Դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվություն (2025 թվականի 1-ին եռամսյակ - 2025 թվականի 4-րդ եռամսյակ)

2025 թվականի 1-ին եռամսյակից մինչև 2025 թվականի 4-րդ եռամսյակը ներառյալ ժամանակահատվածում ՀՀ-ում 12-ամսյա գնաճն աստիճանաբար արագացել է՝ տարեվերջին ձևավորվելով թիրախային մակարդակի շուրջ: 2025 թվականի ընթացքում գնաճի արագացմանը հիմնականում նպաստել են hամաշխարհային տնտեսությունից, հատկապես ներմուծվող պարենային ապրանքների մասով փոխանցվող գնաճային ճնշումները, որոնք տարեվերջին որոշակիորեն մեղմվել են, ինչպես նաև տեղական պարենային ապրանքների գների աճը՝ մեծապես պայմանավորված մակնիշավորման գործընթացի ներդրմամբ: Միևնույն ժամանակ, ներմուծվող ոչ պարենային ապրանքներից եկող գնանկումային ճնշումները 2025 թվականի ընթացքում աստիճանաբար չեզոքացել են՝ մայիսից մտնելով թույլ գնաճային տիրույթ: Այնուամենայնիվ, բնականոն գնաճի արագացումը, հատկապես չորրորդ եռամսյակի ընթացքում, վկայում է պահանջարկի պայմանների ընդլայնման մասին։

Հաշվետու ժամանակահատվածում, ընդհանուր առմամբ, շարունակվել են համախառն պահանջարկի կարգավորման և աշխատաշուկայում անհաշվեկշռվածության թուլացման գործընթացները՝ արտահայտվելով աշխատավարձերի աճի դանդաղմամբ և կոշտ գներով բնութագրվող ծառայությունների գնաճի՝ թիրախից փոքր-ինչ ցածր մակարդակում կայունացմամբ։ Այս պայմաններում գնաճային սպասումները շարունակել են կայուն նվազել՝ մոտենալով թիրախային մակարդակին: 2025 թ., ստեղծված իրավիճակում, ԿԲ-ն շարունակել է աստիճանաբար կարգավորել դրամավարկային պայմանները՝ նվազեցնելով քաղաքականության տոկոսադրույքը, ընդհանուր առմամբ, 0.5 տոկոսային կետով:

Արդյունքում՝ դրամավարկային քաղաքականության աստիճանական նորմալացման և արտաքին հատվածից փոխանցվող ազդեցությունների պայմաններում 12-ամսյա գնաճն ավելացել է՝ 2025 թ. սկզբի 1.5%-ից դեկտեմբերին հասնելով 3.3%-ի: Նշված ժամանակահատվածում 12-ամսյա բնականոն գնաճը ևս արագացել է՝ տարեսկզբի 0.9%-ից դեկտեմբերին հասնելով 4.3%-ի:

Դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվություն (2025 թվականի 1-ին եռամսյակ - 2025 թվականի 4-րդ եռամսյակ)