Քողարկված դուրսբերումներ դոլարիզացված բանկային համակարգում․ ավանդատուների վարքագծի վերլուծություն ֆինանսական և աշխարհաքաղաքական շոկերի պայմաններում
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ
Քողարկված դուրսբերումներ դոլարիզացված բանկային համակարգում․ ավանդատուների վարքագծի վերլուծություն ֆինանսական և աշխարհաքաղաքական շոկերի պայմաններում
Աշխատանքային փաստաթուղթ ԱՓ-2025-06
Թաթուլ Հայրունի, Մանե Փիրումյան, Ալեքսանդր Շիրխանյան
Համառոտագիր
Մենք ուսումնասիրում ենք ավանդատուների վարքագիծը Հայաստանում տեղի ունեցած համակարգային դուրսբերումների երկու դրվագների ընթացքում՝ 2014 թվականի փոխարժեքի և ֆինանսական շոկի և 2020 թվականի աշխարհաքաղաքական շոկի ընթացքում։ Օգտագործելով ինը բանկերից ստացված տվյալներ, որոնք ընդգրկում են բնակչության ավանդների զգալի մասը՝ մենք վերլուծում ենք վաղաժամ դուրսբերումների վարքագիծը այն իրավիճակներում, երբ արտահոսքերը տեղի են ունենում ամբողջ բանկային համակարգում, սակայն կապված չեն ակնհայտորեն խնդիր ունեցող առանձին բանկերի հետ։
Մենք ստանում ենք երեք հիմնական արդյունք։ Նախ, երկու դրվագներում էլ դուրսբերումները զգալիորեն աճում են, ինչը վկայում է, որ համընդհանուր անորոշությունը կարող է առաջացնել «վազքի» նման դինամիկա՝ նույնիսկ առանց կոնկրետ բանկերի անվճարունակության հստակ ազդանշանների։ Երկրորդ, ավանդի արժույթը էական դեր ունի․ արտարժութային ավանդները հիմնականում ավելի կայուն են, քան դրամայինը, միևնույն ժամանակ, ավանդների ապահովագրության կայունացնող ազդեցությունը արտարժութային ավանդների համար ավելի թույլ է՝ պայմանավորված ավելի ցածր ծածկույթով և փոխարժեքի տատանումներով։ Երրորդ, վաղաժամ դուրսբերումների համար կարևոր գործոն են հավելյալ տեղեկատվության հասանելիությունն ու նախորդ տարիներին ճգնաժամով անցնելու փորձը։ Բանկերի հետ փոխկապակցված անձինք հակված են վաղաժամ դուրս բերել ավանդները 2014 թվականի շոկի ժամանակ, բայց ոչ 2020 թվականի աշխարհաքաղաքական շոկի ընթացքում։ Ինչ վերաբերում է շոկի փորձառությանը, ապա, նրանք, ովքեր ավանդ են ունեցել 2014 թվականի շոկի ընթացքում, 2020 թվականին ավելի քիչ են հակված վաղաժամ դուրս բերել իրենց ավանդները։ Արդյունքները ցույց են տալիս, որ ավանդների ապահովագրության կառուցվածքը, դոլարիզացիան և ավանդատուների փորձառությունը միասին կարևոր դեր են խաղում բանկային համակարգի ֆինանսավորման կայունության ձևավորման մեջ՝ հատկապես փոքր բաց տնտեսություններում, որոնք զգայուն են մակրոֆինանսական և աշխարհաքաղաքական ցնցումների նկատմամբ։