ՀՀ գնաճի մոդել
ԱՓ 08/04-07
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկ
Աշխատանքային Փաստաթուղթ
Դրամավարկային Քաղաքականության Վարչություն
ՀՀ գնաճի մոդել
Արթուր Ստեփանյան, Աշոտ Մկրտչյան
Աշխատանքի նպատակն է ՀՀ տնտեսության առանձնահատկությունները հաշվի առնելով` կառուցել սպառողական գների վարքագիծը ներկայացնող մոդել, որը կիրառելի կլինի դրամավարկային քաղաքականության ծրագրի կազմման գործընթացում: Սպառողական գների վարքագիծն առավել մանրամասն դիտարկելու նպատակով կիրառվել է տարանջատման սկզբունքը, որի արդյունքում սպառողական գների զամբյուղում ընդգրկված ապրանքները բաժանվել են առանձին ապրանքախմբերի՝ ելնելով այդ ապրանքախմբերի վարքագծի, ինչպես նաև դրանց վրա արտածին գործոնների ազդեցության առանձնահատկություններից:
Ներածություն
Անցումային տնտեսություն ունեցող երկրների համար կարևորվում է մակրոտնտեսական կայունության ձեռքբերումը: Մակրոտնտեսական կայունության կարևոր նախապայման է գների կայունությունը: Այնպիսի երկրներում, ինչպիսին Հայաստանն է, անկախության ձեռք բերումից հետո տնտեսությունում նկատվեց եկամուտների անկում, գների կտրուկ աճ և մնացած մակրոտնտեսական ցուցանիշների վատթարացում: Նման երկրների կենտրոնական բանկերի համար հրատապ խնդիր է դառնում գնաճի արդյունավետ կառավարումը: Գնաճի վերաբերյալ կան շատ վերլուծություններ, որոնք կատարվել են անցումային տնտեսությունների օրինակով՝ ինչպես տարբեր երկրների տվյալների խմբավորված վերլուծությամբ, այնպես էլ առանձին երկրների տնտեսության վերլուծությամբ: Կատարված վերլուծությունների արդյունքներից ելնելով՝ ձևավորվել են տարբեր տեսակետներ.
- գնաճի կարգավորման առումով կարևոր են հարկաբյուջետային կարգավորումը, փոխարժեքի կառավարումը և կառուցվածքային բարեփոխումները,
- գնաճն ունի մոնետար հիմք,
- գնաճը գնագոյացման գործընթացի արդյունք է:
Ըստ գնաճի վերլուծության առաջարկվող մոտեցման՝ սպառողական զամբյուղում ընդգրկված ապրանքների գները տարանջատվում են առանձին ապրանքախմբերի և առանձնահատուկ մոտեցում է ցուցաբերվում յուրաքանչյուր ապրանքախմբին: Կախված տվյալ ապրանքախմբի յուրահատկություններից՝ այդ ապրանքախմբի գները բացատրելիս դիտարկվել են պահանջարկը, առաջարկը, գնագոյացումը, հարաբերական գները բնութագրող գործոններ կամ դրանց որոշակի համախումբ:
Աշխատանքում նախ ներկայացված են մոդելի կառուցման տրամաբանությունը և գնահատված հավասարումները, ապա՝ մոդելում օգտագործված տվյալները, այնուհետև՝ մոդելի արդյունքների հիման վրա կատարված դատողությունները և կանխատեսումները: Հավելվածներում ներկայացված են մոդելի կառուցման և բարելավման համար կատարված էկոնոմետրիկ թեստերի արդյունքները:
* Հեղինակների տեսակետները կարող են չհամընկնել ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական դիրքորոշմանը: ** Հեղինակները շնորհակալություն են հայտնում ՀՀ ԿԲ խորհրդի անդամ Վ. Գաբրիելյանին՝ արժեքավոր դիտողությունների համար: Մոդելի արդյունքների հիման վրա կատարված դատողություններում ու կանխատեսումներում արտահայտվել են հեղինակների տեսակետները: