Հայաստանի Հանրապետության հուշադրամներ-2025

Հարգելի՛ ընթերցող

 «Հայաստանի Հանրապետության հուշադրամներ – 2025» տարեկան հանդեսը ներկայացնում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից 2025 թվականին թողարկված հուշադրամները՝ նվիրված հայ նշանավոր գործիչների հոբելյանական տարեդարձերին:

ՀՀ կենտրոնական բանկը՝ որպես հուշադրամների թողարկման բացառիկ իրավունքով օժտված կառույց, իր առաքելություններից է համարում Հայաստանի պատմական, մշակութային և հոգևոր արժեքների, ինչպես նաև ազգային ու միջազգային կարևոր իրադարձությունների արտացոլումը հուշադրամներում: Այս կերպ դրանք դառնում են մեր ժառանգության պահպանման և հանրահռչակման յուրօրինակ միջոց, որով, միևնույն ժամանակ ապահովվում է հայկական դրամագիտական ավանդույթների շարունակական զարգացումը:

2025 թվականին հայկական մշակութային կյանքի հիշարժան իրադարձություններից էին մեծանուն բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառումները: Այդ առիթով ՀՀ կենտրոնական բանկը թողարկել է «Ավետիք Իսահակյան-150» հուշադրամը՝ որպես հարգանքի տուրք Վարպետի անգնահատելի գրական ժառանգությանը, որը շարունակում է ոգեշնչել սերունդներին: Հուշադրամի դիմերեսին պատկերված է Արագած լեռը և բանաստեղծի հանրահայտ «Արագածին» ստեղծագործությունից մեկ քառատող, իսկ դարձերեսին Ավետիք Իսահակյանի դիմապատկերն է:

Տարին հոբելյանական էր ամերիկահայ հայտնի գործարար և բարերար Ջերարդ Լ.Գաֆէսճեանի համար. նշվեց նրա ծննդյան 100-ամյակը: Հոբելյանի կապակցությամբ ՀՀ կենտրոնական բանկը թողարկել է «Ջերարդ Լ.Գաֆէսճեան-100» հուշադրամը՝ որպես երախտագիտության և գնահատանքի խորհրդանիշ մեծ բարերարի հայրենանպաստ գործունեությանը և թողած մշակութային ժառանգությանը: Հուշադրամի դիմերեսին պատկերված է հայ բարերարի հավաքական կերպարը խորհրդանշող հուշակոթողը, իսկ դարձերեսին ԱՄՆ-ի Մինեսոտա նահանգի Կոմո այգու կարուսելն է՝ վերականգնված բարերարի նախաձեռնությամբ: Այն խորհրդանշում է նրա բարեգործության համամարդկային և սահմաններ չճանաչող բնույթը:

Հայկական կինոյի նշանավոր կինոռեժիսոր, սցենարիստ Հենրիկ Մալյանի ծննդյան 100-ամյակը ևս նշանավորվել է հուշադրամի թողարկմամբ։ «Հենրիկ Մալյան-100» հուշադրամն իր ուրույն տեղն է զբաղեցնում հայ մեծանուն կինոռեժիսորներին նվիրված հուշադրամների շարքում՝ համալրելով Սերգեյ Փարաջանովի, Համո Բեկնազարյանի, Անրի Վեռնոյի հոբելյաններին նվիրված թողարկումները։ Հոբելյանի կապակցությամբ Հայաստանի կինոյի հիմնադրամի՝ Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում կազմակերպված շնորհանդեսին ներկայացվել է «Հենրիկ Մալյան-100» հուշադրամը, որի վրա պատկերված են կինոյի մեծ վարպետը և նրա հեղինակած  «Եռանկյունին» և «Կտոր մը երկինք» հայտնի ֆիլմերից կադրեր։

Ավանդույթի համաձայն՝ 2025 թվականին ՀՀ կենտրոնական բանկը մասնակցել է Ռուսաստանի Դաշնությունում անցկացված «Դրամների համաստեղություն-2025» 19-րդ միջազգային դրամագիտական մրցույթին՝ ներկայացնելով նախորդ տարվա թողարկումները: Մրցույթին մասնակցության հայտով էին դիմել երկու տասնյակից ավելի կազմակերպություններ՝ ընդհանուր առմամբ 135 լավագույն թողարկումներով: ՀՀ կենտրոնական բանկը մրցույթում արձանագրել է երկու նշանակալի հաջողություն. «Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակ» ոսկե հուշադրամը հաղթող է ճանաչվել «Տարվա ոսկե հուշադրամ» անվանակարգում, իսկ «Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակ» ոսկե հուշադրամը զբաղեցրել է 2-րդ տեղը «Տարվա հուշադրամ» անվանակարգում:

Հուսով ենք, որ ՀՀ կենտրոնական բանկի 2025 թվականի թողարկումները ևս կարժանանան հայ և միջազգային դրամագիտական հանրության լայն շրջանակների հետաքրքրությանը և դրամագիտական հանրույթի բարձր գնահատականին:

 Մարտին Գալստյան

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ