով կոնֆերանս՝ ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ քննչական եկամուտների կոմիտեի, ՀՀ հատուկ քննչական ծառայության, ՀՀ ԿԱ ոստիկանության, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի, ՀՀ Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի, ՀՀ արդարադատության ակադեմիայի, ՀՀ դատական համակարգի ներկայացուցիչների, ինչպես նաև ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի աշխատակիցների մասնակցությամբ:
Կոնֆերանսի ընթացքում քննարկվեցին փողերի լվացման գործերի քննության հետ կապված արդի հարցեր, այդ թվում՝ զուգահեռ ֆինանսական քննության, դրա շրջանակներում փողերի լվացման վարկածի առաջադրման հետ կապված հիմնախնդիրները, ինչպես նաև ներկայացվեցին փողերի լվացման գործերով հայաստանյան և միջազգային դատական ակտերի օրինակներ:
Քննարկումների ընթացքում ներկայացվեցին նաև «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման, ինչպես նաև զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման դեմ պայքարի» 2016-2018թթ ազգային ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների ուղղությամբ իրականացված աշխատանքների ընթացքը, մասնավորապես՝ զուգահեռ ֆինանսական քննությունների իրականացմանը, հանցագործության գործիքների և դրանց համարժեք այլ գույքի բռնագանձման ապահովման հետ կապված հարցերը: Անդրադարձ կատարվեց 2015թ. ՀՀ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համակարգի գնահատման հաշվետվությամբ ներկայացված հանձնարարականներին, ֆինանսական քննության սակավաթվությանը, ֆինանսական հետախուզական տվյալները ապացույցի վերածելու առնչությամբ պրակտիկայում առկա դժվարություններին:
Քննարկման արդյունքում կոնֆերանսի մասնակիցները վերահաստատեցին փողերի լվացման հանցակազմի համար ցածր ապացուցողական շեմի կիրառման անհրաժեշտությունը, ինչպես նաև ֆինանսական քննության կիրառումը որպես ավանդական նախաքննության անբաժանելի մաս։
Ներկայացվեցին ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված «Գույքի բռնագրավման»՝ որպես քրեաիրավական պատժի տեսակի, և «Բռնագանձման»՝ որպես քրեաիրավական ներգործության միջոցի կիրառման առանձնահատկությունները, վերջին 2 տարիներին դատարանների, ինչպես նաև իրավապահ մարմինների կողմից դրանց տարանջատման, մեկնաբանման և կիրառման հարցերը։
Փողերի լվացման գործերով հայաստանյան և միջազգային դատական ակտերի ներկայացման առնչությամբ առանձնահատուկ նշանակություն տրվեց առանց նախորդող հանցագործության վերաբերյալ մեղադրական դատավճռի առկայության փողերի լվացման գործերի հարուցման և դատավճիռների կայացման խնդիրներին։
Կոնֆերանսի մասնակիցները կարևորեցին այս հանդիպման, ինչպես նաև համակողմանի ուսուցումների կազմակերպման անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ գիտելիքների և փորձի փոխադարձ փոխանակումը նախադրյալ է ոչ միայն փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի շարունակական կայուն և զարգացած համակարգ ունենալու համար, այլ նաև իրավակիրառ պրակտիկայում արդյունավետ նախնական քննություն, դրա օրինականության նկատմամբ հսկողություն և դատաքննություն իրականացնելու համար:
Կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնը և Արդարատադության ակադեմիան պատրաստակամություն հայտնեցին ապագայում ևս կազմակերպել համակողմանի դասընթացներ և միավորել ինչպես պրակտիկ մասնագետների՝ դատավորների, դատախազների, քննիչների, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող աշխատակիցների, այնպես էլ ակադեմիական ոլորտի և միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքի փորձ ունեցող մասնագետների փորձն ու գիտելիքները:
Կոնֆերանսի շրջանակներում օրակարգային հարցերից բացի ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանի և ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի ղեկավար Դանիել Ազատյանի միջև կնքվեց «ՀՀ արդարադատության ակադեմիայի և ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի միջև համագործակցության մասին» փոխըմբռնման համաձայնագիր: