ՀՀ ԿԲ տարեկան հաշվետվություն (2025 թվական)

Սիրելի՛ ընթերցող

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Կենտրոնական բանկի 2025 թվականի գործունեության հաշվետվությունը: Հաշվետվությունն ամփոփում է Կենտրոնական բանկի առաջընթացը 2025-2027 թվականների ռազմավարության իրականացման շրջանակում, անդրադառնում է նաև Կենտրոնական բանկի գործունեության այլ ուղղություններին, ներառում է 2025 թվականի մեր գործունեության ֆինանսական արդյունքները: Հաշվետվության մեջ Դուք կգտնեք բացառապես այն աշխատանքները, որոնք ավարտին են հասել 2025 թվականի ընթացքում, սակայն մենք ունենք նաև շատ այլ նախաձեռնություններ, որոնք դեռ ապագայում են տալու իրենց պտուղները, և դրանց հաջողությունների մասին, հուսով եմ, առիթ կունենանք խոսելու ապագայում:

2025 թվականի ընթացքում Կենտրոնական բանկը վստահորեն իրականացրել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ իրեն վերապահված խնդիրները:

2025 թվականն առաջին տարին էր, երբ գնաճի թիրախը սահմանվեց 3 տոկոս: Այդ ընթացքում գնաճը պահպանվել է կայուն, ցածր մակարդակներում՝ տարեվերջին կազմելով 3.3 տոկոս: Միևնույն ժամանակ, տարվա ընթացքում տնտեսական աճն արագացել է՝ կազմելով 7.2%: Այս պայմաններում Կենտրոնական բանկը շարունակել է քաղաքականության տոկոսադրույքի նվազեցումը և վարել հետևողական դրամավարկային քաղաքականություն՝ նպատակաուղղված գների կայունության ապահովմանը:

Մեր ֆինանսական համակարգը շարունակել է զարգանալ առաջանցիկ տեմպերով՝ պահպանելով կայունության և ռիսկերի խելամիտ կառավարման համար անհրաժեշտ բոլոր պայմանները: Բանկային համակարգը բնութագրվել է կապիտալի և իրացվելիության բարձր մակարդակներով, ինչպես նաև ռիսկերին դիմակայելու զգալի կարողությամբ՝ դրականորեն նպաստելով ընդհանուր մակրոտնտեսական միջավայրի ձևավորմանը։ 2025 թվականին շարունակել ենք բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերի կուտակման գործընթացը՝ դրույքաչափը բարձրացնելով 0․25 տոկոսային կետով և սահմանելով 1․75% մակարդակում, ինչը ենթադրում է շուրջ 174 մլրդ դրամ լրացուցիչ կապիտալի կուտակում։

Կենտրոնական բանկը շարունակել է առաջնորդվել կարգավորման միջազգային լավագույն չափորոշիչներով և ռիսկերի վրա հիմնված վերահսկողության մոտեցումներով։ Ընդ որում՝ ռիսկերի կարգավորման մեր նախաձեռնությունները մշակելիս Կենտրոնական բանկն առավել ուշադրություն է դարձնում, որ ընդունվող լուծումները չսահմանափակեն նորարարությունը և ֆինանսական համակարգի բնականոն զարգացումը։ Ֆինանսական կազմակերպությունների վերահսկողության գործընթացում շարունակել ենք զարգացնել ռիսկերի վրա հիմնված վերահսկողական գործընթացը՝ առաջին անգամ հրապարակելով առևտրային բանկերի մասով վերահսկողական առաջնահերթությունները։

2025 թվականը նշանավորվեց նաև նրանով, որ Ազգային ժողովը Կենտրոնական բանկի խնդիրների շրջանակն ընդլայնեց՝ այն համալրելով նաև կրիպտոակտիվների շուկայի կարգավորման հանձնառությամբ: Վերջինս ներառում է տվյալ ոլորտում ներդրողների շահերի պաշտպանությունը, ինչպես նաև շուկայի բնականոն գործունեության և կայուն զարգացման համար անհրաժեշտ պայմանների ապահովումը: Ընդունված օրենսդրական փաթեթի ներքո Կենտրոնական բանկն արդեն ձեռնամուխ է եղել լայնածավալ կարգավորումների մշակման և ներդրման գործընթացին՝ ուղղված վերոնշյալ նպատակների իրագործմանը:

Նախորդ տարում ամփոփեցինք նաև վերջին երեք տարիների մեր ներքին վերափոխման ծրագիրը, որի արդյունքներով կարող ենք արձանագրել, որ էական առաջընթաց է գրանցվել Կենտրոնական բանկի կազմակերպական մշակույթի բոլոր ուղղություններով: Աշխատաշուկայի հարցումների համաձայն՝ Կենտրոնական բանկը Հայաստանի ամենացանկալի գործատուներից մեկն է, և աշխարհի լավագույն համալսարաններից հարյուրավոր ուսանողներ ցանկանում են իրենց ուսումնական պրակտիկան կազմակերպել Հայաստանի Կենտրոնական բանկում: Միևնույն ժամանակ, մենք չենք սահմանափակվելու ձեռք բերվածով և շարունակելու ենք կատարելագործել Կենտրոնական բանկի գործունեությունը՝ մեր հասարակությանը լավագույնս ծառայելու նպատակով:

Նշեմ նաև, որ վերջին տարիներին հետազոտական ոլորտում իրականացված մեր ներդրումներն արդեն սկսել են տալ տեսանելի և նշանակալի արդյունքներ: Կենտրոնական բանկի հետազոտություններն արդեն հրապարակվում են աշխարհի առաջատար տնտեսագիտական պարբերականներում, ինչպես նաև էապես ընդլայնվել է համագործակցությունն առաջադեմ ակադեմիական հաստատությունների հետ: Այս համագործակցության շրջանակում Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի J-PAL կենտրոնի հետ կնքվել է համագործակցության հուշագիր, որի արդյունքում Կենտրոնական բանկը իր սոցիալական պատասխանատվության շրջանակում Հայաստանի պետական կառույցների մասնագետների համար կազմակերպել է քաղաքականության վերլուծության ոլորտի լավագույն դասընթացներից մեկը:

Ցանկանում եմ վստահեցնել, որ Կենտրոնական բանկը, հավատարիմ մնալով իր առաքելությանն ու տեսլականին, շարունակելու է մնալ առաջադեմ կառույց և ապահովել իր առջև դրված բոլոր նպատակների իրականացումը՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների բարեկեցության:

ՀՀ ԿԲ նախագահ
Մարտին Գալստյան

Ամբողջական հաշվետվությանը կարող եք ծանոթանալ այստեղ: