Հարկաբյուջետային ազդակի ցուցանիշը

ԱՓ 08/03-03

Հայաստանի Հանրապետության 
կենտրոնական բանկ

Աշխատանքային Փաստաթուղթ 
Դրամավարկային Քաղաքականության Վարչություն

Հարկաբյուջետային ազդակի ցուցանիշը 
Վարդան Արամյան և Վահրամ Ջանվելյան

Հարկաբյուջետային ազդակի ցուցանիշի հաշվարկման հիմնական նպատակն է պարզել տնտեսության մեջ հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունը ամբողջական պահանջարկի մակարդակի,հետևաբար նաև գների մակարդակի ձևավորման վրա: Նյութը վերլուծական է և ստացված արդյունքները կծառայեն դրամավարկային ծրագրավորման աշխատանքների բարելավմանը:

Ներածություն

ՀՀ կառավարության կողմից վարած հարկաբյուջետային քաղաքականությունը, որի ներքո կառավարությունն իր ծախսերի կամ եկամուտների հավաքագրման միջոցով ազդում է ամբողջական պահանջարկի վրա,1994 թվականից սկսած բազմիցս փոփոխությունների է ենթարկվել: Սկզբնական շրջանում բյուջեի զգալի դեֆիցիտի առկայության և դրա ֆինանսավորման աղբյուրների սահմանափակվածության պայմաններում կառավարությունը խնդիր ուներ կրճատել դեֆիցիտը, ինչը, բնականաբար, իր ազդեցությունը թողեց մակրոտնտեսական ցուցանիշների ձևավորման վրա: Սակայն դեֆիցիտի նվազումը միանշանակ չի լուսաբանում, կառավարության վարած քաղաքականության ուղղվածության և ամբողջական պահանջարկի վրա թողած ազդեցության մասին: Այսպես՝ ենթադրենք ուսումնասիրվող տարվա արդյունքում ձեռք է բերվել եկամուտների և ծախսերի այնպիսի մակարդակ, որոնց պայմաններում գրանցվել է բյուջեի զգալի դեֆիցիտ:

Առաջին հայացքից թվում է թե հարկաբյուջետային քաղաքականությունն ընդլայնող է եղել (երբ տնտեսությունից ավելի քիչ փող ենք հավաքագրում, քան ներարկում՝ խթանելով ամբողջական պահանջարկը): Սակայն պատկերը կարող է բոլորովին այլ լինել. եթե ուսումնասիրենք եկամուտների փոփոխությունը փաստացի ՀՆԱ-ի և ծախսերի փոփոխությունը պոտենցիալ ՀՆԱ-ի փոփոխություների նկատմամբ (դրանց մասին ավելի մանրամասը կխոսվի հետագայում): Մեր օրինակում, եթե եկամուտների աճի և փաստացի ՀՆԱ աճի հարաբերությունը հավասար լինի համեմատվող ժամանակաշրջանի բյուջեի եկամուտների և ՀՆԱ հարաբերության մեծությանը, նշանակում է հավաքագրվել է ՀՆԱ աճին համապատասխան եկամուտներ: Միևնույն ժամանակ եթե կատարած ծախսերի արդյունքում փաստացի ՀՆԱ-ն ավելի ցածր լինի քան պոտենցիալը, կնշանակի որ պոտենցիալ ՀՆԱ-ի անհրաժեշտ մակարդակի ձեռք բերման համար համապատասխան ծախսեր չեն կատարվել՝ թեկուզև տվյալ տարում ձևավորվել է դեֆիցիտ: Համանման կարգով հնարավոր է նաև ուսումնասիրվող տարում ունենալ ավելցուկ, ընդ որում եկամուտների մասում զգալի կշիռ ունենան գրանտներն ու ԿԲ շահույթը, որոնք տնտեսությունից չեն հավաքագրվում, իսկ տնտեսությունից փաստացի հավաքագրված եկամուտները քիչ լինեն (եկամուտները փաստացի ՀՆԱ-աճին համապատասխան չեն հավաքագրվել):

Արդյունքում՝ եթե դատենք միայն բյուջեի ավելցուկով ապա կստացվի, որ հարկաբյուջետային քաղաքականությունը սեղմողական ազդեցություն է ունեցել տնտեսության վրա, սակայն իրականում ծախսերի անհրաժեշտ մակարդակի ապահովման պայմաններում, անհրաժեշտ եկամուտների մակարդակը չի հավաքագրվել տնտեսությունից, որի արդյունքում խթանվել է ամբողջական պահանջարկը (հարկաբյուջետային քաղաքականությունը եղել է ընդլայնող): Սա է պատճառը, որ հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունը ամբողջական պահանջարկի վրա ուսումնասիրելիս անհրաժեշտ է օգտվել հարկաբյուջետային ազդակների ցուցանիշից: Հակառակ դեպքում եթե առաջնորդվենք միայն դեֆիցիտի ցուցանիշներով, այն կարող է խեղաթյուրել փաստացի ձևավորված իրավիճակը:

Նյութում ներկայացվում է կառավարության հարկաբյուջետային դիրքը ամեն մի եռամսյակի համար, ընդ որում, նշելով, թե այդ դիրքը ձեռք է բերվել հիմնականում բյուջեի ծախսային, թե եկամտային մասի փոփոխմամբ: Փորձ է արվել նաև համեմատել ՀՀ պետբյուջեի ծրագրերի կատարման դեպքում ակնկալվող և փաստացի ցուցանիշների պարագայում ձևավորված արդյունքների ազդեցությունը տնտեսության վրա (կսեղմեր, թե կընդլայներ տնտեսությունը):