Ավանդատուների զանգվածային դուրսբերումները դոլարիզացված բանկային համակարգում․ ավանդատուների վարքագծի վերլուծություն ֆինանսական և աշխարհաքաղաքական շոկերի պայմաններում
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ
Ավանդատուների զանգվածային դուրսբերումները դոլարիզացված բանկային համակարգում․ ավանդատուների վարքագծի վերլուծություն ֆինանսական և աշխարհաքաղաքական շոկերի պայմաններում
Աշխատանքային փաստաթուղթ ԱՓ-2025-06
Թաթուլ Հայրունի, Մանե Փիրումյան, Ալեքսանդր Շիրխանյան
Համառոտագիր
Մենք ուսումնասիրում ենք ավանդատուների վարքագիծը Հայաստանում տեղի ունեցած համակարգային դուրսբերումների երկու դրվագների ընթացքում՝ 2014 թվականի փոխարժեքի և ֆինանսական շոկի և 2020 թվականի աշխարհաքաղաքական շոկի ընթացքում։ Օգտագործելով ինը բանկերից ստացված տվյալներ, որոնք ընդգրկում են բնակչության ավանդների զգալի մասը՝ մենք վերլուծում ենք վաղաժամ դուրսբերումների վարքագիծը այն իրավիճակներում, երբ արտահոսքերը տեղի են ունենում ամբողջ բանկային համակարգում, սակայն կապված չեն ակնհայտորեն խնդիր ունեցող առանձին բանկերի հետ։ ։ Երկու դրվագներում էլ դուրսբերումների ճնշումը կտրուկ աճում է՝ չնայած առանձին բանկերի ձախողման ակնհայտ ազդակների բացակայությանը։
Ավանդի արժույթը էական դեր ունի․ ԱՄՆ դոլարով ավանդները հիմնականում ավելի կայուն են, քան դրամայինը, միևնույն ժամանակ, ավանդների ապահովագրության կայունացնող ազդեցությունը արտարժութային ավանդների համար ավելի թույլ է։ Բանկերի հետ փոխկապակցված անձինք հակված են վաղաժամ դուրս բերել ավանդները 2014 թվականի շոկի ժամանակ, բայց ոչ 2020 թվականի աշխարհաքաղաքական շոկի ընթացքում, իսկ նախորդ ճգնաժամային փորձը կանխատեսում է հետագայում ավելի ցածր վաղաժամ դուրսբերումներ։