Հայաստանի Հանրապետության հուշադրամներ-2024

Հարգելի՛ ընթերցող

 2024 թ․ հարուստ էր հայկական և միջազգային մշակույթը ներկայացնող հիշարժան իրադարձություններով, ինչպես նաև ականավոր գործիչների հոբելյանական տարեդարձերով:

Տարվա սկզբից Հայաստանում և Ֆրանսիայում մեկնարկել էին ֆրանսահայ աշխարհահռչակ երգիչ և բարերար, հայ ժողովրդի մեծ բարեկամ Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները։ ՀՀ կենտրոնական բանկն անմասն չի մնացել այդ միջոցառումներին մասնակցությունից. թողարկվել են երեք տեսակի ոսկե և երկու տեսակի արծաթե հուշադրամներ՝ ի պատիվ Շառլ Ազնավուրի: Թեև թողարկված հուշադրամների քանակը սահմանափակ է եղել, հայ և միջազգային հանրության սպասելիքներն արդարացվել են թողարկումների լայն տեսականու շնորհիվ. ներքին դրամագիտական շուկայում հուշադրամների սպառման ժամկետները գրանցել են ռեկորդային ցուցանիշներ, իսկ արտասահմանում ձևավորվել է կայուն պահանջարկ։ Մեկ այլ հանրահայտ ֆրանսահայ գործչի՝ 20-րդ դարի եվրոպական կերպարվեստը ներկայացնող խոշորագույն փորագրանկարիչ Էդգար Շահինի ծննդյան 150-ամյակը ևս նշանավորվել է հուշադրամի թողարկմամբ։

2024 թ․ միջազգային հրապարակայնություն է ստացել կինոռեժիսոր և կոլաժի մեծ վարպետ Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի հիշատակումը։ Այն նշվել է Հայաստանի տարբեր մշակութային կենտրոններում ինքնատիպ միջոցառումներով և ոսկե հուշադրամի թողարկմամբ։ Հարկ է ընդգծել, որ Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի հոբելյանական տարեդարձերն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թթ. օրացույցում:

Հայկական գրական և մշակութային կյանքի հիշարժան իրադարձություններից էին մեծանուն բանաստեղծ Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակին և տաղանդավոր նկարիչ, արձանագործ, Երևան քաղաքը խորհրդանշող հուշարձանների հեղինակ Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակին նվիրված միջոցառումները: Այդ առիթներով թողարկված հուշադրամները ՀՀ կենտրոնական բանկը ներկայացրել է Պարույր Սևակի տուն-թանգարանում՝ Արարատի մարզի Զանգակատուն գյուղում, և Երևանում՝ Երվանդ Քոչարի թանգարանում։ «Երվանդ Քոչար-125» հուշադրամ թողարկելու և բազմաշնորհ արվեստագետի գործունեության հանրահռչակմանը նպաստելու համար ՀՀ կենտրոնական բանկը Երվանդ Քոչարի ընտանիքի և թանգարանի կողմից ստացել է շնորհակալագիր, ինչը չափազանց բարձր է գնահատում:

Երաժշտասեր հանրության համար մեծ իրադարձություն էր օպերային արվեստի մեծավաստակ երգչուհի Գոհար Գասպարյանի ծննդյան 100-ամյակի նշանավորումը՝ երգչուհուն նվիրված համերգներով, ցուցահանդեսներով, հուշադրամի թողարկումով, բազմաթիվ այլ միջոցառումներով։ Հատկանշական է, որ Գոհար Գասպարյանին նվիրված հուշադրամն առաջինն է ՀՀ կենտրոնական բանկի թողարկումներից, որ նվիրված է և պատկերում է ականավոր կին գործչի։

Տարվա ուշագրավ պատմական հոբելյաններից էր Հայաստանի ամենահին բարձրագույն ուսումնական հաստատության՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հիմնադրման 150-րդ տարեդարձը։ Այդ առիթով ՀՀ կենտրոնական բանկը հանդես է եկել հուշադրամի թողարկմամբ, որով կարևորել է ճեմարանի դերն ու նշանակությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, հայկական մշակույթի, գիտության և կրթության պատմության մեջ։

Միջազգային դրամագիտական ծրագրի ներքո իրականացվել է Եվրասիական տնտեսական միության հիմնադրման հոբելյանական տարեդարձին նվիրված «ԵԱՏՄ-10» հուշադրամի թողարկումը։ Ծրագրին ավանդաբար մասնակցել են ԵԱՏՄ բոլոր անդամ երկրները։

Ինչպես նախորդ տարիներին, 2024 թ. ևս ՀՀ կենտրոնական բանկը մասնակցել է «Դրամների համաստեղություն-2024» 18-րդ դրամագիտական միջազգային մրցույթին և ներկայացրել նախորդ տարվա թողարկումները: «Արարատ-73-ի ոսկե դուբլի 50-ամյակ» արծաթե հուշադրամը արժանացել է «Հանդիսատեսի համակրանք» մրցանակի, իսկ ՀՀ դրամի ներդրման 30-ամյակի կապակցությամբ թողարկված 500 դրամ անվանական արժեքով շրջանառու հիշատակային մետաղադրամը զբաղեցրել է 3-րդ տեղը «Լավագույն շրջանառու մետաղադրամ» անվանակարգում:

Լիահույս եմ, որ ՀՀ կենտրոնական բանկի 2024 թ. թողարկումները ևս ըստ արժանվույն կգնահատվեն աշխարհի դրամագետների, հավաքորդների և հանրության լայն շրջանակի կողմից:

 

Մարտին Գալստյան

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ