Եվրոբանկի և Հայաստանի Հանրապետության փոխհարաբերությունները (2004թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ)
ԱՓ 08/05-02
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկ
Աշխատանքային Փաստաթուղթ
Դրամավարկային Քաղաքականության Վարչություն
Եվրոբանկի և Հայաստանի Հանրապետության փոխհարաբերությունները
(2004թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ)
Մարգարիտա Մամիկոնյան
Ընդհանուր տեղեկատվություն
Զարգացման և վերականգնման եվրոպական բանկը (այսուհետ՝ Եվրոբանկ) ստեղծվել է 1991 թվականին՝ օգնելու համար կենտրոնական և արևելյան Եվրոպայի և նախկին ԽՍՀՄ երկրներին անցնելու նոր տնտեսավարման մեխանիզմների և զարգացնելու մասնավոր ու ձեռնարկատիրական նախաձեռնությունները: Եվրոբանկի բաժնետիրական կապիտալը, որը ձևավորվում է 60 երկրների կառավարությունների և 2 միջազգային հաստատությունների ներդրումներից, բաղկացած է 2 մլն բաժնետոմսերից՝ յուրաքանչյուրը 10,000 եվրո անվանական արժեքով: 1991-2004թթ.-երի ընթացքում Եվրոբանկը իր գործունեության տարածաշրջանում իրականացրել է 1,140 ծրագրեր՝ ներդնելով ավելի քան 25.322 մլրդ եվրո:
Արևելյան և կենտրոնական Եվրոպայի ու նախկին ԽՍՀՄ հանրապետություններում Եվրոբանկի համեմատական ռազմավարությունը և նրա կողմից ֆինանսավորվող ծրագրերի հանգամանալից ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Եվրոբանկը, որպես կոմերցիոն կառույց, ներդրումներ իրականացնելիս անպայմանորեն հաշվի է առնում այդ երկրում մակրոտնտեսական և քաղաքական կայունությունը, զարգացած և հուսալի ֆինանսական համակարգի կամ որոշ երկրներում բարձր ֆինանսական եկամտաբերություն ունեցող տնտեսության ճյուղերի (հանքահումքային) առկայությունը: