Կրեդիտային և ավանդային պայմանագրերի գործողության ընթացքում տրամադրվող քաղվածքներում անճշտությունների հայտնաբերման և ներկայացման ժամկետների վերաբերյալ
ՀՀ տարածքում գործող բոլոր
- առևտրային բանկերին,
- վարկային կազմակերպություններին,
- գրավատներին
Կրեդիտային և ավանդային պայմանագրերի գործողության ընթացքում տրամադրվող քաղվածքներում անճշտությունների հայտնաբերման և ներկայացման ժամկետների վերաբերյալ
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,
Հայտնում ենք Ձեզ, որ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից ստացվել են մի շարք բողոքներ՝ կապված այն հանգամանքի հետ, որ շատ դեպքերում կրեդիտի տրամադրման և ավանդի ներգրավման պայմանագրերում առկա է լինում դրույթ, համաձայն որի սահմանափակվում է կրեդիտառուի կամ ավանդատուի իրավունքը ներկայացնելու կազմակերպությունից ստացված քաղվածքի վերաբերյալ առարկությունները մեկ տարվա ընթացքում` սկսած այն պահից, երբ իմացել է կամ կարող էր իմանալ քաղվածքում առկա տեղեկատվության անճշտության մասին՝ սահմանելով ավելի սեղմ ժամկետներ:
Մեր կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ պայմանագրերում, որպես կանոն, սահմանվում են մեկ շաբաթյա, 10-օրյա ժամկետներ, որի ընթացքում միայն հնարավոր է ներկայացնել առարկություններ քաղվածքներում պարունակվող տեղեկությունների վերաբերյալ, հակառակ դեպքում տեղեկությունները համարվում են ստույգ և հետագա առարկություններ (բողոքներ) չեն ընդունվում:
Այնինչ, համաձայն «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ կետի՝ կազմակերպությունը պարտավոր է քննարկել հաճախորդի բողոք-պահանջը, եթե այն ներկայացվել է մեկ տարվա ընթացքում՝ սկսած այն պահից, երբ հաճախորդն իմացել է կամ կարող էր իմանալ իր իրավունքի խախտման մասին:
Ուստի, խնդրում ենք կրեդիտի տրամադրման և ավանդի ներգրավման պայմանագրերը համապատասխանեցնել «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի պահանջներին:
Ֆինանսական համակարգի քաղաքականության և
ֆինանսական կայունության վարչության պետի տեղակալ՝ Անդրանիկ Գրիգորյան