Հեքշեր-Օլինի տեսության կիրառությունը Հայաստանում
ԱՓ 08/04-04
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկ
Աշխատանքային Փաստաթուղթ
Դրամավարկային Քաղաքականության Վարչություն
Հեքշեր-Օլինի տեսության կիրառությունը Հայաստանում
Վահագն Գրիգորյան
Ներածություն
Ներկա ժամանակաշրջանում ամբողջ աշխարհը ընդգրկված է գլոբալացման համընդհանուր գործընթացում: Առանձին երկրներ ինտեգրվում են համաշխարհային տնտեսությանը, ներառվում միջազգային տնտեսական հարաբերությունների ոլորտը: Առանց այդ գործընթացների՝ անհնար է պատկերացնել երկրների կայուն զարգացումը արդի միջավայրում. զարգացման բոլոր հնարավորությունները և վտանգները երկրների համար բխում են միջազգային տնտեսությունից: Միջազգային տնտեսական հարաբերությունների հիմքում միջազգային առևտուրն է, որը պատմականորեն եղել է զարգացման առաջնային ձևը: Այս հիմքի վրա այնուհետև առաջացել են միջազգային ֆինանսները, որոնք զարգանալով՝ այժմ գրեթե կտրվել են միջազգային առևտրի հիմքից և դարձել ինքնաբավ ճյուղ: Այնուամենայնիվ, միջազգային հարաբերություններում որպես հիմնական և առաջնային դիտարկվում է միջազգային առևտուրը, և այս նյութում ուսումնասիրվում է հենց այդ ոլորտը: Հայաստանի տնտեսության համար միջազգային առևտրի ուսումնասիրությունն ունի առաջնային դեր և նշանակություն: Հայաստանը, լինելով փոքր տնտեսությամբ երկիր, որպես զարգացման ճանապարհ պետք է ընտրի մասնագիտացումը միջազգային առևտրում: Բոլոր երկրների մասնագիտացման հիմքում նրանց համեմատական առավելությունն է այս կամ այն ապրանքի արտադրության մեջ: Վերջինս, իր հերթին, ուղղակիորեն կախված է արտադրական ռեսուրսներով երկրի օժտվածությունից, ինչպիսիք են՝ աշխատուժը և կապիտալը (երկգործոնային տնտեսության մեջ): Այս նյութի նպատակն է բացահայտել Հայաստանի օժտվածությունը և համեմատական հարստությունը արտադրության ռեսուրսներով, դիտարկել դրա ազդեցությունը արտաքին առևտրի և ներքին գների վրա:
Վերլուծության արդյունքում կփորձենք բացահայտել արտադրական ռեսուրսներով Հայաստանի համեմատական հարստությունը (այլ երկրների նկատմամբ) և դիտարկել կապը համեմատական այդ առավելության և փաստացի արտաքին առևտրի կառուցվածքի միջև: Այս դրույթների էմպիրիկ ապացույցները թույլ կտան տեղայնացնել միջազգային առևտրի տեսության հիմնարար եզրակացությունները Հայաստանի համար (երկրների մասնագիտացման ուղղությունները, եկամուտների վերաբաշխումը երկրների ներսում և երկրների միջև, զարգացման հեռանկարները, ապրանքների գների վրա ռեսուրսների գների ազդեցությունը):
Այս նպատակով կիրառվել է միջազգային առևտրի դասական տեսություններից մեկը, որը հայտնի է որպես Հեքշեր-Օլինի կամ արտադրության գործոնների հարաբերության տեսություն:
- Առաջին բաժնում նկարագրվում են Հեքշեր-Օլինի տեսության հիմնական հասկացությունները և նախնական ենթադրությունները, որոնք անհրաժեշտ են տեսությունը հասկանալու համար:
- Երկրորդ բաժնում քննարկվում են բուն մոդելը և հիմնական եզրակացությունները, որոնք տրվում են տնտեսագետների կողմից այդ տեսության ապացուցման արդյունքում:
- Երրորդ բաժնում ներկայացվում են այն հիմնական վարկածները, որոնք պետք է ստուգվեն Հայաստանի և համաշխարհային տնտեսության տվյալների վերլուծության միջոցով:
- Չորրորդ բաժնում դիտարկվում է Հայաստանի օժտվածությունը արտադրական ռեսուրսներով, ինչպես նաև արվում են որոշակի դատողություններ այդ ռեսուրսների գների վերաբերյալ:
- Հինգերորդ բաժինը հիմնականն է այս աշխատության մեջ: Փորձ է արվում ստուգել Հայաստանի արտաքին առևտրի ռեսուրսատարության համապատասխանությունը ռեսուրսներով օժտվածությանը:
- Վեցերորդ բաժնում ամփոփվում են Հեքշեր-Օլինի տեսությունից բխող եզրահանգումները Հայաստանի համար, ընդ որում՝ հնարավորինս հաշվի են առնվել նաև արտաքին առևտրի վերաբերյալ մյուս տեսությունները, և փորձ է արվել որոշակիորեն մեղմել տեսության սահմանափակումները՝ նկատի ունենալով Հայաստանի առանձնահատկությունները: