Հայաստանի Հանրապետության վճարային հաշվեկշիռը 2009 թվականին
Հայաստանի Հանրապետության վճարային հաշվեկշիռը 2009 թվականին
Վիճակագրության վարչություն
Անուշ Իգիթխանյան, Լիլիթ Եզեկյան, Լիլիթ Սարգսյան, Արմեն Գագիկյան
Վճարային հաշվեկշիռն ու միջազգային ներդրումային դիրքը տվյալ երկրի և արտաքին աշխարհի միջև իրականացված տնտեսական բոլոր գործառնությունների վիճակագրական արտացոլումն են: Եթե վճարային հաշվեկշիռն արտացոլում է ժամանակի որոշակի միավորի ընթացքումª սովորաբար 1 տարում իրականացված գործառնությունները, ապա միջազգային ներդրումային դիրքն արտացոլում է նախկինում իրականացված բոլոր տնտեսական գործառնությունների արդյունքում արտաքին աշխարհի նկատմամբ ձևավորված երկրի ֆինանսական ակտիվներն ու պարտավորությունները ժամանակի որոշակի պահի դրությամբ:
Հայաստանի վճարային հաշվեկշիռը կազմվում է 1993 թվականից, իսկ միջազգային ներդրումային դիրքը` 1998 թվականից, Ազգային վիճակագրական ծառայության կողմից: Վճարային հաշվեկշռի և միջազգային ներդրումային դիրքի վիճակագրությունը հավաքագրվում է միջազգային չափանիշներին համապատասխան և համահունչ է միջազգային չափորոշիչներին, թեև շարունակական բարելավման կարիք ունի:
Դեռևս նախորդ տարվա երկրորդ կեսին սկիզբ առած ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքով առաջացած միտումները պահպանվել են նաև 2009թ. ընթացքում: Պետք է նշել, որ նախկին ԽՍՀՄ երկրներից Հայաստանը ամենամեծ տնտեսական անկում ունեցողներից էր: ՀՆԱ անկումը կազմեց 14.2 %: Համեմատության համար նշենք, որ անկումը Ուկրաինայում կազմել է 15.1 %, Լատվիայում` 18.0 %, Վրաստանում`4.2 %, իսկ Ադրբեջանում գրանցվել է 9.3 % աճ:
Ընդհանուր առմամբ, նախկին ԽՍՀՄ երկրների, այդ թվում նաև ՀՀ վճարային հաշվեկշռին 2009թ. ընթացքում բնորոշ են եղել.
- Կապիտալի արտահոսքով պայմանավորված` վարկային ֆինանսական միջոցների ներգրավում ԱՄՀ, ԵՄ և այլ պետություններից, որը նպաստել է արտաքին պարտավորությունների ավելացմանը:
- Միջազգային շուկաներում հանքահումքային ապրանքների և մետաղների գների անկման արդյունքում հանքահումքային արտադրանք և ոչ թանկարժեք մետաղներ արտահանող երկրների արտահանման ծավալների զգալի նվազում (ՌԴ, Ադրբեջան, Հայաստան, Ուկրաինա, Մերձբալթյան երկրներ):
- Դրամական փոխանցումների ծավալների կրճատում: Նման միտումներ դրսևորվել են հատկապես Հայաստանում, Մոլդովայում,Ղրղզստանում և Վրաստանում` պայմանավորված ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքով Ռուսաստանի Դաշնությունում տնտեսական անկման խորացմամբ:
- Արտաքին ազդակների և արտարժույթի նկատմամբ պահանջարկի աճի հետևանքով ազգային արժույթների արժեզրկում (Ուկրաինա, Ռուսաստանի Դաշնություն, Ղազախստան, Հայաստան, Ղրղզստան): Ազգային արժույթի կտրուկ արժեզրկումները կանխելու նպատակով արժույթի շուկաներում իրականացվել են մեծ քանակությամբ ինտերվենցիաներ:
- Եկամուտների նվազմամբ պայմանավորված ներքին սպառման կրճատման հետևանքով ներմուծման ծավալների անկում, ինչն իր հերթին նպաստել է ընթացիկ հաշվի պակասուրդի կրճատմանը (Մերձբալթյան երկրներ):
- Ֆինանսավորման աղբյուրների բացակայությամբ պայմանավորված` օտարերկրյա ներդրումների անկում: