Երաշխավորողների, համավարկառուների հետ հաղորդակցում

Ուղղված է՝ ՀՀ տարածքում գործող բոլոր 
Բանկերին 
Վարկային կազմակերպություններին

Առարկան՝ Երաշխավորողների, համավարկառուների հետ հաղորդակցում

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Տեղեկացնում ենք Ձեզ, որ վերջին շրջանում ֆինանսական շուկայում միտում է նկատվում, որ ֆինանսական կազմակերպությունների կողմից ֆիզիկական անձանց վարկերի տրամադրման, սպասարկման ընթացքում սպառողների (այդ թվում՝ երաշխավորողների, համավարկառուների) հետ չի իրականացվում պատշաճ հաղորդակցում:

Նշված խնդրի վերաբերյալ Կենտրոնական բանկ ստացվել են գրավոր և բանավոր բողոքներ, ինչպես նաև եղել են բազմաթիվ հրապարակումներ մամուլում: Ստացված ազդակների հիման վրա Կենտրոնական բանկի կողմից իրականացվել է նաև ուսումնասիրություն պարզելու երաշխավորված վարկերի դասակարգման վերաբերյալ երաշխավորներին ծանուցման գործընթացները:

Հաշվի առնելով վերը նշվածը, հորդորում ենք Ձեզ սպառողների շահերի պաշտպանության և հետագա խնդիրներից խուսափելու նկատառումներից ելնելով երաշխավորողներին և համավարկառուներին.

1.Մինչև վարկային պայմանագրի կնքումը

  • բացահայտել մատուցվող վարկի վերաբերյալ էական պայմանները, սպառողական վարկերի դեպքում տրամադրել նաև ընդհանրական թերթիկ,
  • նախազգուշացնել վարկի նկատմամբ իրենց պարտավորությունների ծագման և կատարման/չկատարման ընթացակարգերի մասին,
  • տեղեկացնել Վարկային Բյուրո տեղեկատվություն ուղարկելու ժամկետների և ընթացակարգերի մասին:

2.Վարկային պայմանագիր կնքելիս տրամադրել կնքվող պայմանագրի մեկ օրինակ` համապատասխան անբաժանելի մաս կազմող պայմաններով (պայմանագրին կից պայմաններ, ընթացակարգեր, սակագներ և այլն), սպառողական կրեդիտների դեպքում տրամադրել նաև Անհատական թերթիկի մեկ օրինակ` համաձայն Կենտրոնական բանկի կողմից սահմանված ընթացակարգերի:

3.Վարկային պայմանագրի գործողության ընթացքում

  • տեղեկացնել պայմանագրի պայմանների էական փոփոխությունների մասին (օրինակ՝ տոկոսադրույք, միջնորդավճար, տուժանք), ինչպես նաև այն փոփոխությունների մասին, որոնք ուղղակի ազդեցություն կարող են ունենալ պայմանագրով սահմանված իրավունքների և պարտականությունների վրա:
  • Վարկառուի կողմից վարկի չմարման դեպքում պատշաճ կերպով նախազգուշացնել այդ մասին՝ նշելով դրա արդյունքում առաջացող բացասական հետևանքների մասին (օրինակ վարկառուի կողմից վարկի չմարման դեպքում տեղեկացնել ծագած պարտավորությունների կատարման ժամկետների, չափերի և չկատարման բացասական հետևանքների մասին):

Ելնելով այն հանգամանքից, որ բարձրացված ազդակների գերակշիռ մասը վերաբերվել է Վարկային Բյուրո տեղեկատվություն ուղարկելու վերաբերյալ երաշխավորների և համավարկառուների ոչ պատշաճ ծանուցմանը, հորդորում ենք նշված խնդրի լուծման նպատակով իրականացնել բավարար միջոցառումներ՝ ապահովելու ամբողջական, ժամանակին (մինչև Վարկային Բյուրո տեղեկատվություն ուղարկելը) և հասցեական  ծանուցումներ:

4.Վարկային պայմանագրի գործողության ավարտին տեղեկացնել վարկային պարտավորությունների կատարման մասին՝ նշելով կազմակերպության նկատմամբ պարտավորություններ չունենալու հանգամանքը:

Հայտնում ենք նաև Կենտրոնական բանկը ձեռնամուխ է եղել այս տարի իրականացնել երաշխավորողների, համավարկառուների պաշտպանությանն ուղղված միջոցառումներ:

Շնորհակալություն համագործակցության համար:

Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի ղեկավար՝ Արմենուհի Մկրտչյան

Սույն գրության հետ կապված հարցերով կարող եք դիմել Անժելա Ավետիսյանին