Բանկերի վարկերի տոկոսադրույքների գնահատումը ըստ ծախսային բաղադրիչների
ԱՓ 08/03-01
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկ
Աշխատանքային Փաստաթուղթ
Դրամավարկային Քաղաքականության Վարչություն
Բանկերի վարկերի տոկոսադրույքների գնահատումը ըստ ծախսային բաղադրիչների
Անդրանիկ Մամիկոնյան և Արթուր Նախշիկյան
Ներածություն
Հայաստանի տնտեսության զարգացման գերխնդիրներից մեկը ֆինանսական շուկայի կայունությունն է, որը կապիտալի ներհոսքի, ներդրումների աճի, տնտեսության զարգացման և բնակչության կենսամակարդակի բարձրացման կարևոր նախապայման է: Ֆինանսական կայունության արդյունքում իջնում են տնտեսության վարկերի անվանական տոկոսադրույքները և փոքրանում են վարկային ռիսկերը, մեծանում են միջինժամկետ և երկարաժամկետ վարկերի ծավալները, որոնք հանգեցնում են տնտեսության աշխուժացման: Միևնույն ժամանակ, տոկոսադրույքների իջեցումը ազդում է բանկերի եկամուտների վրա և ոչ բոլոր դեպքերում է, որ բանկերը կարողանում են կորուստներ չկրել, հարմարվել և շարունակել գործել վարկային շուկայի նոր պայմաններում:
Այսպիսով, վարկերի անվանական տոկոսադրույքները վարկային շուկայի հիմնական բնութագրիչներից են և որպես շուկայական տոկոսադրույք, ներառում են սղաճի հավելավճարը և վարկավորման հետ կապված բոլոր տեսակի ծախսերը: Տնտեսական վերափոխումների ժամանակ ոչ միշտ են պահպանվում տեսական սկզբունքները, և բանկերի վարկերի տոկոսադրույքները չեն համապատասխանում շուկայական տոկոսադրույքներին` վարկերի ծախսերով գնահատված և շուկայական տոկոսադրույքների միջև կան էական տարբերություններ:
Աշխատանքում փորձ է արվել վիճակագրորեն հետազոտել բանկերի վարկերի տոկոսադրույքների գնագոյացումը, գնահատել վարկային անվանական տոկոսադրույքի բաղադրիչ մասերը: Հետազոտության նպատակն է՝ գնահատումների միջոցով որոշել շուկայում վարկերի ձևավորված տոկոսադրույքները իրատեսական են, թե՝ ոչ: Այսինքն՝ վարկավորման գործընթացը փոխշահավետ է, թե՝ ոչ: Հարցադրումը շատ հետաքրքիր է, քանի որ վարկի գինը ենթադրում է փոխհատուցել վարկավորման հետ կապված բոլոր ծախսերը և բանկերին ապահովել որոշակի հավելավճարի մակարդակ: Միևնույն ժամանակ, ճիշտ չէ տոկոսադրույքների հաշվին վարկավորման հետ կապված ծախսերը և շահույթի չափը ուռճացնելը:
Բանկերի տնտեսության վարկերի տոկոսադրույքների գնահատականների հաշվարկման համար օգտագործվել է բանկերի ամսական թիվ 1, ՀՀ կենտրոնական բանկում պարտադիր պահուստավորման նորմատիվի վերաբերյալ թիվ 4, բանկերի եկամուտների և ծախսերի վերաբերյալ թիվ 5, վարկային ներդրումների, դեբիտորական պարտքերի և ինվեստիցիոն արժեթղթերի վերաբերյալ թիվ 6, ներգրավված և տեղաբաշխված միջոցների կառուցվածքի վերաբերյալ թիվ 8 հաշվետվությունները: Հաշվարկները կատարվել են 33 բանկերի տեղեկատվությանը համապատասխան և ընդգրկում են 1999 թվականի փետրվարից մինչև 2002 թվականի դեկտեմբեր ժամանակահատվածը:
Վերլուծությունների համար ընտրվել են 18 բանկեր, որոնց ընդհանուր ակտիվները նշված ժամանակահատվածում կազմել են բանկային համակարգի ակտիվների 57-88 տոկոսը: Գնահատման արդյունքները ցույց են տալիս, որ բանկերի վարկերի տարեկան ծախսերը 1999 – 2002թթ. 24.90 տոկոսից նվազել են մինչև 14.58 տոկոս: Ծախսերում համեմատաμար մեծ են սուբյեկտիվ գործոններով պայմանավորված՝ բանկի վարչական և 4 վարկերի ռիսկերի ծախսերը, որոնց մեծությունները համապատասխանաμար կազմել են 5.17 և 1.66 տոկոս (2002 թ. ընդհանուր գումարայինը՝ 14.58 %):
Ստացված արդյունքներով հաշվարկվել են տարբեր ցուցանիշներ և ներկայացվել աղյուսակներով և գրաֆիկորեն, ինչպես նաև կազմվել է դրանց զարգացման դինամիկան ըստ ժամանակի: Կատարվել են գործոնային վերլուծություններ և տրվել համապատասխան եզրակացություններ, նշվել դրանց հնարավոր կիրառություններ: