Դրամավարկային քաղաքականության հաշվետվողականության զեկույց (2025 թ.)

ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը ուրախ է ներկայացնելու 2025 թվականի դրամավարկային քաղաքականության հաշվետվողականության զեկույցը, որը դրամավարկային քաղաքականության թափանցիկության և հաշվետվողականության շարունակական բարելավման հանձնառության կարևոր բաղադրիչներից է: Սույն զեկույցը ՀՀ կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության հաշվետվողականության զեկույցների շարքից առաջինն է, որոնք հրապարակվելու են յուրաքանչյուր տարվա առաջին եռամսյակի ավարտին:

ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը դրամավարկային քաղաքականության երկարաժամկետ նպատակների վերաբերյալ հայտարարության մեջ ընդգծում է հստակ և արդյունավետ հաղորդակցության, թափանցիկության և հաշվետվողականության կարևորությունը՝ կենտրոնական բանկի՝ որպես հանրային հատվածում գործող անկախ կառուցի համար: Սույն զեկույցը հանրության նկատմամբ մեր հանձնառության կարևոր բաղադրիչ է, որը նպատակաուղղված է ապահովելու, որ քաղաքականության որոշումները լինեն ավելի ընկալելի և թափանցիկ: Այս առաջնահերթությունը գների կայունության մեր հանձնառության ապահովման կարևոր հենասյուն է, որի վերջնանպատակը հասարակության բարեկեցության բարելավումն է:

Սույն զեկույցը ներկայացնում է գների կայունության նպատակի ապահովման համար Կենտրոնական բանկի կողմից իրականացված դրամավարկային քաղաքականության արդյունքները: Զեկույցն ամփոփ անդրադարձ է կատարում նախորդ տարիների տնտեսական զարգացումներին, որին հաջորդում է 2025 թվականի ընթացքում կայացված դրամավարկային քաղաքականության որոշումների մանրամասն ներկայացումը: Սա ներառում է որոշումների կայացման գործընթացում դիտարկված տարբեր տնտեսական սցենարների համապարփակ քննարկումը, ինչպես նաև Խորհրդի կողմից «նվազագույն ափսոսանքի» քաղաքականության հայեցակարգի ներքո ռիսկերի կառավարման մոտեցման արդյունքների նկարագիրը: Կարևորելով Խորհրդի անդամների անհատական հաշվետվողականության հանձնառությունը՝ զեկույցը ներկայացնում է, տարվա ընթացքում քաղաքականությանն առնչվող հարցերի շուրջ Խորհրդի յուրաքանչյուր անդամի մտածողության փոփոխությունը։ Միևնույն ժամանակ, առաջնորդվելով քաղաքականության հիմնակարգի և որոշումների կայացման գործընթացում հաղորդակցման ու թափանցիկության բարձր չափանիշների ապահովման հանձնառությամբ՝ զեկույցն անդրադառնում է 2025 թվականի ընթացքում դրամավարկային քաղաքականության մշակման և իրականացման գործընթացի վերաբերյալ հանրային հետաքրքրություն ներկայացնող և առավել հաճախ քննարկվող հարցերին:

Սույն զեկույցը կազմվել է «Կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջներին համապատասխան, համաձայն որի՝ յուրաքանչյուր տարվա առաջին եռամսյակի ընթացքում ՀՀ ԿԲ-ը պատրաստում և հրապարակում է առնվազն նախորդ 12 ամիսների ընթացքում իրականացված դրամավարկային քաղաքականության արդյունքները:

Սույն զեկույցը կազմվել է Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության վարչության թիմի կողմից՝ ՀՀ ԿԲ Խորհրդի առաջնորդությամբ: Քանի որ դրամավարկային քաղաքականության որոշումների ազդեցությունը տնտեսության վրա դրսևորվում է ժամանակային լագով, սույն զեկույցն ամփոփում է քաղաքականության՝ առանց ապագայի իմացության (ex-ante) գնահատումը: Դա հնարավորություն է տալիս հասկանալու, թե քաղաքականություն իրականացնող մարմինները, ժամանակի սահմանված պահին, ինչպես և ինչու են կայացրել իրենց որոշումները:

ՀՀ ԿԲ խորհուրդը հաստատում է սույն զեկույցում ներկայացված եզրահանգումները՝ ընդգծելով տնտեսական անորոշությունների պայմաններում առկա մարտահրավերներից բխող ռիսկերի կառավարմանն ուղղված քաղաքականության արձագանքի վերաբերյալ քննարկումները:

ՀՀ ԿԲ խորհուրդը վերահաստատում է իր հանձնառությունը բարձր թափանցիկության և հաշվետվողականության առաջնահերթությունների պահպանման ու ամրապնդման գործընթացում և հաստատում իր հետևողականությունը` գների կայունության նպատակի ապահովման հարցում: