Սղաճը եւ ներմուծման գները Հայաստանում

ԱՓ 08/03-04

Հայաստանի Հանրապետության 
կենտրոնական բանկ

Աշխատանքային Փաստաթուղթ
Դրամավարկային Քաղաքականության Վարչություն 
Արտաքին տնտեսական հարաբերությունների և արտարժութային քաղաքականության բաժին

Սղաճը եւ ներմուծման գները Հայաստանում 
Վահագն Գրիգորյան

Սղաճի վրա ազդող հիմնական փոփոխականների թվում իր յուրահատկությամբ առանձնանում է ներմուծման գների ազդեցությունը: Ներմուծման գները այն փոփոխականներից են, որոնց ազդեցությունը սղաճի վրա դիտարկվում է ուղղակիորեն, և քանի որ դրանք դուրս են երկրի տնտեսական քաղաքականություն իրականացնող մարմինների ազդեցության ոլորտից, ապա ավելի մեծ կարևորություն են ներկայացնում կանխատեսման և ազդեցության բացահայտման տեսակետից:

Ներմուծումը օգտագործվում է որպես միջանկյալ սպառում, կապիտալի ձևավորման համար և սպառման մեջ: Այդ իսկ պատճառով, ներմուծման գների ինդեքսը ամբողջությամբ բացատրվում է ներմուծման այդ 3 բաղադրիչների գների տատանումներով: Ներմուծված սպառողական ապրանքների գները ուղղակիորեն ներառվում են սպառողական գների ինդեքսում կամ մրցակցում են այդ ինդեքսում ներառված տեղական արտադրության ապրանքների գների հետ: Իսկ միջանկյալ սպառման և կապիտալի համալրման ապրանքների գների փոփոխությունը, բնականաբար, որոշակի լագով ազդում է ներքին արտադրության վերջնական արտադրանքի գների վրա: Այդպիսով, ներմուծման գների ինդեքսը ծախսային սղաճի (առաջարկի սղաճի) ինդիկատորներից մեկն է:

Նյութի նպատակն է բացահայտել և գնահատել Հայաստանում սղաճի վրա ներմուծման գների ազդեցությունը ինչպես ագրեգացված ցուցանիշների միջոցով, այնպես էլ առանձին ապրանքատեսակների, մասնավորապես՝ բենզինի գների կտրվածքով: Սա թույլ կտա կանխատեսել սղաճի ավտոնոմ մասը, որը պայմանավորված է միջազգային գների փոփոխությամբ, և քաղաքականություն մշակելիս հաշվի առնել որպես էկզոգեն գործոն:

Պետք է նշել, որ ներքին գների վրա ներմուծման գների և փոխարժեքի ազդեցության բացահայտման համար (այսպես կոչված՝ փոխանցման էֆեկտ` “pass-through effect”) տեսական գրականության մեջ օգտագործում են բավականին բարդ մոդելներ` ներառելով սպառողական գների ինդեքսը, արդյունաբերողների գների ինդեքսը, ներմուծման գները, փոխարժեքը, նավթի գները և ՀՆԱ ճեղքվածքը (պոտենցիալ և փաստացի ՀՆԱ-ի տարբերությունը): Սակայն եռամսյակային շարքերը Հայաստանի դեպքում բավականին կարճ են, ուստի նման լագային ազդեցություններ հաշվարկելու համար որոշվեց վերլուծել և բացահայտել ներմուծման գների, փոխարժեքի և սղաճի կապը ավելի պարզ` մեկ ռեգրեսիոն հավասարումներից բաղկացած մոդելների միջոցով:

Այս կապերը բացահայտելու համար աշխատանքը իրականացվել է հետևյալ փուլերով.

  1. նախ կատարվել է սպառողական զամբյուղի վերլուծություն և մի քանի ապրանքախմբերի բաղդատում՝ ներմուծված, ներքին արդյունաբերական, գյուղատնտեսական ապրանքներ (այդ թվում՝ կենդանական և բուսական ծագման) և ծառայություններ,
  2. նմանատիպ վերլուծության է ենթարկվել ներմուծումը, որը բաժանվել է 4 մասի՝ ըստ ապրանքային նշանակության միջազգային վիճակագրական Լայն տնտեսական դասակարգչի (BEC- Broad Economic Classification)՝ սպառողական, ներդրումային, միջանկյալ սպառման և այլ ապրանքախմբերի, հաշվարկվել են սպառողական ապրանքների ներմուծման մեջ առանձին երկրների կշիռները և այդ կշիռների հիման վրա՝ ներմուծման սպառողական ապրանքների միավոր արժեքը,
  3. վերլուծվել են սպառողական զամբյուղի առանձին ապրանքատեսակների և միջազգային շուկայում գնանշվող ապրանքատեսակների գները, ավելի մանրամասն է ուսումնասիրվել բենզինի գների կախվածությունը միջազգային գներից,
  4. առանձին վերլուծվել են ներմուծման միավոր արժեքի և սղաճի զամբյուղի ապրանքախմբերի (ներմուծված, գյուղատնտեսական, արդյունաբերական ապրանքներ, ծառայություններ), ինչպես նաև ընդհանուր սղաճի կապը:

Վերլուծության թվային բազա են հանդիսացել Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած՝ առանձին ապրանքատեսակների սպառողական գների ինդեքսի 1995-2002 թթ. ամսական շարքերը՝ տարեկան փոփոխվող ընթացիկ զամբյուղով, արտաքին առևտրի Ապրանքների դասակարգման և կոդավորման ներդաշնակեցված համակարգի (HS- Harmonized system of Commodity Classification and Coding) 8-անիշ դասակարգմամբ ամսական տվյալները՝ ըստ առանձին ապրանքատեսակների և երկրների, IFS-ում (International Financial Statistics, IMF) զետեղված՝ միջազգային ապրանքային շուկաների գները և գործընկեր երկրների սղաճների ու փոխարժեքների վերաբերյալ տեղեկատվությունը: