ՀՀ պետական բյուջեի հիմնական հարկատեսակների կանխատեսման վիճակագրական մեթոդները և դրանց կիրառման արդյունքները

ԱՓ 08/04-02

Հայաստանի Հանրապետության 
կենտրոնական բանկ

Աշխատանքային Փաստաթուղթ 
Դրամավարկային Քաղաքականության Վարչություն

ՀՀ պետական բյուջեի հիմնական հարկատեսակների կանխատեսման վիճակագրական մեթոդները և դրանց կիրառման արդյունքները 
Վահրամ Ջանվելյան

Ներածություն

Սույն նյութի նպատակն է ներկայացնել պետական բյուջեի հարկային եկամուտների կազմում մեծ տեսակարար կշիռ ունեցող ԱԱՀ-ի, ակցիզային հարկի, մաքսատուրքի վիճակագրական վերլուծության մեթոդներով ստացված կանխատեսումային գնահատականները՝ ՀՀ ԿԲ-ի ֆինանսական ծրագրում օգտագործելու և ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ պետական բյուջեի կազմմանն ու կատարմանն առնչվող քննարկումներին ՀՀ ԿԲ- ի գնահատակաները ներկայացնելու նպատակով: Ստացված արդյունքները վկայում են հարկային եկամուտների վիճակագրական գնահատման մեթոդների կարևորության և արդյունավետության մասին:

Զարգացող երկրներում դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների կոորդինացման փորձը ցույց է տալիս, որ այդ երկրները շարժվում են քաղաքականությունների, հետևաբար այդ քաղաքականությունները բնութագրող ցուցանիշների, փոխադարձ ծրագրման և համատեղ քննարկումների արդյունքում միասնական կարծիքի ձևավորման ուղղությամբ: Դա ենթադրում է, որ կենտրոնական բանկը պետք է ունենա նաև սեփական գնահատականներ պետական բյուջեի ցուցանիշների վերաբերյալ: Ներկայումս ՀՀ պետական բյուջեի վերաբերյալ փաստացի ցուցանիշների բավարար շարքի առկայությունը թույլ է տալիս արդեն իսկ մտածել վիճակագրական վերլուծության մեթոդներով բյուջեի հարկային եկամուտների կանխատեսման հնարավորության մասին: Տարբեր երկրներում այժմ կատարվում են նման վերլուծություններ և լայնորեն կիրառվում պետական բյուջեների նախագծերի, տնտեսական այլ ծրագրերի կազմման ժամանակ: Այդ մեթոդները բազմաթիվ են և դա հիմնականում պայմանավորված է երկրների տնտեսական զարգացման առանձնահատկություններով, վիճակագրական վերլուծության մեթոդների ներդրման աստիճանով և, իհարկե, պատմական շարքերի բավարարությամբ: Այդ մեթոդների ուսումնասիրումը կարևորվում է ՀՀ-ում կանխատեսումային առավել ճշգրիտ մոդելներ ստանալու համար, միաժամանակ ՀՀ հարկային համակարգի զարգացման առանձնահատկությունները թելադրում են հարկային եկամուտների կանխատեսման առանձնահատուկ մեթոդների մշակման անհրաժեշտությունը: Սույն նյութում փորձ է կատարվել ներկայացնել ՀՀ պետական բյուջեի հիմնական հարկատեսակների՝ ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի և մաքսատուրքի հարկման բազայի որոշման, հարկային օրենսդրության փոփոխությունների քանակական գնահատման մոտեցումները և դրանց հիման վրա, օգտագործելով ռեգրեսիոն վերլուծության տեխնիկան, ստանալ համապատասխան գնահատիչ հավասարումներ, որոնք կարող են կիրառվել նշված հարկատեսակլների գծով մուտքերի կանխատեսման ժամանակ: