«Կոնտակտ» վճարահաշվարկային համակարգով փոխանցվող գումարների վերաբերյալ հաճախորդներին տեղեկացնելու մասին

Ուղղված է՝ ՀՀ տարածքում գործող բոլոր առևտրային բանկերին

Պատճենը՝
Վճարահաշվարկային կազմակերպություններին
Վճարահաշվարկային կազմակերպությունների ասոցիացիա

Առարկան՝ «ԿՈՆՏԱԿՏ» վճարահաշվարկային համակարգով փոխանցվող գումարների վերաբերյալ հաճախորդներին տեղեկացնելու մասին

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Տեղեկացնում ենք ձեզ, որ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը (այսուհետ՝ Կենտրոնական բանկ) ստանում է բազմաթիվ բողոքներ «ԿՈՆՏԱԿՏ» վճարահաշվարկային համակարգով արտերկրից փոխանցված գումարները ՀՀ տարածքում չստանալու վերաբերյալ: Մասնավորապես, բանկերը հաճախորդներին հայտնում են, որ «ԿՈՆՏԱԿՏ» վճարահաշվարկային համակարգով հաճախորդները չեն կարող գումարները ստանալ տեխնիկական պատճառներով՝ խոստանալով տեխնիկական խնդիրները շուտափույթ շտկել: Այնինչ, դեռևս 2012թ. դեկտեմբերի 25-ից այդ համակարգին տրված թույլտվությունը Կենտրոնական բանկի խորհրդի թիվ 365 Ա որոշմամբ կասեցվել է, և նույն որոշման 2-րդ կետով հանձնարարվել էր նաև բանկերին ձեռնարկել համապատասխան միջոցառումներ այդ մասին հաճախորդներին տեղեկացնելու ուղղությամբ:

Հաճախորդներին իրազեկելու և նրանց սխալ գործողություններից պաշտպանելու նպատակով անհրաժեշտ է անհապաղ բոլոր տեղեկատվական աղբյուրներից և ուղիների միջոցով (բանավոր, թեժ գիծ, ինտերնետային կայք, բուկլետներ, բրոշյուրներ, պաստառներ) հաճախորդներին հաղորդել (տրամադրել) արժանահավատ տեղեկատվություն և իրազեկել նրանց (բանավոր, թեժ գիծ, ինտերնետային կայք) փաստացի փոխանցված գումարների հետվերադարձման տարբերակների և ուղիների մասին:  Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «ԿՈՆՏԱԿՏ» համակարգի միջոցով փոխանցումները իրականացվում են նաև հարակից համակարգերի միջոցով, հարկավոր է Ձեր արտասահմանյան գործընկերներին տեղեկացնել այդ համակարգի միջոցով սպասարկում չիրականացնելու վերաբերյալ:

Շնորհակալություն համագործակցության համար:

Սպառողների շահերի և ֆինանսական կրթման կենտրոնի ղեկավար՝ Արմենուհի Մկրտչյան

Սույն գրության հետ կապված կարող եք դիմել
Անժելա Ավետիսյանին