Դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվություն (2024 թվականի 4-րդ եռամսյակ - 2025 թվականի 3-րդ եռամսյակ)
2024 թվականի 4-րդ եռամսյակից մինչև 2025 թվականի 3-րդ եռամսյակը ներառյալ ժամանակահատվածում ՀՀ-ում 12-ամսյա գնաճն արագացել է՝ աստիճանաբար մոտենալով և կայունանալով թիրախային մակարդակի շուրջ: Գնաճի արագացմանը հիմնականում նպաստել են արտաքին հատվածից փոխանցված գնաճային ազդեցությունները և, ՀՀ ԿԲ-ի կողմից դրամավարկային պայմանների աստիճանական կարգավորմանը զուգահեռ, ներքին պահանջարկի որոշակի ընդլայնումը: 2025 թ. երկրորդ եռամսյակում գնաճի արագացմանը նպաստել են նաև ներքին տնտեսությունում առաջարկի որոշ կարճաժամկետ գործոններ, որոնց ազդեցությունն արդեն երրորդ եռամսյակի վերջում մեծ մասամբ չեզոքացել է:
Հաշվետու ժամանակահատվածում դիտվել են համախառն պահանջարկի աստիճանական կարգավորում և աշխատաշուկայում լարվածության թուլացում, ինչը հանգեցրել է աշխատավարձերի աճի և կոշտ գներով բնութագրվող ծառայությունների գնաճի դանդաղման։ Այս պայմաններում գնաճային սպասումները շարունակել են աստիճանաբար նվազել և կայունանալ թիրախային մակարդակի շուրջ: Ստեղծված իրավիճակում, 2024 թ. չորրորդ և 2025 թ. առաջին եռամսյակներում, ԿԲ-ն շարունակել է աստիճանաբար կարգավորել դրամավարկային պայմանները՝ նվազեցնելով քաղաքականության տոկոսադրույքը, ընդհանուր առմամբ, 0.75 տոկոսային կետով: Այնուհետև, մարտ-սեպտեմբեր ժամանակահատվածում, հաշվի առնելով Ա տիպի ռիսկերի աստիճանական ավելացումն ու կարևորելով դրանցից բխող մակրոտնտեսական ազդեցությունների կառավարման անհրաժեշտությունը, ԿԲ-ն քաղաքականության տոկոսադրույքը թողել է անփոփոխ՝ հաղորդակցելով միջնաժամկետում ֆինանսական շուկայի սպասումների համեմատությամբ ավելի բարձր տոկոսադրույքի ուղու ապահովման անհրաժեշտությունը:
Արդյունքում՝ հաշվետու և դրան նախորդող ժամանակաշրջանում ԿԲ վարած դրամավարկային քաղաքականության և արտաքին հատվածից փոխանցվող ազդեցությունների պայմաններում 12-ամսյա գնաճն ավելացել է՝ 2024 թ. սեպտեմբերի 0.6%-ից 2025 թ. սեպտեմբերին հասնելով 3.7%-ի: Նշված ժամանակահատվածում 12-ամսյա բնականոն գնաճը ևս ավելացել է՝ 2025 թ․ սեպտեմբերին կազմելով 3.5%: