Գնաճի նպատակային ցուցանիշը Հայաստանում
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ
Գնաճի նպատակային ցուցանիշը Հայաստանում
Ավետիսյան Հ., Իգիթյան Հ., Պապիկյան Ա.
Հոկտեմբեր 2024թ․
ԳԼԽԱՎՈՐ ԱՄՓՈՓԱԳԻՐ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և «Կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի՝ ՀՀ Կենտրոնական բանկի (այսուհետ՝ ՀՀ ԿԲ) հիմնական նպատակներն են Հայաստանի Հանրապետությունում գների և ֆինանսական կայունության ապահովումը: Գների և ֆինանսական կայունության ապահովման հիմնական նպատակների իրագործմամբ ՀՀ ԿԲ-ի՝ որպես հանրային հատվածում գործող կառույցի առաքելությունը համազգային բարեկեցության բարելավումն է:
Գների կայունության նպատակի ապահովման համար ՀՀ ԿԲ-ն ընտրում է դրամավարկային համապատասխան ռազմավարություն և իրականացնում դրամավարկային քաղաքականություն: Ցածր և կայուն գնաճի ապահովմանն ուղղված հետևողական քաղաքականությունը վստահելի անվանական խարիսխ է տնտեսության համար, որն ինքնին նպաստում է գնաճային սպասումների խարսխմանը, անարդյունավետ պարբերաշրջանների չեզոքացմանն ու երկրի տնտեսական զարգացմանը, խթանում է ներդրումները և ժամանակի ընթացքում բարելավում է հասարակության բարեկեցությունը:
Գների կայունության սահմանման և իրագործման նպատակով, ՀՀ ԿԲ-ը միջնաժամկետ հորիզոնի համար, առաջնորդվում է գնաճի նպատակային թիրախով, որը համադրելի է գների կայունության նպատակի հետ: Կարևոր է նշել, որ գների կայունության բնութագրումը և ապահովումը չի սահմանափակվում գնաճի նպատակային ցուցանիշի սահմանմամբ: Գների կայունության ապահովումը դինամիկ գործընթաց է, որը նաև պահանջում է համապարփակ, ապագային միտված դրամավարկային քաղաքականության հիմնակարգ և ամուր գործիքակազմ, թափանցիկության, հաղորդակցման և հաշվետվողականության ամենաբարձր չափանիշներ և գործուն փոխանցումային մեխանիզմ: Առաջնորդվելով գների կայունության սահմանման վերոնշյալ համապարփակ մոտեցմամբ՝ ՀՀ ԿԲ Խորհուրդը գների կայունության իր հանձնառությունը վերահաստատում է «Դրամավարկային քաղաքականության երկարաժամկետ նպատակների վերաբերյալ հաղորդագրություն» փաստաթղթում (տե՛ս Ներգիր 1), որը յուրաքանչյուր տարվա սկզբին հաստատվում և հրապարակվում է դրամավարկային քաղաքականության զեկույցում:
Վստահելի և հստակ հաղորդակցվող գնաճի նպատակային ցուցանիշը կարևոր ուղենիշ է տնտեսվարողների կողմից որոշումների կայացման, պայմանագրերի կնքման և գնաճային սպասումների ձևավորման գործընթացում: Միևնույն ժամանակ, գնաճի նպատակային ցուցանիշի ընտրությունը պետք է արտացոլի ՀՀ տնտեսության բնութագրերն ու առանձնահատկությունները, և հաշվի առնի գնաճի ճշգրիտ չափման հետ կապված խնդիրները: Ժամանակի ընթացքում Կենտրոնական բանկը կարող է անհրաժեշտ և նպատակահարմար համարել գնաճի նպատակային ցուցանիշի վերանայումը, որը լավագույնս կարտացոլի տնտեսության երկարաժամկետ կառուցվածքային առանձնահատկությունները, վերջինիս շարժիչ ուժերը և երկրի տնտեսական զարգացման ու բարեկեցության բարելավման ապագա տեսլականը:
Ժամանակակից տնտեսագիտական գրականությունը փաստում է, որ գների կայունության նպատակին համահունչ գնաճի միջնաժամկետ թիրախի լավագույն և օպտիմալ մակարդակը զրոյական գնաճի ցուցանիշն է: Այնուամենայնիվ, գրականությունն առանձնացնում է նաև մի շարք փաստարկներ, որոնք կարող են բացատրել գործնականում ցածր դրական թիրախ ընտրելու հանգամանքը: Դրանց շարքում կարելի է առանձնացնել` անվանական տոկոսադրույքի զրոյական ստորին սահմանի, արտադրության գործոնների գների (հատկապես՝ աշխատավարձերի) դեպի ներքև կոշտությունների և գնաճի հաշվարկման վիճակագրական շեղումների գործոնները, որոնց պարագայում դրական ցածր գնաճի նպատակի սահմանումը համարվում է ընդունելի և օպտիմալ լուծում:
2005 թվականին ՀՀ ԿԲ-ը հրապարակեց «ՀՀ կենտրոնական բանկի կողմից գնաճի նպատակադրման ռազմավարության ընդունման հիմնավորում» փաստաթուղթը, որում որպես գնաճի նպատակային ցուցանիշ սահմանվել էր առավելագույնը 3% մակարդակը՝ որպես երկարատև ժամանակահատվածում գնաճի նպատակ: 2006 թվականի հունվարի 1-ից ՀՀ ԿԲ-ը պաշտոնապես ներդրեց գնաճի նպատակադրման ռազմավարությունը: Գնաճի նպատակադրման ռազմավարության ընդունումից ամիսներ անց, ելնելով համաշխարհային և ներքին տնտեսությունների զարգացումներից, պահպանելով երկարատև ժամանակահատվածի համար Գնաճի նպատակային ցուցանիշը Հայաստանում 4 գնաճի 3% նպատակը, միջին ժամկետի համար նպատակային ցուցանիշ սահմանվեց 4% գնաճը` ±1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքով:
2006 թվականին գնաճի նպատակադրման ռազմավարության ընդունումից ի վեր ԿԲ-ը հետևողականորեն ապահովել է առաջադրված 4% գնաճի նպատակը. այսպես՝ 2006-24թթ-ին ՀՀում միջին 12-ամսյա գնաճը կազմել է շուրջ 4.0%: Սա ԿԲ-ի դրամավարկային քաղաքականության հաջողության և արդյունավետության կարևորագույն ցուցիչն է: Այնուամենայնիվ, պետք է նաև փաստենք, որ սա լիարժեքորեն չի արտահայտվել հասարակության մոտ գների կայունության ընկալման ձևավորմամբ և տարբեր տարածաշրջանային կամ ներքին ցնցումների ժամանակ հաճախ ՀՀ տնտեսությունը բախվում էր գնաճի ու գնաճային սպասումների ապախարսխման ռիսկերի: ՀՀ դրամավարկային քաղաքականության պատմության նմանատիպ իրավիճակները, որոշակի ազդակներ են պարունակում առ այն, որ 4% թիրախային ցուցանիշը ներկայումս գուցե համադրելի չէ գների կայունության սահմանման հետ կամ գների կայունության պահպանման համար պահանջում է զգալիորեն ավելի մեծ հասարակական ծախս:
2006 թվականին ՀՀ ԿԲ-ի կողմից գնաճի նպատակադրման ռազմավարության ներդրումից և գնաճի՝ 4% նպատակային մակարդակի սահմանումից ի վեր՝ ՀՀ ԿԲ-ը զգալի ներդրումներ է կատարել դրամավարկային քաղաքականության կանխատեսման և քաղաքականության վերլուծության (այսուհետ՝ ԿՔՎՀ) համակարգի զարգացման գործընթացում: Ժամանակի ընթացքում վերջինս ամուր հիմք է ստեղծել ներկայումս այդ ուղղությամբ լայնատարած բարեփոխումների իրականացման համար: Տարաբնույթ մարտահրավերների համատեքստում, սթափ դատելով գործող համակարգից բխող սահմանափակումները և հստակ գիտակցելով Հայաստանի տնտեսության առջև դրված խնդիրները՝ ՀՀ ԿԲ-ը մշտապես ցուցաբերել է նախաձեռնողականություն նոր փոփոխությունների հանդեպ: Այս համատեքստում, 2024 թվականին ՀՀ ԿԲ-ը պաշտոնապես ներդրել է նորարական ու առաջադեմ՝ ռիսկերի և անորոշությունների խելամիտ կառավարմանն ուղղված դրամավարկային քաղաքականության մոտեցումը:
Հայաստանի Հանրապետության անկախության ձեռքբերումից ի վեր Հայաստանի տնտեսությունը և տնտեսական իրավիճակը զգալիորեն բարելավվել է՝ դառնալով առավել ամուր, դիվերսիֆիկացված և միջազգայնորեն փոխկապակցված: Տնտեսական աճի և զարգացմանը զուգահեռ ՀՀ ԿԲ-ի կողմից գների կայունության և դրամավարկային քաղաքականության համապատասխան հիմնակարգն ու ռազմավարությունը նույնպես ենթարկվել են փոփոխությունների և զարգացել մի քանի փուլերով՝ ապահովելով ավելի ամուր դիրքավորում աճող ռիսկերի և անորոշությունների խելամիտ կառավարման համատեքստում: Վերջին տարիներին ՀՀ տնտեսությունում դիտարկվում է կառուցվածքային և ինստիտուցիոնալ հետևողական բարելավումներ, զարգացման էական ուղի է արձանագրում ֆինանսական համակարգը՝ թե՛ խորության, թե՛ ոլորտների բազմազանության, թե՛ գործիքակազմի զգալի ընդլայնման առումով: Հատկանշական է նաև, որ դրամավարկային և մակրոտնտեսական քաղաքականության ոլորտում, ինչպես նաև դրամավարկային համակարգերի զարգացման ուղղությամբ ձեռբերված հաջողություններով ՀՀ-ը միջազգային փորձագետների և ներդրողների կողմից ներկայումս հիմնականում «դասվում» է առաջատար դրամավարկային համակարգով երկրների շարքին, հետևաբար ավելի ցածր ու համադրելի գնաճի նպատակի սահմանումը կարևոր գործոն է նաև ՀՀ միջազգային հեղինակության ու վարկանիշի տեսանկյունից:
Այսպիսով՝ ՀՀ տնտեսության և դրամավարկային համակարգի վերջին զարգացումներն ու ձեռքբերումներն ամուր հիմք են ստեղծում ՀՀ ԿԲ-ի համար շարունակելու դրամավարկային քաղաքականության նկատմամբ հանրության վստահության ամրապնդման, դրամավարկային քաղաքականության հիմնակարգի զարգացման և լայնամասշտաբ երկարաժամկետ բարեփոխումների աշխատանքների իրականացումը, այդ թվում՝ սահմանելով գների կայունության ընկալմանը և ֆինանսատնտեսական համակարգի ներկա կառուցվածքին համահունչ ավելի ցածր գնաճի նպատակային ցուցանիշ: