Դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվություն (2024 թվականի 3-րդ եռամսյակ - 2025 թվականի 2-րդ եռամսյակ)

2024 թվականի 3-րդ եռամսյակից մինչև 2025 թվականի 2-րդ եռամսյակը ներառյալ ժամանակահատվածում ՀՀ-ում գնաճային միջավայրն ընդլայնվել է. 12-ամսյա գնաճն այդ ընթացքում արագացել է՝ մոտենալով թիրախային մակարդակին, ինչին հիմնականում նպաստել են արտաքին հատվածից փոխանցված գնաճային ազդեցությունները և, ՀՀ ԿԲ-ի կողմից դրամավարկային պայմանների աստիճանական թուլացմանը զուգահեռ, ներքին պահանջարկի որոշակի ընդլայնումը: 2025 թ. երկրորդ եռամսյակում գնաճի արագացմանը նպաստել են նաև առաջարկի որոշ կարճաժամկետ գործոններ:

 Հաշվետու ժամանակահատվածում դիտվել են համախառն պահանջարկի աստիճանական կարգավորում և աշխատաշուկայում լարվածության թուլացում, ինչը հանգեցրել է աշխատավարձերի աճի և կոշտ գներով բնութագրվող ծառայությունների գնաճի դանդաղմանը, ինչպես նաև գնաճային սպասումների նվազմանը՝ դիտարկվող ժամանակահատվածի վերջում ձևավորվելով թիրախային մակարդակի շուրջ: Ստեղծված իրավիճակում, 2024 թ. երկրորդ կեսից մինչև 2025 թ. մարտ ամիսը, ԿԲ-ն շարունակել է աստիճանաբար թուլացնել դրամավարկային պայմանները՝ նվազեցնելով քաղաքականության տոկոսադրույքը, ընդհանուր առմամբ, 1.25 տոկոսային կետով: Այնուհետև, մարտ-հունիս ժամանակահատվածում, հաշվի առնելով առավելապես գնաճային Ա տիպի ռիսկերի ավելացումն ու կարևորելով դրանցից բխող մակրոտնտեսական ազդեցությունների կառավարման անհրաժեշտությունը, ԿԲ-ն քաղաքականության տոկոսադրույքը թողել է անփոփոխ:

Արդյունքում՝ հաշվետու և դրան նախորդող ժամանակաշրջանում ԿԲ վարած դրամավարկային քաղաքականության և արտաքին հատվածից փոխանցվող ազդեցությունների պայմաններում 12-ամսյա գնաճն ավելացել է՝ 2024 թ. հունիսի 0.8%-ից 2025 թ. հունիսին հասնելով 3.9%-ի: Նշված ժամանակահատվածում 12-ամսյա բնականոն գնաճը ևս ավելացել է՝ 2025 թ․ հունիսին կազմելով 3.1%:

Դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվություն