Կարո՞ղ է ֆինանսական վարքագիծը կանխատեսել վարորդական ռիսկը. վկայություններ ՀՀ ավտոապահովագրության շուկայից

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ

Կարո՞ղ է ֆինանսական վարքագիծը կանխատեսել վարորդական ռիսկը. վկայություններ ՀՀ ավտոապահովագրության շուկայից

Աշխատանքային փաստաթուղթ ԱՓ-2025-03

Անահիտ Պողոսյան, Գևորգ Մինասյան

Համառոտագիր

Այս հետազոտությունն ուսումնասիրում է, թե արդյոք ֆինանսական վարքագիծը՝ մոտարկված վարկային պատմությամբ և ընթացիկ վարկային ծանրաբեռնվածությամբ, կարող է բարելավել ավտովթարների ռիսկի մոդելավորումը։ Օգտագործելով Հայաստանում ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության (ԱՊՊԱ) համակարգի վարչական տվյալները՝ համակցված վարկային ռեգիստրի տվյալների հետ, մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ վատ վարկային պատմությունը զգալիորեն կապված է ինչպես ավելի բարձր պատահար ունենալու հավանականության, այնպես էլ ավելի խոշոր հատուցումների հետ՝ արտացոլելով խորքային վարքագծային հատկանիշներ, որոնք կարող են դրսևորվել նաև վարելու ընթացքում։ Կարճաժամկետ ֆինանսական ճնշումները բնութագրող ցուցանիշները պարունակում են հավելյալ տեղեկատվություն իրավիճակային գործոնների մասին, որոնք արտացոլված չեն երկարաժամկետ վարկային պատմության մեջ։ Վթարի հավանականությունն ու ուժգնությունը առավել բարձր են, երբ վատ վարկային պատմությունը զուգակցվում է բարձր ընթացիկ ֆինանսական բեռի հետ։ Այս կապերը պահպանվում են տարբեր էմպիրիկ մոտեցումների դեպքում՝ ներառյալ բացասական բինոմային մոդելի ու վարորդի մակարդակով ամսական պանելային գնահատումների պարագայում, որոնք հաշվի են առնում ճանապարհի ծանրաբեռնվածությունը, եղանակային պայմանները և այլ ժամանակային գործոններ։ Արդյունքները կայուն են նաև վարորդի եկամուտը ներառելիս։ Պանելային գնահատումներում նշանակալի են թե՛ վարորդների միջև տարբերությունները, թե՛ նույն վարորդի մոտ ժամանակի ընթացքում արձանագրվող փոփոխությունները, ինչը վկայում է, որ նույնիսկ նույն անհատի մոտ վարկային կարգապահության վատթարացումը կամ ֆինանսական բեռի աճը հանգեցնում է վթարի ռիսկի բարձրացման։ Tweedie մոդելի վրա հիմնված ապահովագրավճարների հաշվարկները ցույց են տալիս, որ գնագոյացման ճշգրտության բարձրացումն ուղեկցվում է ֆինանսապես խոցելի ապահովադիրների համար ապահովագրավճարների անհամաչափ աճով։ Սա ընդգծում է արդյունավետության և սոցիալական արդարության միջև առկա հիմնարար փոխզիջման խնդիրը ապահովագրական կարգավորման շրջանակում։

Կարո՞ղ է ֆինանսական վարքագիծը կանխատեսել վարորդական ռիսկը. վկայություններ ՀՀ ավտոապահովագրության շուկայից