ՀՀ ՓԼ/ԱՖ դեմ պայքարի համակարգի 5-րդ փուլի փոխադարձ գնահատման հաշվետվության առնչությամբ անց է կացվել հարցազրույց
Մի քանի օր առաջ լրահոսում անդրադարձ եղավ Եվրոպայի Խորհրդի կողմից հրապարակված ՀՀ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համակարգի 5-րդ փուլի գնահատման հաշվետվությանը: Tert.am-ը զրուցել է ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի փորձագետ, ԵԽ ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբում Հայաստանի պատվիրակության անդամ Անի Մելքոնյանի հետ՝ պարզելու գնահատման մանրամասները:
- Ի՞նչ է իրենից ներկայացնում ՀՀ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համակարգի 5-րդ փուլի գնահատման հաշվետվությունը։
- Հայաստանի Հանրապետության փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համակարգի 5-րդ փուլի գնահատման հաշվետվությունը՝ Եվրոպայի Խորհրդի ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի կողմից ՖԱԹՖ-ի 40 (Financial Action Task Force) Հանձնարարականներին համապատասխանության վերաբերյալ 2015թ-ին իրականացված գնահատման արդյունքների ամփոփումն է:
Հայաստանը ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի անդամ է 2001թ. հունվարի 25-ից` Եվրոպայի խորհրդին անդամակցելու հետ միաժամանակ: Ներկայումս ՄԱՆԻՎԱԼ-ի անդամ են 28 երկրներ:
Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համակարգի գնահատումը կրում է պարբերական բնույթ: Նախկինում մեր երկիրը գնահատում էր անցել 2004թ-ին և 2009թ-ին:
- Ի՞նչ նպատակ ունեն այդ գնահատումները, ի՞նչ է արձանագրվում դրանց արդյունքում։
- Գնահատումների արդյունքում արձանագրվում են, թե որքանով են անդամ երկրներում ներդրված ՖԱԹՖ-ի 40 Հանձնարարականները, ինչպիսին է դրանց արդյունավետության մակարդակը, և որոնք են առկա խնդիրները: Հետագայում երկրները ներկայացնում են առաջընթացի պարբերական զեկույցներ:
- Ինչպես ասացիք, երկրներն անցնում են գնահատում, որի արդյունքներն ամփոփվում են հաշվետվությունում, իսկ ի՞նչ է նշվել ՄԱՆԻՎԱԼ-ի կողմից կազմված Հայաստանին վերաբերվող հաշվետվությունում։
- Ըստ էության հաշվետվության հենց առաջաբանում, որտեղ ամփոփված են հիմնական բացահայտումները, նշվում է, որ Հայաստանի Հանրապետությունում ներդրված է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի՝ միջազգային չափանիշներին լայնորեն համապատասխանող իրավական և ինստիտուցիոնալ համակարգ, և որ Հայաստանը ՖԱԹՖ-ի հանձնարարականների մեծամասնության առումով ցուցաբերում է համապատասխանության բարձր մակարդակ: Նշվում է նաև, որ Հայաստանը չի հանդիսանում միջազգային կամ տարածաշրջանային ֆինանսական կենտրոն, ինչպես նաև չի դիտարկվում որպես ՓԼ բարձր ռիսկայնության երկիր:
Միևնույն ժամանակ արձանագրված խնդիրների մասով նշվում է, որ չնայած փողերի լվացման գործերով քննությունների և քրեական հետապնդումների թիվը վերջին տարիներին աճել է, այնուամենայնիվ իրավասու մարմինների կողմից պետք է լրացուցիչ միջոցներ ձեռնարկվեն փողերի լվացմանը նախորդող մի շարք հանցատեսակներով հնարավոր փողերի լվացման դեպքերի բացահայտման արդյունավետության բարձրացման ուղղությամբ, ինչպիսիք են խարդախությունը՝ այդ թվում համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելը, գողությունը և այլն:
- Ինչպիսի՞ արդյունքներ է արձանագրել Հայաստանի Հանրապետությունը։
- Գնահատման հաշվետվությունում ՓԼ/ԱՖ դեմ պայքարի տեսանկյունից արդյունավետության զգալի մակարդակ են գնահատվել ՓԼ/ԱՖ միջազգային գործակցության, ֆինանսական և ոչ ֆինանսական ոլորտների մասնակիցների համար սահմանված կանխարգելիչ միջոցառումների, իրավաբանական անձանց գործունեության թափանցիկության և մի շարք այլ ոլորտներում: Թերևս, մեր երկրի համար խիստ կարևոր է նաև, որ գնահատման հաշվետվությամբ արդյունավետության զգալի մակարդակ է գրանցվել ահաբեկչության ֆինանսավորման և զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման դեմ պայքարի հարցերով ինչպես քննության, այնպես էլ թիրախային ֆինանսական պատժամիջոցների ներդրման համապատասխան պահանջները:
Ընդհանուր առմամբ ՖԱԹՖ-ի 2013թ-ից գործող նոր մեթոդաբանությամբ կատարված բոլոր 7 երկրների գնահատումների արդյունքներով (գնահատված երկրներից 6-ը ՖԱԹՖ-ի անդամներն են, և Հայաստանի Հանրապետությունը՝ որպես ՄԱՆԻՎԱԼ-ի անդամ առաջին գնահատված երկիր) Իսպանիան և Մալազիան լիովին կամ հիմնականում համապատասխանող են ճանաչվել 40 հանձնարարականներից 37-ի մասով, Իտալիան՝ 36-ի, Հայաստանը՝ 35-ի, Բելգիան, Ավստրալիան և Նորվեգիան՝ համապատասխանաբար 29, 24, 22 հանձնարարականների մասով:
Նշեմ նաև, որ ՄԱՆԻԱԿԱԼ հանձնախմբի որոշման համաձայն, ՀՀ կողմից առաջընթացի զեկույցը կներկայացվի 2018թ-ի ապրիլին, իսկ որոշ հարցերով՝ միջանկյալ հաշվետվություն 2016թ-ի դեկտեմբերին: